f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Բրազիլիա՝ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն

Շաբաթվա վերջում, Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ Covid-19-ով վարակվածների թիվն անցել էր 5 միլիոն 385 հազարից, մահացածների թիվն անցել է 345 հազարից:  

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 645 հազար 353 հաստատված դեպք կար: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 655 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:  

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը 332 հազար 382 էր, մահերինը՝ 21 հազար 116:  

Հաջորդ տեղում Ռուսաստանն է 326 հազար 448 հաստատված դեպքով: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 281 հազար 904 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 628:

Հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, այստեղ վարակվածների թիվը 182 հազար 219 է, մահացածներինը՝ 28 հազար 289:

Գերմանիայում 179 հազար 713 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 352 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Առաջին տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի,  մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը և Պերուն:  

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանում վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ վարակվածության նոր դեպք վերջին մեկ օրում չէր գրանցվել: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 82 հազար 971, որից 78 հազար 258-ն ապաքինվել է: Չինաստանում մահերի ընդհանուր թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին վարակի հեռևանքով մահերի նոր դեպքեր ևս չեն գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Գեբրեսիուսը հայտարարել է, որ առանձնակի մտահոգություն է հարուցում հիվանդացածների թվի աճը բնակչության առավել ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներում: Եթե նախկինում համավարակի էպիկենտրոնը Եվրոպայի  երկրներն էին և ԱՄՆ-ն, ապա այժմ հիվանդությունն առավելապես տարածվում է այնպիսի երկրներում, ինչպիսին Բրազիլիան է:

Ի՞նչ կտա ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների հետաքննությունը

Երկուշաբթի՝ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի (վիրտուալ ձևաչափով) նախօրեին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հավանություն տվեց  կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործողությունների հետաքննության նախաձեռնությանը:

Սա դիրքորոշման կտրուկ փոփոխություն էր: Նախկինում Պեկինը հանդես էր գալիս նման հետաքննության դեմ: Սակայն վեհաժողովի շեմին Եվրամիության նախաձեռնությանը հավանություն տվեցին Ռուսաստանը, Բրիտանիան, Ավստրալիան, Թուրքիան և մի շարք աֆրիկյան երկրներ:  

Վեհաժողովում ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեսիուսը հերքեց ԱՄՆ-ի այն մեղադրանքները, թե ԱՀԿ-ն չափազանց անարդյունավետ է արձագանքել կորոնավիրուսի համավարակին: Երկուշաբթի օրը Թրամփը ԱՀԿ-ին անվանել էր Պեկինի խամաճիկ, բացի այդ, Վաշինգտոնը ժամանակավոր դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը:

Սակայն, Գեբրեսիուսի խոսքով, ԱՀԿ-ն արել է հնարավորը Covid-19-ի տարածման պայմաններում: Երեքշաբթի Առողջապահության համաշխարհային վեհաժողովի մասնակիցները համաձայնության եկան անկախ հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ արդյունավետությամբ է ԱՀԿ-ն դիմակայել կորոնավիրուսի սպառնալիքին:

Հույսեր՝ կապված պատվաստանյութի հետ

Մի շարք երկրների լաբորատորիաներ փորձում են գտնել Covid-19-ի պատվաստանյութը, և կարծես արդեն հույսեր կան, որ նրանց կհաջողվի դա անել սեղմ ժամկետներում: Աշխարհում  ներկայումս գիտնականների մոտ 80 խումբ է աշխատում պատվաստանյութը մշակելու համար: Այնպիսի ընկերություններ, ինչպիսին Pfizer-ն է, արդեն փորձում են պատվաստանյութի նախատիպը մարդկանց վրա:

Սովորաբար պատվաստանյութի մշակման գործընթացը տևում է տարիներ, երբեմն՝ տասը տարուց ավելի: Բայց այժմ նրանք հույս ունեն բոլոր անհրաժեշտ գործողություններն ավարտել մեկուկես տարում: Եթե իրականում պատվաստանյութը հայտնվի եկող տարի, ապա դա կլինի նման պատվաստանյութ մշակելու ամենաարագ ընթացքը պատմության մեջ:

Երկուշաբթի ամերիկյան Moderna  ընկերությունը, որի համահիմնադիրներից է մեր հայրենակից Նուբար Աֆեյանը, հայտարարեց, որ մարդկանց վրա պատվաստանյութի թեստավորման առաջին փուլը հաջող է անցնում: Հակամարմինները, որոնք զսպում են կորոնավիրուսի տարածումը, հայտնաբերվել են փորձարկման ութ մասնակիցների մոտ: Դրանք նման են այն հակամարմիններին, որոնք առաջանում են Covid-19 ով վարակվածների մոտ:

Moderna-ն, ԱՄՆ ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հսկողությամբ, առաջինն է սկսել մարդկանց վրա փորձարկումները: Հաջորդ՝ մարդկանց վրա զանգվածային փորձարկումների փուլը կարող է սկսվել հուլիսին:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները նույնպես սկսել են փորձարկումները մարդկանց վրա, սակայն առայժմ արդյունքների տվյալները չեն հայտնում:  

Իսկ Ռուսաստանում Գամալեի անվ. Էպիդեմիոլոգիայի և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցները, որոնք մշակում են Covid-19-ի պատվաստանյութը, այն փորձարկել են իրենց վրա: Կենտրոնում դա հաջողություն են համարում, իսկ Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների ասոցիացիան դա խախտում է համարում: Գիտնականներն ընդգրկվել են «խելահեղ մրցավազքի մեջ՝ ցանկանալով գոհացնել իշխանություններին», հայտարարել է ասոցիացիան:

Առաջնորդների նկրտումները և նոր վերնախավերի ձևավորման կանխատեսումները

ԱՄՆ-ում սկսել են հաճախակի խոսել, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, բազմիցս է կատակել, թե դեմ չէ առհասարակ չեղարկել քվեարկությունը և դառնալ պետության ցկյանս ղեկավար: Լրագրողները նույնիսկ սկսել են հետաքննել, թե որքանով է ԱՄՆ սահմանադրությունը նման հավանականության հիմք տալիս:  

Մայիսի 20-ին լրացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման մեկ տարին: Մի տարի առաջ նա հաղթանակ տարավ ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 73 տոկոսը: «Ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք լաց չլինեք»,- ասաց նա երդման ժամանակ, իսկ նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր չառաջադրվել երկրորդ ժամկետում: Սակայն իր պաշտոնավարման տարեդարձի կապակցությամբ տված մամլո ասուլիսի ժամանակ նա անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ կարող է շարունակել իր պաշտոնավարումը նաև երկրորդ ժամկետում:

Մինչդեռ МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը շատ երկրներում կփոխի քաղաքական վերնախավի կազմը: Նրանց կարծիքով՝ ներկայիս վերնախավերը ճգնաժամ կապրեն 2020-2024 թթ., իսկ հետագայում նրանց դուրս կմղի առաջնորդների նոր սերունդը:

Ինչպես կարծում են հետազոտության հեղինակները, Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, դա կհանգեցնի տեխնոկրատների իշխանության գալուն: Խնդիրն այն է, սակայն, որ նրանք քաղաքական գործիչ չեն, ուստի նրանց համար դժվար կլինի բարեփոխումներ անցկացնել:

Այսուհանդերձ Ռուսաստանում նոր առաջնորդների պահանջմունք կա, ասվում է այս մասին «Վեդոմոստիի» հրապարակման մեջ: Նրանք կարող են լինել կա՛մ լավ պատրաստված մարդիկ, կա՛մ խիստ հայրենասիրական գաղափարախոսությամբ քաղաքական գործիչներ: Հետազոտության հեղինակները կարծում են, որ փոփոխությունները վերնախավի մակարդակով վաղ թե ուշ կայանալու էին, պարզապես համավարակը կարագացնի այդ գործընթացը:

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ կորոնավիրուս

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին