f

Անկախ

Ես լավատես մարդ եմ․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը հեռուստառադիոլրագրող Սևակ Հակոբյանն է։  

-Սևակ, արտակարգ դրության ժամանակ հայտարարված սահմանափակումները որքանո՞վ անդրադարձան Ձեր առօրյայի վրա նախորդող շաբաթների ընթացքում։

-Իմ առօրյան շատ չի տարբերվում մեկուսացումից առաջ և հետո, որովհետև լրագրողներն էլ նույն բժիշկների պես չեն կարող ճգնաժամային իրավիճակներում տանը մնալ։ Ես աշխատել եմ նույն ծանրաբեռնվածությամբ, անգամ՝ ավելի խիտ գրաֆիկով, որովհետև երբեմն անհրաժեշտություն էր առաջանում աշխատելու նաև շաբաթ-կիրակի օրերին։ Այս ամենին էլ գումարվել է համավարակով պայմանավորված զգուշավորությունը՝ դիմակ, ձեռնոց, համապատասխան սոցիալական հեռավորություն և այլն։  Այն միտքը, որ պիտի անընդհատ ձեռքդ պահես զարկերակին, օգնում է չթուլանալ։ Թերևս միայն  ռադիոյի դեպքում, երբ սկսեցինք աշխատել տանից,  փոխվեցին հաղորդման որոշակի ձևաչափեր։ Այս օրերին, երբ մասնագիտությունդ ավելի է կարևորվում, սկսում ես առավել շատ սիրել այն, անկախ նրանից, որ մյուսների պես այդպես էլ հնարավորություն չունեցար տանը մնալու, երկար քնելու, ի վերջո, չաշխատելու։  Եթե անկեղծ լինեմ, չեմ էլ սիրում անընդհատ տանը լինել, թերևս միայն հանգստյան օրերին։ Ուստի ինձ համար այս ընթացքում բավական ծանր կլիներ, եթե բախվեի անընդհատ տանը մնալու փաստին, մանավանդ, որ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված չէի էլ կարող հյուրընկալել ընկերներիս։ 

-Ամեն դեպքում եղա՞ն խնդիրներ, որոնց բախվեցիք արտակարգ դրության պայմաններում։

-Խնդիրները սահմանափակումներն էին, բայց երբ հասկանում ես, որ դրանք միայն քեզ չեն ուղղված, ավելի հանգիստ ես տանում։ Մի փոքր դժվար էր տանից անցկացվող օնլայն հարցազրույցների պահը, բայց դա էլ հաղթահարեցինք։ Թերևս բարդ էր ուտելիքի պատրաստման հետ կապված հարցի կարգավորումը։ Քանի որ մենակ եմ ապրում և մինչ արտակարգ դրություն հայտարարելը միշտ դրսում եմ սնվել, այս դեպքում ստիպված էի ինքս պատրաստել։ Այլ տարբերակ չգտնելով՝ աշխատանքից տուն վերադառնալուց անմիջապես հետո մտնում էի խոհանոց և  անցնում որևէ ուտելիքի պատրաստման։ Արդյունքում բացահայտվեցին խոհարարական կարողություններս, և դա ինչ-որ պահի անգամ սկսեց ինձ դուր գալ։  

-Ի՞նչ զգացողություններ ունեք վերջին օրերին, երբ աստիճանաբար հանվում են նախկին սահմանափակումները։

-Ճիշտն ասած, երբ արտակարգ դրություն հայտարարելուն հաջորդող օրերին էի դուրս գալիս տանից, ամեն ինչ շատ ճնշող էր, հատկապես երեկոյան՝ գործից տուն վերադառնալիս։ Երևանը  լքված քաղաքի տպավորություն էր թողնում։ Միակ հուսադրողն այն մտքի գիտակցումն էր, որ մարդիկ հետևում են կանոններին, ուրեմն շատ արագ կհաղթահարենք այդ ամենը։ Այժմ փողոցները կրկին մարդաշատ են, ու որքան էլ ուրախացնում է այդ փաստը, ինչ-որ առումով նաև մտահոգիչ է, որովհետև այս չափից շատ ակտիվությունն ամենևին խրախուսելի չէ։  

-Սևակ, մեկուսացման օրերին տարբեր ԶԼՄ-ներով հնչեցին ու ցուցադրվեցին այն կանոնները, որոնք անհրաժեշտ էր պահպանել արտակարգ դրության ընթացքում։ Այդ ամենին մարդիկ ծանոթացան Ձեր ձայնի օգնությամբ։ Կարևորու՞մ եք նման նախաձեռնությունները հասարակության կյանքում։ Եվ որքանո՞վ էր դա անդրադառնում Ձեր զգոնության վրա։ 

-Նախ ասեմ՝  հաճելի էր, երբ մեծ թվով մարդիկ ճանաչում էին իմ ձայնը, քանի որ ես տեսանյութերում չեմ երևում։ Մտերիմներս անգամ կատակում էին, որ ամենուր իմ ձայնն է հնչում։ Ինձ համար, բնականաբար, սթափեցնող էր այդ կանոնների ընթերցումը, քանի որ երբեք  տեքստը չեմ կարդում զուտ կարդալու համար, անպայման վերլուծում եմ ինքս իմ մեջ, ինչն էլ իր նստվածքն է տալիս։ Հետաքրքիր էր այն, որ շատ մարդիկ, մտածելով, թե ես այս ամենի մասնագետն եմ,  զանգում ու առավել մանրամասն հարցեր էին տալիս։ Ես, իհարկե, փորձում էի պատասխանել, իսկ չկարողանալու դեպքում ուղղորդում էի համապատասխան մասնագետների մոտ։ Ես վստահ եմ՝ նման նախաձեռնություններն ունենում են իրենց դրական հետևանքները։ Քանի որ այդ ամենը շատ հաճախ էր շրջանառվում ԶԼՄ-ներում, ուրեմն անգամ ենթագիտակցորեն այդ կանոնները կմնան մարդկանց հիշողության մեջ՝ նպաստելով վարակի տարածման կանխարգելմանը։ 

-Հասարակության ներսում ի՞նչ դրական ու բացասական դրսևորումների հանդիպեցիք այս օրերին։ 

-Դրականը մեր համախմբվածությունն էր։ Հատկապես երիտասարդների շրջանում ես ականատես եղա բազում  օրինակելի դրսևորումների։ Նրանք առաջին հերթին ամեն բան անում էին իրենց շրջապատող մեծահասակների առողջության համար։ Բայց մյուս կողմից էլ մենք ունենք օրենքը շրջանցելու բնավորություն։ Չեմ ուզում ընդհանրացնել, բայց և չենք կարող ժխտել։ Ափսոսում եմ, որ մարդիկ չհասկացան՝ արտակարգ դրության ընթացքում որոշ սահմանափակումների խստությունը բխում է իրենց իսկ շահերից։ Արդյունքում հասկանում ես՝ մենք չունենք  ինքնասահմանափակման մշակույթ․ երբ պատասխանատվությունն ընկնում  է մեզ վրա, միշտ չէ, որ արդարացնում ենք ինքներս մեզ՝ որպես քաղաքացի։ 

-Մարդկային ինչպիսի՞ արարքներից ոգևորվեցիք այս օրերին և որոնցի՞ց տխրեցիք։ 

-Մեր քաղաքացիները սովորական պայմաններում միշտ սիրում են քննադատել միմյանց, երբեմն անգամ նեղացնել, այն էլ՝ առանց պատճառի։ Բայց ցանկացած արտակարգ իրավիճակում, ինչպես, օրինակ՝ այս համավարակն էր, շատ արագ համախմբվում ենք, դառնում մի ընտանիք։ Այս առումով ինձ կրկին շատ ուրախացրեցին հենց երիտասարդական նախաձեռնությունները, բարեգործական ակցիաները, որ իրագործվեցին ինքնաբուխ, առանց պարտադրանքի։ Հաճելի է տեսնել՝ ինչպես են քեզ հասակակից երիտասարդները մտահոգվում ուրիշների խնդիրներով և կարողանում լուծումներ գտնել։  

Շատ տխրել եմ այն մարդկանց համար, որոնք առանց այդ էլ վատ պայմաններում են ապրում մեր երկրում, իսկ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից հետո առավել մեծ դժվարությունների են հանդիպել։ Այստեղ ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ տվյալ անհատը։  Եվ այս ամենն իրականում շատ ցավալի է։ 

-Ի՞նչ զգացիք, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն և ամենաառաջինն ինչի՞ մասին մտածեցիք արգելքների մեղմացումից հետո։ 

-Միգուցե տարօրինակ հնչի, բայց մասնագիտությամբս պայմանավորված, շատ եմ սիրում աշխատել նման իրավիճակներում․ աշխատանքս առավել հետաքրքիր է դառնում։ Եվ հենց հայտարարվեց արտակարգ դրություն, առաջինն այդ մասին մտածեցի։ Սկզբում այնքան էլ հստակ չէի պատկերացնում այն բոլոր դժվարությունները, որոնց կառնչվեր մեր հասարակության մեծ հատվածը։ Իսկ երբ արդեն արգելքները հանվեցին, իհարկե, սկզբում շատ ուրախացա, որ մարդիկ վերջապես կկարողանան տանից դուրս գալ, աշխատել, գումար վաստակել։ Սակայն կյանքի բնականոն հունին վերադառնալու ուրախությանը միանգամից հաջորդեց այն անհանգստությունը՝ արդյո՞ք չենք կանգնի վիրուսի ավելի մեծ թափով տարածման վտանգի առաջ։   

-Ի՞նչ կցանկանաք, որ փոխվի համավարակի հաղթահարումից հետո։ 

-Անկեղծ ասած, ինձ սկզբում թվում էր, թե այս ամենը կավարտվի մեկ օրում, ինչպես՝ պատերազմները։ Հետո, իհարկե, հասկացա՝ այդպես չի լինում։ Վարակն աստիճանաբար է նահանջելու և մեծ դժվարությամբ։ Շատ կուզենայի, որ այս ամենի ավարտից հետո ամեն դեպքում մենք չկորցնենք մեր զգոնությունը բոլոր ոլորտներում։ Լավ կլիներ նաև՝ մեր մեջ, իրոք, մեծ պատասխանատվություն դաստիարակվեր, այնքան մեծ, որ սկսենք կանոններին հետևել ոչ թե պատժից վախենալու պատճառով, այլ գիտակցելով՝ ամեն բան արվում է մեր ու մեր ընտանիքների օգտին։  

-Դուք մշտապես շատ ակտիվ եք ՖԲ հարթակում, և հիմնականում ներկայանում եք հումորային գրառումներով։ 

-Այո, ես շատ անկեղծ եմ այս հարթակում։ Կարող եմ ասել, որ համավարակից առաջ էլ ու հատկապես հիմա ՖԲ-ում շատ ծանր է մթնոլորտը։ Ուստի իմ հումորային գրառումներով աշխատում եմ մարդկանց դրական էներգիա փոխանցել և ցրել այդ լրջությունը։ Ընկերներիցս ստացած արձագանքը վկայում է, որ նման գրառումներն, իրոք, անհրաժեշտ են։ Նաև ճիշտ չէ այս հարթակում որևէ իրադարձության մասին լուրջ վերլուծություններ անելը։ 

-Ի՞նչ մտահոգություններ ունեք այս օրերին։

-Չեմ ընդունում, երբ ցանկացած նոր երևույթ վերլուծելիս փորձում են մեղադրել այս կամ այն կողմին։ Օրինակ՝ կորոնավիրուսի տարածման մեղքը ամբողջովին բարդում են  պետության վրա կամ էլ՝ հասարակ քաղաքացիների։  Զարմանում ես՝ ինչպես են մարդիկ կարողանում համոզված հայտարարել, որ տվյալ երևույթը պիտի հենց իրենց ասած ձևով իրականացված լիներ, երբ, ինչպես մեր, այնպես էլ  պետության համար տվյալ իրողությունն անծանոթ է։ Ուստի ժամանակ է պետք իրավիճակը հասկանալու և որոշումներ կայացնելու համար։ Համավարակը պարբերաբար կրկնվող խնդիր չէր, որ պետությունն էլ չկիրառեց համապատասխան մեթոդներ։ Ցանկությունս է, որ մարդիկ հասկանան՝ շատ բաներ էլ հենց մեզնից ու մեր պատասխանատվությունից են կախված։ Կան իրավիճակներ, որտեղ ոչ մեկ չի կարող մեր փոխարեն որոշումներ կայացնել։

-Սևակ, եթե Ձեզ ասվեր՝ այն կանոնների փոխարեն, որ կարդացիք այս օրերին, անհրաժեշտ է պարզապես Ձեր սրտի խոսքն ուղղել մարդկանց, ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց։

-Ես կհորդորեի դուրս գալ անձնական տարածքից և մի քիչ շատ մտածել սեփական ընտանիքների, շրջապատող մարդկանց մասին։  Կոչ կանեի սիրել ու հոգ տանել միմյանց։ 

Ընդհանրապես ես լավատես մարդ եմ, լավատես եմ ցանկացած իրավիճակում, ուստի համոզված եմ՝ այս դժվարին դրությունից էլ կկարողանանք պատվով դուրս գալ։

 

                                                                                                                Արփի Խաչատրյան

 

 

Սևակ Հակոբյան նոր կորոնավիրուս հարցազրույց

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին