Հայկական կողմը ափսոսում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճիշտ չմեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի գործընկերներին։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հայկական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանում հակահամաճարակաբանական համակարգը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ իմաստով։ Հայաստանի առողջապահության նախարարը կարծում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւ մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել թերություններով՝ հարեւան երկրում թեսթերի անցկացման մեթոդոլոգիայի եւ որակի տեսակետից։
Այս հայտարարությանը հետեւեց սուր արձագանք՝ Վրաստանի առողջապահական ոլորտի կողմից։ Ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում էին, որ երկրում կորոնավիրուսի վիճակագրությունը բացարձակ թափանցիկ է։
Զալքալիանիի խոսքերով՝ դիվանագիտական խողովակներով վրացական կողմը բացատրություններ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից։
«Բնականաբար, հենց ԶԼՄ-ներից ստացանք նման հայտարարություների մասին տեղեկատվությունը, անհապաղ արձագանք եղավ դիվանագիտական խողովակների միջոցով․․․ Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղի էր հարեւան եւ բարեկամական երկրի հանդեպ, այդ թվում, պաշտոնատար անձանց կողմից, այնպիաի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է»,- հայտարարել է նախարարը։
Զալքալիանին տեղեկացրել է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը փոխանցել է Երեւանում Վրաստանի դեսպանության միջոցով։
«Քիչ առաջ ինձ հետ կապվեցին Երեւանում մեր դեսպանությունից։ Նրանք տեղեկացրերցին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգել են դեսպանություն։ Զանգել է ԱՄ միջազգային հարաբերությունների վարչույթան պետը եւ առողջապահության նախարարի անունից ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ իր հայտարարությունը, որը ոչ ճիշտ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է նա։