Այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին, ասաց, որ իշխանությունները այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա և սա արել են օրենքի տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությունում:
«Երկրորդ արձանագրումն այն է, որ Սահմանադրական դատարանը ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր պահանջ է դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք մեր սահմանադրական պարտավորությունների շրջանակում այս հարցը հանգուցալուծել»,-ասաց նա և նշեց, որ այս կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որպեսզի այս խնդիրները հանգուցալուծում ստանան:
Լիլիթ Մակունցն ասաց, որ արտահերթ նիստի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստում, նախագծի հեղինակը կներկայացնի այն շեշտադրումները, որոնք դրել է այդ նախագծի առանցքում: Նա զերծ մնաց բովանդակային մեկնաբանություններից և նշեց, որ քննարկումները կիրականացնեն ԱԺ նիստերին:
«Նպատակը միայն մեկն է, որպեսզի մենք շուտափույթ լուծենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը նշեց, որր Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր:
«Խոսում է խրամատներից, ինչը արդեն իսկ քաղաքական տեքստ է: Վերջերս Հ1-ի ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն էր հրապարակել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան: Հաջորդը, որ Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչը այդպես չէ, սա նշանակում է, որ փորձ է արվում ուզուրպացնել դատական իշխանությունը: Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանությունների ջանքերի`չթողնել, որ խորանա ճգնաժամը Սահմանադրական դատարանի շուրջ, տեղի է ունեցել հենց հակառակը դատարանի կողմից: Վերջին հարցման համաձայն՝ մարդկանց 90,5 տոկոսը մեզանից երկու ուղղությամբ ակնկալում է շատ կտրուկ և հետևողական փոփոխություններ, մեկը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, երկրորդը` դատական իշխանության բարեփոխումներին»,-ասաց նա: