Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ այն ընդգրկված է «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել է Հայաստանում և Արցախում։
Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films) ։
Հայաստանում կինոյի պատասխանատուների և կինոարտադրողների շնորհիվ համատեղ արտադրությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթական ու ապագայի խոստումնալից ծիլերը։
Կինոնկարի հաջողությունը մեծապես պայմանվորված է ֆիլմի ռեժիսորի և աշխատանքային թիմի՝ երկար տարիների շարունակական ու համառ աշխատանքով։
Թեև «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում:
Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր:
Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։
Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Հիշեցնենք, որ նախօրեին Կաննի կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը, որում ընդգրկված է 56 կինոժապավեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է ասուլիսի ժամանակ։
73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է, մասնավորապես, ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառ», ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի կարգավար», Նաոմի Կավասի «Իրական մայրեր» և այլ ֆիլմեր, որոնք ստեղծվել են այս տարի։ Փառատոնի գլխավոր տնօրեն Թերրի Ֆրեմոն հայտարարել է, որ Կաննի կինոփառատոնի փորձագետները պաշտոնական ծրագրերի համար 56 ֆիլմն ընտրել են 2067 ֆիլմից։
«Ընտրական հանձնաժողովը դիտել է 2067 ֆիլմ 2020 թվականի փառատոնի ծրագիրը կազմելու համար։ Սա ավելին է, քան նախորդ տարիներին»,- ասել է նա։
Ֆրեմոն հիշեցրել է, որ համավարակի պատճառով չեն կարողացել այս տարի կազմակերպել փառատոնը նախկինում որոշված ժամկետում՝ մայիսի 12-23-ը։ Փառատոնն իր ողջ ընթացքում միայն մեկ անգամ էր չեղարկվել 1939 թվականին։ Որոշվել է այս տարի փառատոնն անցկացնել այլ ձևով։
kinoart.ru-ն գրում է, որ հայտարարելով ծրագիրը, փառատոնի կազմակերպիչները հույս ունեն աջակցել այդ ֆիլմերին ապագայում՝ վարձույթի ժամանակ. դիստրիբյուտորները կկարողանան օգտագործել Կաննի փառատոնի ծրագրում ընդգրկված լինելու փաստը: Հետագայում այս ժապավենները կկարողանան մասնակցել այլ փառատոների։