Երթևեկության ընթացքում, երբ վարորդը հեռուն չի նայում և մեխանիկորեն կրկնօրինակում է դիմացից ընթացքղ մեքենային՝ հաշվի չառնելով իր մեքենայի առանձնահատկություններն ու տեխնիկական բնութագիրը, ի վերջո վթարի է ենթարկվում։ Նոր կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանը նմանվել է այն մեքենային, որի վարորդն իր քթից այն կողմ չի տեսնում, իր մեքենայի մասին էլ անգամ տարրական գիտելիքներ չունի։ Վիրուսի ախտորոշումների օրեցօր ահագնացող թվերը հուշում են, որ արդեն վթարային իրավիճակում ենք։ Այս պահին ճիշտ և արագ կողմնորոշումից է կախված, թե ինչ ուժգնությամբ կլինի բախումը և ինչ կորուստներով դուրս կգանք իրավիճակից, կամ դուրս կգանք արդյոք։ Իսկ մեր պատկան մարմինները, փոխանակ գործի դնեն մտածելու համար նախատեսված օրգանը և մեր իրավիճակին համապատասխան լուծում գտնեն, շարունակում են դեսուդեն նայել՝ հասկանալու, թե ումից ինչը կարող են կրկնօրինակել։
Օրեր առաջ «Անկախն» անդրադարձել էր համավարակի դասերին գիտական քաղաքականության տեսանկյունից՝ արձանագրելով, որ դարձել ենք սպառող հասարակություն․ ինքնուրույն ոչինչ չենք ստեղծում և մեզ անգամ նեղություն չենք տալիս մտածել մեզ հանդիպած խնդիրների լուծման ուղղությամբ։ Մենք սպասում ենք պատրաստի լուծումների․ ուրիշներն իրենց փորձի հիման վրա խնդրի լուծման բանաձև կմշակեն, մենք էլ կվերցնենք ու կկիրառենք։ Ցավոք, այս մոտեցումը նոր չէ։ Հայաստանի անկախացումից ի վեր ընկել ենք անհաջող կրկնօրինակումների հորձանուտը և ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ։
Եթե դպրոցում կամ բուհում ինչ-որ բան արտագրել եք ձեր դասընկերոջից, ապա գիտեք՝ անգամ արտագրելիս թեմային քիչ թե շատ պիտի տիրապետեք, որպեսզի կարողանաք ուրիշի ստեղծածը կրկնօրինակելիս դրանք Ձեր անհատակությունը հաղորդեք։ Այլապես ուսուցիչը կամ դասախոսն անմիջապես կնկատի անհաջող արտագրությունը և անբավարարը պատրաստ է։
Գրեթե 30 տարի պետական մակարդակով ուրիշների հաջողված փորձն անհաջող կրկօրինակելով ենք զբաղված՝ այդպես էլ չհասկանալով՝ ինչու կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չէ, ինչու միջազգային հավանություն ունեցող օրենքը չի գործում, ինչու ավագ դպրոցը չկայացավ, ինչու կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողվեց։ Իսկ գլխավոր պատճառն այն է, որ հաշվի չենք առնում հայաստանյան առանձնահատկությունները։
Երբ աշխարհն իմացավ կորոնավիրուսի մասին, այդ լուրը մեր պատասխանատու մարմինների «ականջի կողքով անցավ», այն համարեցին ոչ վտանգավոր վիրուս։ Երբ վիրուսը Հայաստան հասավ, էլի բանի տեղ չդրեցինք՝ հայտարարելով, թե «կորոնավիրուսն ում շունն է»։ Երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համավարակ հայտարարեց, այլոց պատած տագնապը քիչ-քիչ նաև մեզ հասավ։ Դասի ժամին ննջած և ուսուցչի կանչից զգոնացած աշակերտի նման, առանց հասկանալու, թե ինչ և ինչու է տեղի ունենում, սկսեցինք առերևույթ կրկնել այն, ինչ ուրիշներն էին անում։ Նախ, երկու ամսով թթվածնից զրկեցինք մեր տնտեսությանը, որն առանց դրա էլ հազիվ էր շնչում։ Ցավալին այն է, որ այդ երկու ամիսների ընթացքում ոչ քայլեր ձեռնարկվեցին կարանտինն իրականում ապահովելու համար, ոչ էլ առողջապահական համակարգը կարողացավ նախապատրաստվել հնարավոր զարգացումներին։ Արդյունքում ունեցանք զուր կորցրած երկու ամիս և հսկայական պարտքեր կուտակած քաղաքացիներ, որոնք հանկարծ եթե նոր կորոնավիրուսով վարակվեն և տնային պայմաններում որևէ բուժման կամ զուժննման կարիք ունենան, սուս-փուս մեռնելու են, քանի որ էլ նոր պարտք կուտակելու տեղ չունեն։
Եվրոպական երկրները համավարակի դեմ պայքարում հույս են դնում իրենց քաղաքացիների քաղաքացիական բարձր գիտակցության և պատասխանատվության զգացման վրա, ասիական երկրներն էլ հույս են դնում իրենց քաղաքացիների կարգապահության վրա։ Մայիսի 4-ից մենք էլ ենք նույն հույսով մնացել՝ հաշվի չառնելով, որ հանրային լայն մակարդակում ոչ մեկն ունենք, ոչ մյուսը։ Իսկ ինչպես հայտնի է, «մեկ ծաղկով գարուն չի գա» և հատուկենտ իրավագիտակից քաղաքացիները որակական արդյունք չեն կարող ապահովել այս իրավիճակում։
Հաջորդ եվրոպական ընդօրինակումը․ առանց ախտանշանների կամ թույլ ախտանշաններով հիվանդներին, որոնք բուժման կարիք չունեն, տուն են ուղարկում՝ պահանջելով մեկուսանալ տանը։ Եվ սա Հայաստանում, որտեղ 2 սենյականոց բնակարանում կարող են 5-6 հոգով ապրել՝ երեխաներից սկսած մինչև տարեցներ։ Հետաքրքիր է, փոքրիկ բնակարանում ապրող անձն ինչպե՞ս մեկուսացնի իրեն երեխաներից ու ծնողներից։
Մեկ այլ կրկնօրինակում՝ նոր կորոնավիրուսով թեթև հիվանդներով կզբաղվեն պոլիկլինիկաները։ Այն պոլիկլինիկաները, որտեղ սովորական պայմաններում ժամերով հերթ ես կանգնում ընտանեկան բժշկիդ մոտ մտնելու համար և անկախ դժգոհությունից ու խնդրից դուրս ես գալիս դեղատոմսով, որի վրա գրված է՝ Իբուպրոֆեն և երիցուկով ողողում (թող ներեն հատուկենտ բանիմաց ընտանեկան բժիշկները, որոնք բարեխիղճ են աշխատում)։ Նման ծանրաբեռնվածությամբ աշխատող և նման «բարձր» մասնագիտական որակ ունեցող ընտանեկան բժիշկները պիտի սպասարկեն նոր կորոնավիրուսով հազարավոր վարակակիրների։ Արդյունքում մամուլում օրեցօր ավելանում են մարդկային պատմությունները, որոնք իրենց տեղամասային բժշկից որևէ բուժօգնություն չեն կարողանում ստանալ։
Այս ամենից հետո հարց է առաջանում․ հաջորդն ո՞ւմը և ի՞նչ ենք ընդօրինակելու։ Սարսափով սպասենք մեր իշխանավորների մտքի նոր փայլատակումներին։