f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 10-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 3313-ի , ապաքինվածներինը՝ 1325-ի, մահվան դեպքերինը՝ 45-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 17-ին, վարակվածների թիվը հասավ 4472-ի, որոնցից 1925-ն առողջացել են, մահացել է 60 մարդ, ընդհանուր կատարվել է 40230 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ մայիսի 11-ին, հայտնաբերվել էր 79 նոր դեպք,  մայիսի 12-ին՝ 146, մայիսի 13-ին՝ 180, մայիսի 14-ին՝ 142,  մայիսի 15-ին՝ 184, մայիսի 16-ին՝ 239, մայիսի 17-ին՝ 189: Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 1159-ով:

Փաստորեն անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը Հայաստանում անցավ 4 հազարից, մեկ օրվա ընթացքում վարակվածների հայտնաբերման ռեկորդային՝ 239 դեպք է գրանցվեց, իսկ մեկ շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվը հատեց հազարը: Սա  կորոնավիրուսի տարածման շեշտակի, աննախադեպ աճ է Հայաստանում կարանտինի դրության սահմանումից ի վեր:  

Կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ին Հայաստանում հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը:

Մայիսի 14-ին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարեց, որ  Հայաստանում համաճարակն անցել է երրորդ փուլին, որը բնորոշվում է տարածվածությամբ և վերջին օրերին հնարավոր չի լինում կոնտակտավորին ու վարակի աղբյուրը պարզել:

Նույն օրը  հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի վայրերը, հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և մի քանի այլ մեղմացումներ կլինեն: Իսկ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակ կրելը, կանոնը խախտողները կտուգանվեն 100 հազար դրամով: Ամբողջ շաբաթվա ընթացքում հանրությունը փորձում էր այս որոշումների մեջ տրամաբանական կապ գտնել: Չստացվեց:

Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ վարակը թափանցել է Նորքի ծերանոց, վարակված է այնտեղ բնակվող ավելի քան 40 տարեց:

Ստամբուլից մինչև Լանզարոտ ընդամենը կես քայլ է  

Շաբաթը սկսվեց մի անակնկալ իրադարձությամբ, որը համընդհանուր խուճապ ու տագնապ առաջացրեց և վրդովմունքի ալիք բարձրացրեց: Երկուշաբթի առավոտյան Ազգային ժողովը սուսուփուս ընդունեց Լանզարոտի խնդրահարույց կոնվենցիան («Սեռական շահագործումից ու սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա), որը շատ փորձագետների համոզմամբ՝ հակառակ հետևանքը կարող է ունենալ։  «Լուսավոր Հայաստանը» բոյկոտեց նիստը և չմասնակցեց քվեարկությանը։ Այդ ընթացքում «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց էր անում՝ բողոքելով կոնվենցիայի ընդունման դեմ, ինչը որևէ արդյունք չտվեց։  

Հասարակությանն ամենից շատ մտահոգում է այն հանգամանքը, որ այս կոնվենցիայով, որը դարձավ ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասը, առաջին անգամ  ամրագրվեց «սեռական կողմնորոշում» հասկացությունը խտրականությունը բացառող մյուս հայտնի հատկանիշների շարքում (ազգություն, սեռ, ծագում, ռասա ևն): Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվելու է տվյալ կոնվենցիային, քանի որ ՀՀ օրենսդրությամբ վավերացված կոնվենցիաները գերակա են օրենքներին: Մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կազմակերպել մանկահասակ երեխաների սեռական դաստիարակությունը, ինչը ամենաչնչին սխալի դեպքում իսկ կարող է խեղաթյուրել նրանց:

Արտակարգ դրության ժամանակ այս կոնվենցիան գաղտագողի` հանրության քննարկմանը չներկայացնելով, օրակարգ մտցնելու և հապճեպ ընդունելու փաստը ցույց տվեց, որ իշխող քաղաքական ուժը դաս է քաղել Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված իրարանցումից և այսուհետ վարվելու է այս կերպ՝ յուրաքանչյուր որոշում, որը ենթադրաբար կարող է հարուցել հասարակության անհամաձայնությունը, քվեարկության կդրվի անակնկալ և կընդունվի: Սա ցույց տվեց նաև, որ արտակարգ դրությունը կերկարաձgվի ոչ այնքան կորոնավիրուսի վարակի դեմ պայքարելու, որքան իշխանության բոլոր նկրտումներն ի կատար ածելու համար: Համենայն դեպս արդեն կարծիքներ են հնչում, թե կորոնավիրուսի հետ ապրելու ենք ևս հինգ տարի: Բացառված չէ, որ նույն հաջողությամբ ընդունվի Ստամբուլյան կոնվենցիան. Ստամբուլից մինչև Լանզարոտ ընդամենը կես քայլ է մնացել:

Մահափորձ գլխավոր քաղբանտարկյալի նկատմամբ

Երկրորդ ցնցող իրադարձությունը թերևս սպասելի էր, այսուհանդերձ մինչև վերջին պահը ՝ մայիսի 13-ի ժամը 18-ը, մարդիկ հույս էին փայփայում, որ կհաղթի առողջ բանականությունն ու օրինականությունը: Բոլորն անհամբեր սպասում էին դատավոր Աննա Դանիբեկյանի (ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի, քանի որ արդեն որևէ կասկած չկա, որ այս դատավորն ընդամենը կամակատար է) որոշմանը Ռոբերտ Քոչարյանին կալանքի մեջ թողնել-չթողնելու մասին: Նրան ներկայացվել էր նախկին չորս վարչապետների երաշխավորությունը, առկա էր ՄԱԿ-ի ուղերձը կորոնավիրուսի վարակի խոցելի տարիքային խմբի կալանավորների խափանման միջոցը փոխելու մասին, արդեն հայտնի էր, որ վարակը թափանցել է նաև տվյալ մեկուսարանը, փաստաբանները ևս մի քանի փաստարկներ էին բերում, սակայն որոշում ընդունվեց Ռոբերտ Քոչարյանին մեկուսարանում թողնելու մասին: Բազմաթիվ իրավաբաններ և քաղաքական, հասարակական գործիչներ այս իրողությունը որակեցին որպես մահափորձ նրա նկատմամբ:

Հարկ է նշել, որ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն այդ նիստին ներկա չէր, քանի որ նախորդ օրը վիրահատվել էր «Իզմիրլյան» բուժկենտրոնում: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ տեղեկացրեց, որ վերջին կես տարում սա արդեն նրա երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ, և կան հստակ ցուցիչներ, որ հիվանդությունն առաջացել է հենց բանտարկության ընթացքում: Սողոմոնյանը տեղեկացրել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահովված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել վերականգնման շրջանը բուժհաստատությունում:

Երբ պատգամավորը չգիտի՝ ինչի և ում դեմ է խոսում

Մյուս աղմկահարույց իրողությունը Ազգային ժողովի հերթական միջադեպն էր: Երեքշաբթի քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերմունքը զրոյական է: Ըստ նրա՝ երկու տարի շարունակ իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական և այլ բռնությունների: Ընդ որում, նա ՄԻՊ-ի կանոնադրությունում չի գտել կետ, որտեղ ասվում է՝ եթե բռնություն է գործադրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցչի նկատմամբ, պաշտպանը պետք է լռի: Ակնհայտ դարձավ, որ պատգամավորը չգիտի նույնիսկ, որ մարդու իրավունքների պաշտպանություն նշանակում է հասարակությանը պաշտպանել իշխանություններից, ոչ թե հակառակը:

«Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Սարսափելի գիտամշակութային կորուստ

Հայ և միջազգային գիտական հանրությունը չափազանց ցավալի ապրումներ ունեցավ:  

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ այրվել է Հայաստանի ազգային գրադարանի թվային շտեմարանի կայանը՝ սերվերը, որն ամփոփում էր հայերեն գրականության միլիոնավոր տվյալներ (համահավաք գրացուցակ, հազարվոր գրքերի և պարբերականների թվային տարբերակները): Հրդեհը տեղի է ունեցել մայիսի 7-ին, սակայն հայտնաբերվել է գրեթե մի շաբաթ անց, երբ բազմաթիվ ընթերցողներ ահազանգ են հնչեցրել, որ չեն կարողանում օգտվել գրադարանի կայքից: Ի չիք է դարձել գրադարանի աշխատակիցների ավելի քան 10 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքը: Պատկան մարմինները փորձում են կոծկել իրողությունը` լուրեր տարածելով, թե կորուստն անվերադարձ չէ, գոյություն ունեն պահուստային կրիչներ, որոնց շնորհիվ կարելի է վերականգնել նյութերը, հրդեհը տեղի է ունեցել հոսանքի տատանման հետևանքով և այլն: 

Փաստն այն է, որ արտակարգ դրության պայմաններում, երբ գրադարանը փակ էր, անտերության է մատնվել, գրադարանի տնօրինությունը անհրաժեշտ հսկողություն և հերթապահություն չի սահմանել, և պատահարը վերագրել սոսկ անփութությանը կամ տեխնածին վթարին, կնշանակի այս ահռելի կորուստը կոծկելու և մեղավորներին պատասխանտվության չենթարկելու դիտավորություն դրսևորել: Հետագա իրադարձությունները ցույց կտան, թե որքանով է հիմնավոր տվյալ կասկածը:

Նիկոլ Փաշինյանի հերթական 100 «ձեռքբերումները»

Այս ամենի խորապատկերում Նիկոլ Փաշինյանը ընթերցեց իր հերթական 100 ձեռքբերումները, որոնց դժվար է ասել, թե հանրության քանի տոկոսն է լուրջ վերաբերվում, քննադատական արձագանքները միայն երգիծական բնույթ ունեին: Նա հանրությանը խիստ հետաքրքրող որևէ հարցի չպատասխանեց՝ սկսած Միքայել Մինասյանի տեսագրություններում հայտնված փաստերից, որոնք Նիկոլ Փաշինյանին վերբերող ուղղակի մեղադրանքներ էին բովանդակում որոշակի քրեական մեքենայությունների կապակցությամբ, և վերջացրած ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի շուրջ բանակցություններով: Եվ այս համգամանքը որևէ զարմանք և ցնցում չառաջացրեց: Նա մեկ անգամ արդեն հայտարարել է՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք: Եթե նրան հարցնեն՝ չէ՞ որ երկու տարի առաջ ասում էիք՝ առանց ժողովրդի համաձայնության որևէ որոշում չի ընդունվի, նա կպատասխանի՝ էդ ե՞րբ եմ ասել, ինչ որ չեմ հիշում: Փաստ է՝ մի քանի օր առաջ, երբ նրան հիշեցրին, որ ասել է, թե կորոնավիրուսն ում շունն է, պինցետով ու թթի արաղով կոչնչացնենք, զարմացավ. չի հիշում, ե՞րբ է ասել:  

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին