ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան հայտարարել է, որ կորոնավիրուսը երկրում դեռևս չի նահանջել, և վարակվածության համաճարակը շարունակվում է: Գրում է Gazeta.ru-ն։
Լի Կեցյանի խոսքերով՝ COVID-19- ը դեռևս գրոհում է ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի դեմ:
«Երկրում համաճարակը դեռևս չի ավարտվել: Նախկինի պես վարակի նոր դեպքեր կան», - հավելել է նա:
Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել զգոն և զգույշ մնալ, որպեսզի թույլ չտան վիրուսի կրկնակի բռնկումներ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,6 միլիոնը։