Ցանկանում եմ մեջբերել Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքի կառույցի խնդիրներին վերաբերող հատվածից։ Այսպիսով, ՀՀ Հանրային խորհրդի խնդիրներն են` քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը. պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը.Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը. հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը. ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
Միով բանիվ, հանրային երկխոսություն, աջակցություն, գործընկերային հարաբերությունների կառուցում և այլն։
Այժմ ուզում եմ մասնավորեցնել ու փորձել հասկանալ, թե որքանո՞վ է կառույցի գործունեությանը նպաստում կանանց թիրախավորելը, ծաղրելը, նրանց վերաբերյալ հանրային տարբեր՝ էթիկապես ցածր քննարկումներ խթանելը։
Շատ կցանկանայի, որ այս երկրում յուրաքանչյուր կառույց, առավել ևս այդ կառույցի ղեկավար, մնար իր գործառույթների շրջանակներում և նպաստեր պետականաշինության գործընթացին՝ գաղափարներով և հանրային բարձրորակ քննարկումներով լցնելով դաշտը։
Հոգնել եմ արձագանքողի կարգավիճակից։
Իմաստներ ու բովանդակություն ստեղծելը դարձել է մեծ ճոխություն Հայաստանում, ինչը ցավալի իրողություն է։