f

Անկախ

«Նրանք սոսկ անուններ չէին ցուցակում. նրանք մենք էինք»


Մայիսի 24-ին  ամերիկյան The New York Times (NYT) թերթն իր կիրակնօրյա համարի առաջին էջում հոդվածների, լուսանկարների կամ գծանկարների փոխարեն  հրապարակեց Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացած անձանց հազարավոր անուններ: Հրապարակումը վերնագրված էր՝ «Զոհերի թիվը ԱՄՆ-ում մոտենում է 100 000-ի, անհաշվելի կորուստ»: Իսկ ենթավերնագրում գրված էր՝ «Նրանք պարզապես անուններ չէին ցուցակում: Նրանք մենք էինք»:

Ցուցակը կազմելու համար թերթի աշխատակիցներն ուսումնասիրել են Նահանգների տարբեր քաղաքների հայուրավոր լրատվամիջոցներ: Բացի անուններից, ցուցակում համառոտ նշվում են մարդու բնութագիրը, տարիքը, բնակության վայրը, գործունեության տեսակը: NYT-ի խմբագիրներից Մարկ Լեյսին գրել է՝ ուզում է, որ 100 տարի անց մարդիկ տեսնեն այս ցուցակը և հասկանան, թե ինչ կորուստ ենք ունեցել: Իսկ թերթի ձևավորման պատասխանատու  Թոմ Բոդկինը շեշտել է, որ վերջին 40 տարվա ընթացքում երբեք չի եղել, որ թերթի առաջին էջին չզետեղվի որևէ պատկեր:

NYT-ի հրապարակումը, ի դեպ, հաջորդել էր մի քանի օր առաջ՝ մայիսի 21-ին տեղի ունեցած 24-ժամյա «Բարձրաձայնել մահացածների անունները» (#namingthelost) առցանց սգո «արարողությանը», որը կազմակերպել էին կորոնավիրուսի զոհերի մի խումբ հարազատներ:

Հիմա Միացյալ Նահանգներից գանք Հայաստան: Երեկ ֆեյսբուքյան «Զնդան» էջը տարածեց մեզանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների 132 անուն բովանդակող ցուցակը, որը տարօրինակ արձագանք ունեցավ: Առնվազն տարօրինակ:

Պարզվեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահներին, և այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Փաստորեն մեզանում մահացող մարդու անունը հայտնելը քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է: Մարդիկ կարող են մահանալ, բայց մենք չպետք է իմանանք, թե ով է մահացել: Մեզ միայն մնում է պաշտոնական վիճակագրությունը՝ այսքան կին, այսքան տղամարդ:  Թե ովքեր, անհայտ է: Երևակայական:

«Համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաև մահացածների հարազատներին»,- գրել է ֆեյսբուքում Ազգային ժողովում ընդդիմադիր համարվող  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը և կարծում, որ «տվյալների այս արտահոսքը  պարետատան բացթողնման ուղղակի հետևանքն է»։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես հանդես եկավ տվյալ իրողությունը դատապարտող խոսքով՝ կատարվածը համարելով կա՛մ հաքերային հարձակում, կա՛մ ներքին սաբոտաժ։

Նախ հասկանանք, թե ինչն է հանցանք կամ օրինազանցություն: Եթե հիշյալ ցուցակը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով և հրապարակվել է առանց թույլտվության, ապա դա մի հարց  և, իհարկե, դատապարտելի: Սակայն դատապարտողները, ինչպես տեսնում ենք, հանցանք են համարում առհասարակ մահացած մարդու անունը հայտնելը և դա անում են օրենքի անունից, թեպետ որոշակի հղում չեն անում, թե որ օրենքի որ հոդվածի ուժով: Մենք մանրամասն զննեցինք ՀՀ քրեական օրենսգիրքը, սակայն նման դրույթ չգտանք: Այնտեղ կա դրույթ մարդու հիվանդությանը, ֆիզիկական, հոգեկան կամ այլ առանձնահատկություններին վերաբերող տեղեկություններ հրապարակելու անթույլատրելիության մասին, բայց ոչ մահացած մարդու ինքնության:

Այսպես թե այնպես, հարց է առաջանում: Այսօր ամենուրեք կգտնենք այս կամ այն պատերազմում, այս կամ այն ահաբեկչության կամ տարերային աղետի հետևանքով զոհված մարդկանց անունների ցուցակներ: Ինչպե՞ս է, որ դրանք քրեական հետաքննության նյութ չեն դառնում: Հաճախակի, ցավոք, կարդում ենք մահախոսականներ՝ հանգուցյալի կենսագրության մանրամասն տվյալներով կամ տեղեկություն առաջնագծում թշնամու գնդակից զոհված զինվորի մասին: Երբ, ավաղ, ինքնաթիռ է կործանվում, անմիջապես հրապարակվում է տվյալ ինքնաթիռի ուղևորների, այսինքն՝ աղետի հետևանքով զոհվածների ցուցակը: Դրանք ի՞նչ են, «բարոյական հարվա՞ծ» նրանց հարազատներին, ինչպես կասեր Էդմոն Մարուքյանը, նման հրապարակումներից առաջ նրանց հարազատներից թույլտվությո՞ւն է ստացվում: Եվ եթե բարոյական հարված է, ապա որոշակի՝ կորոնավիրուսի համավարակի դեպքում ովքե՞ր են դրա կրողները, հանգուցյալների հարազատնե՞րը, որոնք սգի մեջ են այսօր, թե՞ իշխանավորները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով է այսքան մեծացել այդ ողբալի ցուցակը:

Վերջապես, ինչպե՞ս է, որ կորոնավիրուսից մահացածների մասին տվյալների հրապարակումը Միացյալ Նահանգներում բնական երևույթ է համարվում, իսկ Հայաստանում՝ դատապարտելի: Չէ՞ որ սա համամարդկային խնդիր է, վերաբերում է մարդուն, լինի նա ԱՄՆ-ի, Հայաստանի թե մի այլ երկրի քաղաքացի:  Սա մի հարց է, որի հստակ պարզաբանման կարիքն ունի Հայաստանի քաղաքացին:

Եվ The New York Times-ի պես հայկական լրատվամիջոցներն էլ իրավունք ունեն գրելու, որ երեկ հրապարակված ցուցակում սոսկ անուններ չէին, այլ որոշակի մարդիկ, որոնք արժանի են անուն առ անուն հիշվելու, մարդիկ, որոնք կարող էին այսօր մեզ հետ լինել, եթե նրանց կյանքը չընդհատեր այդ չարաբաստիկ կորոնավիրուսը: Նրանք մենք էինք:   

Անահիտ Հարությունյան

 

Հասարակություն 2019-nCoV կորոնավիրուս մահացածների ցուցակ խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին