Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը հեռացնում է իր օգտահաշիվը Ֆեյսբուք սոցիալական ցանցից քաղաքական գովազդի ստի և անձնական տվյալների պաշտպանության բացակայության պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Ես հեռանում եմ Ֆեյսբուքից: Ինձ համար անախորժ է սուտ տեղեկատվության հոսքը, որը թույլատրելի է նրա քաղաքական գովազդում, և ես վստահ չեմ, որ նա ի վիճակի է պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները»,- գրել է նա Թվիթերում:
Ֆեյսբուքը մեկ անգամ չէ, որ հայտնվել է խայտառակ վիճակում: Այսպես, 2018 թ. գարնանը հայտնի դարձավ, որ այս ընկերությունը 87 մլն օգտատերերի տվյալները, հիմնականում ամերիկացիներ, տվել է Cambridge Analytica ընկերությանը: ԱՄՆ Կոնգրեսը և ուրիշ գերատեսչություններ այդ կապակցությամբ հետաքննություն են սկսել:
Անցած տարվա ապրիլին Կանադայի իշխանությունները սպառնացին Ֆեյսբուքին դատական հայցով գաղտնապահության մասին տեղական օրենքները խախտելու և օգտատերերի մասնավոր տեղեկատվությունը պաշտպանելու անբավարար միչջոցների համար: Իսկ հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի տեղեկատվության լիազոր վարչությունը պարտավորեցրեց Ֆեյսբուքին վճարել 500 հազար ֆունտ ստեռլինգ տվյալների պաշտպանության գործի շրջանակներում: Խոսքն այն մասին էր, որ սոցիալական ցանցը 2007-2014 թթ. անփույթ է մշակել օգտատերերի անձնական տվյալները՝ փոխանցելով դրանք բջջային հավելվածներ մշակողներին: Սակայն ընկերությունն իրեն պատասխանատու չհամարեց այդ խախտումների համար:
Դեկտեմբերին բրիտանական Comparitec կայքը, որ մասնագիտացած է համակարգչային անվտանգության հարցերում, հայտնեց, որ Ֆեյսբուքի 267 մլն օգտատերերի տվյալների շտեմարանը մի շաբաթ մատչելի է եղել վերբեռնման համար կայքահեն ֆորումներից մեկում: Դրանք հիմնականում ամերիկացիների տվյալներ էին, այդ թվում նույնականացնող, տվյալներ, հեռախոսի համարներ և լրիվ անուններ: Կիբեռհանցագործները կարող էին օգտվել նման տեղեկատվությունից զանգվածային սպամ sms-ների և ֆիշինգային արշավների համար: