f

Անկախ

Այդ «ոչինչը» դուք եք


Մայիսի 22-ին տեղեկություն տարածվեց, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արցախում հայտնի խնջույքից հետո, նորընտիր նախագահի տիկնոջ ուղեկցությամբ, հասցրել է հավաքել Արցախի ակտիվ կանանց, ներկայացրել է իր  «Կանայք հանուն խաղաղության» արշավի «զարգացումներն ու ապագա ծրագրերը», իսկ հյուրընկալ արցախցի կանայք էլ, անհավատալի է, ողջունել ու ծափահարել են նրան։  

Հիշենք: Աննա Հակոբյանը 2018 թ. մի գեղեցիկ ամառային օր՝ հուլիսի24-ին, մեկնեց Մոսկվա, իր շուրջը հավաքեց մի քանի ռուս կանանց և հայտարարեց, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավ է սկսել: Ե՞րբ էր սկսել այդ արշավը, ե՞րբ էր այդ հարցը քննարկել Հայաստանի կանանց հետ, հայտնի չէ: Ինչո՞ւ էր այդ հայտարարությունն արվում հատկապես Ռուսաստանում և Հայաստանի հետ առանձնապես առնչություն չունեցող ռուս կանանց համար: Պարզվեց, որ այդ կանայք, բոցավառված տիկին Հակոբյանի արշավով, պիտի նրա կոչը հասցնեին ղարաբաղյան հակամարտության մյուս կողմին՝ Ադրբեջանին: Արեցին դա, թե ոչ, դարձյալ հայտնի չէ, բայց հայտնի է, որ հրավիրվեցին Արցախ և հալված փամփուշտներից պատրաստված զարդեր նվեր ստացան:

Փորձենք հասկանալ, թե ինչու է նախաձեռնել այս «արշավը» տիկին Հակոբյանը, ինչն է սրա նպատակը և ինչպես է ուզում հասնել այդ նպատակին: Դժվար է, իհարկե, բայց փորձենք:

Պարզվում է, որ նրա վրա խոր տպավորություն է թողել Ապրիլյան պատերազմը, մեր և ադրբեջանցի 18-20 տարեկան երիտասարդների «աչքերի նույն արտահայտությունը՝  վախվորած ու անհանգիստ», ու այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում «չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել»։ Եվ եթե ի մի բերենք նրա նույնաբովանդակ բոլոր ելույթների իմաստը, ապա դա այն է, որ նա, «որպես կին և մայր», չի ցանկանում, որ երիտասարդները զոհվեն: Իսկ այս աշխարհում կա՞ որևէ մեկը, որ ուզենա դա: Կարևոր չէ, ինքը չի ուզում, և վերջ: Նրա համար բացարձակապես կարևոր չէ, թե ինչու է ծագել այս հակամարտությունը, հանուն ինչի են զոհվում այդ երիտասարդները, կարևոր չէ, թե «պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ»: Եվ որպեսզի չզոհվեն, ի՞նչ է անում այս տիկինը: Պարզապես այցելում է տարբեր երկրներ, հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ելույթ է ունենում որոշ ամբիոններից՝ հայտնելով իր այդ ցանկության մասին և կոչ է անում միանալ իրեն՝ վստահեցնելով, որ եթե շատ ձայներ միանան իր ձայնին, թնդանոթները կլռեն: Իսկ այդ ընթացքում հակառակորդ կողմը շարունակում է ռմբակոծել ոչ միայն Արցախի հենակետերը, այլև Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Իսկ այդ ընթացքում մեր բանակում աննախադեպ թվով  երիտասարդներ են սպանվում նաև ոչ թշնամու գնդակից:  

Ի՞նչ արդյունք է տվել տիկնոջ նախաձեռնությունն այս երկու տարվա ընթացքում: Նայենք այդ նախաձեռնության կայքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նշված արցախյան հանդիպման ընթացքում:

Իրադարձություններ բաժնից տեղեկանում ենք միայն նրա այցելությունների և ելույթների մասին, այն, ինչ հայտնի էր մինչ օրս այլ լրատվամիջոցներից: Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Կարնեգի հիմնադրամում, Araratchallange փառատոնում, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համաժողովում, հանդիպել է կին կոնգրեսականների, Վիետնամի վարչապետի տիկնոջ, Լիտվայի արտգործնախարարի հետ, մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին և Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր գործունեությունը: Քանի՞ մարդ է միացել: Ոչ ոք: Համենայն դեպս կայքի համապատասխան բաժինները դատարկ են: Փաստորեն սա է այն ամենը, ինչ մատուցվում է որպես սույն արշավի «զարգացումներ ու ապագա ծրագրեր»:  

Ի՞նչ է տվել սա տիկնոջը: Ակնհայտ է՝ չափազանց մեծ հավակնությունների և ճամփորդության սերը բավարարելու հնարավորություն: Ի՞նչ է տվել մեր և աշխարհի խաղաղասիրական ձգտումներին: Ոչինչ: Ի՞նչ է տվել բուն հայերիս: Միայն նյարդայնություն, որ կորոնավիրուսի խենթացնող վիճակագրության, երկամսյա անգործությունից ծայրահեղ թշվառացած բնակչության պրկված նյարդերի, ներկայիս իշխանությունների կոռուպցիոն սխեմաների մասին արդեն օտարերկրյա աղմկոտ ու չհերքվող հրապարակումների և երկրի՝ օրեցօր ավելի ու ավելի տագնապալի դարձող արտաքին քաղաքականության այս ծանր օրերին կարող է հանգեցնել անկանխատեսելի, բավական անկանխատեսելի դրսևորումների:

Ուզես թե չուզես, չես կարող այս «խաղաղասեր» տիկնոջը հարց չտալ. արդեն երկու տարի ձեր ամուսինը երկրի բնակչությանը բաժանել է երկու բանակի՝ սևերի ու սպիտակների, պատերազմ է հայտարարել «սևերի» ու այսպես կոչված նախկինների դեմ՝ պիտակավորելով ամենանվաստ մակդիրներով, ոստիկանական և դատաիրավական ուժերը նետում է բոլորի դեմ, ովքեր փորձում են «ոչ» ասել իր հախուռն, անհիմն, անտրամաբանական որոշումներին ու հայտարարություններին: Ինչո՞ւ որպես «կին և մայր», նրան խաղաղության կոչ չեք անում, երբ սպառնում է բոլորին ասֆալտին փռել ու ձեռնաշղթաներով բանտ նետել, չէ՞ որ նրանք այն երիտասարդների հայրերն ու եղբայրներն են, որոնց կյանքի համար է արդեն երկու տարի ձեր սիրտն այդպես թրթռում: Խաղաղության համար ինչո՞ւ չեք պայքարում սեփական երկրի ներսում:

«Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս  տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ»:

Սա ձեր խոսքն է՝ ասված մի տարի առաջ: Դրանից հետո դուք պետք է ընդմիշտ լռեիք ու մարդկանց երեսին չերևայիք, քանի որ «ոչինչ» եք համարում անկախ Արցախի Հանրապետությունը, ոչինչ եք համարում հազարավոր զինվորների մղած կռիվն ու թափած արյունը, վերջապես, ոչինչ եք համարում առհասարակ հայրենիքն ու հայ ժողովրդի հարատևությունը: Եթե մինչև հիմա չեք հասկացել, որ մարդիկ զոհվել են, ոչ թե զոհաբերվել, որ կռվել են, որպեսզի պաշտպանեն իրենց մայրերին, կանանց ու երեխաներին, ներառյալ նաև ձեզ, ապա անիմաստ է նաև այդ ամենը բացատրել: Եվ ո՞ւմ բացատրես, մի կնո՞ջ, որի ամուսինը խուսափել է բանակից, խորհրդարանն ու կառավարությունը լցրել դասալիքներով, իշխանության գալու օրվանից փորձում է վարկաբեկել ու թուլացնել մեր բանակը, բանտերում է պահում Արցախյան պատերազմի հերոսներին ու օրինուբուն խաղաղություն աղերսում «կիրթ» թշնամո՞ւց:  

«Մենք՝ որպես կին, մայր, քույր, բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը և ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ: Անհնարին ոչինչ չկա, և ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու և բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը և ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը»:

Սա էլ է ձեր խոսքը: Ուրեմն ինչո՞ւ չեք փորձում հասկացնել ձեր ամուսնուն, որ բանակցությունների ժամանակ ջուրը չլցնի այն փոքր ձեռքբերումները, որ ունեցել ենք այդ ասպարեզում մինչև այսօր, հանրությունից թաքուն բանակցություններ չվարի մի փաստաթղթի շուրջ, որը վաղուց ի վեր մերժել է մեր հանրությունը, և չմեկուսացնի Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում որպես ոչ իրավական, ոչ ժողովրդավարական և ոչ վստահելի երկիր: Ինչո՞ւ եք ջանում իսկապես «ոչինչ» դարձնել ամեն ինչ՝ սկսած իշխանության թևերից ու պետական կառույցներից մինչև արտաքին քաղաքականությունը:

Այդ «ոչինչը» դուք եք: Մեր ժողովուրդը ժամանակին չհասկացավ դա, խաբվեց ձեր շողոմ խոսքերից և հիմա ահա շատ թանկ է վճարում դրա համար: Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, նույնիսկ՝ ոչինչը:

Անահիտ Հարությունյան

 

 

 

Կարծիք Աննա Հակոբյան Ղարաբաղյան հակամարտություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին