f

Անկախ

«Մնում է՝ մի նամակ գրենք Ասադին, խնդրենք՝ ինքնաթիռ ուղարկի, վերադառնանք Սիրիա...»


Կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները դեռ երկար զգացնել կտան հասարակության հատկապես խոցելի խմբերի համար, որոնց  մեջ են նաև սիրիահայերը:

Հայտնի է, որ սիրիահայերի զգալի մասը Հայաստանում ապրում է վարձով բնակարաններում և օրվա հացը վաստակում արհեստագործության, արծաթագործության, սպասարկման ոլորտներում աշխատելու միջոցով: Սակայն այս ամիսներին տնտեսական գործունեության սահմանափակումների հետևանքով շատ սիրիահայեր չեն աշխատել և հնարավորություն չեն ունեցել բնակարանների վարձը վճարել՝ կուտակելով պարտքեր: Հայտնի չէ նաև, թե երբ լիարժեք կվերադառնան բնականոն աշխատանքի ու  ի վիճակի կլինե՞ն արդյոք վճարել վարձերն ու մարել կուտակած պարտքերը:  

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր ապրում է մոտ 700 սիրիահայ ընտանիք:

Սիրիահայ Սիլվա Հակոբյանն Անկախին հայտնեց, որ իրենց վիճակը նույնպես ծանր է: Ապրում են վարձով, վարձավճարը 100 հազար դրամ է, և արդեն երեք ամիս է՝ վարձն ամբողջությամբ չեն կարողանում վճարել, մաս-մաս են վճարում՝ կտրելով սննդի գումարից:

Պատմում է, որ երեկ վարձը վճարելու օրն էր, և նորից գումար չկար ամբողջը վճարելու: Այդ ապրումներից ճնշումը բարձրացել է, և ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ հարևանները շտապօգնություն են կանչել:

«Մենք սովոր չենք այսպես ապրել, մենք միշտ արժանապատվորեն ենք ապրել»,-ասում է տիկին Սիլվան՝ զսպելով հուզմունքը:

Ամուսինը չի աշխատում, աշխատանք չկա: Երեք որդիներից փոքրն առողջական խնդիրներ ունի, մինչև կորոնավիրուսն էլ չէր աշխատում: Մյուս որդիներն աշխատում են ավտոտեխսպասարկմա ոլորտում, բայց վերջին երկու, երկուսուկես ամսում գրեթե գործ չեն արել: Տիկին Սիլվան մինչև կորոնավիրուսը մեկ-մեկ արևելյան ուտեստների պատվերներ էր ընդունում, հիմա պատվեր ընդհանրապես չկա:

«Եթե կառավարությունը գոնե մեր բնակարանների վարձի մի մասը տա, մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալ: Բայց հիմա տուն գումար գրեթե չի մտնում, ինչպե՞ս ապրենք և տան վարձն ու կոմունալ վարձերը վճարենք: Շատ դժվար է, շատ: Ասեմ, որ մեր շենքում շատ սիրիահայեր կան, որոնք բոլորն էլ վարձով են ապրում և բոլորն էլ նույն ծայրահեղ վիճակում են»:

«Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների ընկերակցություն» ՀԿ նախագահ Արտեմիս Լեփեջյանը, որի կազմակերպությունը սիրիահայերից բազմաթիվ նամակներ է ստացել սոցիալական խնդիրների վերաբերյալ, դիմել է տասնյակ պետական կառույցների, նույնիսկ ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով աջակցել Հայաստանում ապրող սիրիահայերին:  

«Նրանցից շատերն աշխատում են սպասարկման ոլորտում՝ տաքսի, ոսկերչություն, ավտոտեխսպասարկում, զոդում, հագուստի և կոշիկի արտադրություն և այլն: Սակայն այս օրերին զրկվել են ապրուստի միջոցներից, և նրանց ընտանիքներն ունեն լրջագույն խնդիր՝ վճարելու տան վարձերն ու կոմունալ ծախսերը: Մենք մոտ մեկ ամիս առաջ դիմել ենք պետական կառույցներին, խնդրել ֆինանսական աջակցություն տրամադրել սիրիահայերին, գոնե մասամբ փոխհատուցել վարձավճարները, բայց սայլը տեղից չի շարժվում: Ոչ ոք չի ուզում սիրիահայերի հարցերով զբաղվել»,-ասում է տիկին Լեփեջյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նամակին ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, և խորհուրդ են տվել, որպեսզի սիրիահայերը նույնպես դիմեն և ծրագրերում ընդգրկվելու դեպքում օգտվեն:  

Այսինքն, փաստացի նախարարությունը մերժել է սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ կազմակերպության դիմումը:

Պետական որոշ կառույցներ էլ կազմակերպության դիմումը վերահասցեագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Սակայն գրասենյակից պատասխանել են, որ իրենց կառույցն այն պետական գերատեսչությունը չէ, որը ծառայություններ է մատուցում սոցիալական ապահովման բնագավառում, և իրենք կարողանում են լուծումներ առաջարկել միայն անհատական դեպքերի պարագայում՝ դիմելով միջազգային գործընկերներին կամ համապատասխան ՀԿ-ներին, ինչպիսին նաև Արտեմիս Լեփեջյանի ղեկավարած ՀԿ-ն է: Այսինքն, այս կառույցից էլ որևէ դրական արձագանք չի եղել:

Տիկին Արտեմիսը ցավում է, որ կառավարությունը հերթական անգամ անտեսում է սիրիահայերին և կորցնում նրանց լավատեսությունն ու հայրենիքի հետ կապվելու հնարավորությունը, ինչը եղավ նաև սիրական ճգնաժամից հետո, երբ տասնյակ հազարավոր սիրահայեր ներգաղթեցին Հայաստան, բայց չունենալով ապրելու և ինտեգրվելու հնարավորություն՝  հեռացան երրորդ երկրներ: Հիմա հերթը Հայաստանում մնացած մի բուռ սիրիահայերինն է, որոնց թիվն այսօր 6-7 հազարը չի գերազանցում:

«Լավ, մի՞թե դժվար է վարձով ապրող սիրիահայերի վարձավճարները գոնե մի մասով փոխհատուցել: Հարցը ոչ միայն ֆինանսական է, այլև բարոյական: Այդ մարդիկ պիտի զգան, որ պետությունն իրենց չի անտեսում, իրենց թիկունքին կանգնած է»:

Տիկին Արտեմիսն ասում է, որ սիրիահայերի հետ կապված խնդիրները շատ են և չեն սահմանափակվում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված  իրավիճակով: Պարզապես եղած խնդիրներին ավելացել են նոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

Նա հիշում է, որ խորհրդային տարիների 60-ական թվականներին կազմակերպված հայրենադարձության ժամանակ, օրինակ, պետությունը շատ լավ էր պատրաստվել, և հայրենադարձված սիրիահայերին հայրենիքում սպասում էին հատուկ նրանց համար կառուցված բնակարանները: Բնակարանի հարցն այսօր սիրիահայերի թերևս ամենալուրջ խնդիրն է, որն այդպես էլ չլուծվեց՝ շատերին ստիպելով հեռանալ Հայաստանից: Հիմա դրված է գոնե այս ճգնաժամի ժամանակ բնակարանների վարձավճարները մասնակիորեն փոխհատուցելու հարցը, բայց, պարզվում է, նույնիսկ այդ խնդիրը կառավարությունը չի ուզում իր վրա վերցնել:

«Այս վերաբերմունքն ուղղակի ամոթալի է: Մնում է՝ մի նամակ գրենք Ասադին, խնդրենք՝ ինքնաթիռ ուղարկի, վերադառնանք Սիրիա: Երևի էնտեղ սիրիահայերն ավելի լավ կկարողանան իրենց գոյությունը պահել, քան հայրենիքում: Ուրիշ եզրահանգում անել չենք կարող»,-ամփոփում է Արտեմիս Լեփեջյանը:

սիրիահայերի հիմնախնդիրներ սիրիահայեր Արտեմիս Լեփեջյան Հայաստան կորոնավիրուս սոցիալական աջակցություն Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Ավելին
Ավելին