Հանրային իշխանության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից մարդկանց գաղտնի կերպով արված լուսանկարների հրապարակումը չի կարող իրավաչափ լինել՝ անկախ հրապարակման նպատակից։ Այս երևույթը ՀՀ Սահմանադրության 31 և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված անձնական կյանքի իրավունքի նկատմամբ կոպիտ միջամտություն է։ Ընդ որում՝ վարչապետը չի կարող պնդել, որ դա անում է որպես մասնավոր անձ, քանի որ իր կողմից սկսված այս ֆլեշ-մոբի ընթացքում տալիս է հստակ ու հրապարակային հանձնարարականներ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին։ Ավելին՝ վարչապետը չի կարող հղում կատարել նույն 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությանը, քանի որ իր որևէ պաշտոնեական լիազորությամբ նման գործառույթ իրեն վերապահված չէ և չկա նման միջամտություն նկարագրող նորմատիվ իրավական ակտ՝ օրենքի տեսքով։