Այսօր՝ մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: 1918 թվականի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։
Այցելում են հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու այն հերոսների հիշատակին, որոնք մեզ պարգևեցին անկախության շունչն ու ոգին:
1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը թուրքերը մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:
1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ:
Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. "Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու": Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:
Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:
1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված "Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:
Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:
Դարեր շարունակ Հայաստանը չէր ունեցել պետականություն: Պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: