Ժնևում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այն, ինչպես միշտ, տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի միջնորդությամբ: Եվ, ինչպես միշտ, բանակցություններն ընթացան փակ կարգով:
Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թ. դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում: Այն համարվում է ձախողված: Թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ադրբեջանը, Հայաստանը և Մինսկի խմբի համանախագահների երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերի մասին հնգակողմ հայտարարություն կընդունեն, ինչը դրդում էր եզրակացնել նման փաստաթղթի նախագծի գոյության փաստի մասին: Սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «բանակցությունների սեղանին ղարաբաղյան կարգավորման որևէ քննարկվող փաստաթուղթ չկա»: Ավելին, հակառակ որոշ կանխատեսումների, ինչպես ասում էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը, «բանակցությունները Բրատիսլավայում կոշտ են եղել», և կողմերը հակասություններ են նշել փաստացի օրակարգի բոլոր կետերի առնչությամբ: Ահա ինչու ներկայիս ժնևյան բանակցություններից շատ քչերն էին ինչ-որ բան սպասում:
Բայց տեղի ունեցավ անհավանականը: Նախ՝ ժնևյան բանակցությունները երկու արարով էին: Կողմերը երկխոսությունը սկսեցին հունվարի 29-ին և շարունակեցին հաջորդ օրը: Երկրորդ՝ ընդհանուր առմամբ խոսակցությունը շարունակվեց մոտ 11 ժամ, մի բան, որ երբեք չի նկատվել նախկինում: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ ներկայիս բանակցությունները «վերջին տարիների ամենաինտենսիվն էին» և «ընթանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած օրակարգով»: Եթե այդ տեսանկյունից փորձենք պարզաբանել իրավիճակը, ապա ակնհայտ է, որ հակամարտող կողմերը սեղանին որոշակի որոշման նախագիծ ունեն, որի շուրջն էլ թունդ առարկայական բանավեճ է վարվում: Սա մեկ: Երկրորդ, ըստ ամենայնի, Բաքուն և Երևանը սկսում են թեկուզ մեկ որոշակի կարևոր հարցում առաջընթացի հասնելու ձգտում ցուցաբերել, որպեսզի առաջ շարժվեն: Աչքի է զարնում նաև այն, որ նրանք սկսել են շտապել՝ ըստ երևույթին զգալով իրենց վրա հարաճուն արտաքին ճնշումը: Ուրիշ մանրամասների մեջ խորանալը անասելի դժվար է, որովհետև անմիջապես հայտնվում ես բարդ ինտրիգների լաբիրինթոսում:
Պաշտոնական տեսանկյունից Բաքուն և Երևանն արդեն երկար տարիներ բանակցային գործընթացի հիմք են համարում Մադրիդյան սկզբունքները: Միաժամանակ դասավորվում է ինչ-որ զուգահեռ իրականություն, երբ Փաշինյանը ոտքից գլուխ ջախջախում է այդ հիմքը՝ հայտարարելով, որ այն իրեն բաժին հասած «Սարգսյանի քաղաքական ժառանգությունն» է: Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ուրեմն ի՞նչ հրահանգներով է աշխատում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Թե՞ նա ընդհանրապես հաշվի չի առնում Փաշինյանի հայտարարությունները և գործում է հակամարտության քաղաքական կարգավորման հին շրջանակում: Եթե այդպես է, ուրեմն Մնացականյանը հավատում է բանակցությունների արդյունավետությանը, իսկ վարչապետը՝ ոչ: Սակայն նախարարը չի կարող փոխել իրավիճակը կամ նրան թույլ չեն տա նման քայլեր ձեռնարկել: Կամ հակառակը՝ Փաշինյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանների քննարկումը տեղի է ունենում միայն և միայն փակ դռների հետևում երկու երկրների առաջնորդների և դիվանագետների միջև, փորձում է ինչ-որ գործողություններով տեղեկատվական-քաղաքական քողարկում ապահովել:
Ինչպես կարծում է ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան, «Փաշինյանը, հնարավոր է, փորձում է ավելի խորքային բանակցություններ նախապատրաստել, որպեսզի վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ մոտենա առավել որոշակի լուծման»: Բայց ի՞նչ լուծումներ են դրանք, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ «որոշակի տեղաշարժերի» մասին են սկսել խոսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունները: Մի՞թե միայն միջազգային միջնորդների առաջարկած հումանիտար և անվտանգության միջոցների իրականացման հարցերը լուծելու համար հարկ էր աննախադեպ դիվանագիտական բանակցային մարաթոն սարքել: Նշենք նաև, որ փորձագետները սկսել են ֆորսմաժորային սցենարի մասին խոսել, այն է՝ հայ հասարակայնության ջանքերով թաղել Մադրիդյան սկզբունքները և վերականգնել կարճատև զինված բախումները Ադրբեջանի հետ, որպեսզի ամեն ինչի համար հետո մեղադրեն Ռուսաստանին: Բայց նման դրվածքը վտանգավոր է և՛ Երևանի, և՛ Բաքվի համար:
Եթե վերադառնանք կայացած ժնևյան հանդիպմանը, ապա նախարարները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումների գործընթացը: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես միշտ, ընդհանուր ձևակերպումներով «վերահաստատեց հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերի որոնումներին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, ինչպես նաև արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»:
Հետագա գլխավոր իրադարձությունները տեղի են ունենալու ԱԳՆ-ների փորձագետների մակարդակով, հնարավոր է՝ ոչ միայն երկու երկրների ԱԳՆ-ների, որոշ ներքին և արտաքին գործոնների նկատառումով՝ կուլիսների հետևում, միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելով լայնամասշտաբ կոնֆլիկտի էսկալացիայի վտանգները: Ինչպես ասում են, դրանից էլ շնորհակալ ենք:
Ստանիսլավ Տարասով
30 հունվարի 2020