Հանրաքվեն չեղարկելու ճանապարհն այն է, որ Ազգային ժողովն ինքն իր որոշումը հետ կանչի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իրավաբաններ կան, որ ասում են՝ հնարավոր չէ հետ կանչել, բայց այս օրենքը որ ընդունվեց, արդեն հնարավոր է հետ կանչել: Ես կարծում եմ, որ կեղծ օրակարգ է: Մենք այսօր ունենք հարյուրավոր վարակակիրներ, տասից ավելի մահեր, դուք ինձ հանրաքվեի մասին հարց եք տալիս: Ի՞նչ հանրաքվե: Իշխանությունը էդ օրակարգերով է զբաղված, դրա համար ենք էս օրն ընկել»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ համաձայն է, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը պետք է ունենա, որ հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից:
«Ես չգիտեմ մարդ, որ ուզում է վարակվել կորոնավիրուսով: Թերահավատ լինելը չի նշանակում, որ մարդն ուզում է վարակվի: Իսկ ինչու է թերահավատ, միգուցե լսել է Արսեն Թորոսյանին եւ վարչապետին մարտին եւ մինչեւ հիմա շարունակում է չհավատալ: Մենք մարտին ասում էինք, որ սա լուրջ է, պետք է հետաձգել հանրաքվեն, Արցախի ընտրությունները, պետք է փակել սա, փակել նա: Իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նորից կարանտին մտցնելուն, Մարուքյանն ասաց, որ այդ դեպքում՝ պետք է մարդկանց փող տան ապրելու. «Մեր այդ առաջարկը մերժելուց հետո տնտեսությունը բացվել է, որ մարդկանց փող չտան, որ ասեն՝ գնացեք աշխատեք, ապրենք: Դա էլ բերեց այս հետեւանքը»:
Մարուքյանը նկատեց, որ ի տարբերություն մարտին արված հայտարարությունների, հիմա վարչապետի եւ առողջապահության նախարարի հայտարարությունները լուրջ են. «Բանը բանից անցել է, ոնց կարող է հիմա լուրջ չլինի: Բայց հիմա էլ տեսնում եմ, որ մարդիկ ասածը չեն ընկալում, չեն ընդունում»:
Նա հավելեց, որ պետք է քայլեր արվեն նաեւ մարզերում. «Օրինակ ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա» ֆաբրիկայի համար ավտոբուսներ ավելացվեն: Օրինակ, ես գիտեմ, որ մոտ երկու շաբաթ առաջ քեֆ էին արել, նկարը տեսել եմ: Այսինքն մի կողմից մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են՝ ժողովուրդ, դուք ոնց որ լավ չնստեցիք ավտոբուս: Սրանք սխալ ուղերձներ են: Երբ որ մարդիկ տեսնում են, որ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում: Ո՞վ է գնացել այդ գործարան ու հարցրել՝ կարո՞զ է պետք է ավտոբուսներն ավելացնել, ոչ ոք: