Փաստաբան Սեդա Սաֆարյանն այդ ամենը կարող էր անել հաշտության ու համերաշխության ճանապարհով, ոչ թե մեզ վրեժխնդիր սարքեր, ու հետագայում նաեւ մարդասպան։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Զոդի կամրջի վթարի գործով դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասացին վթարի հետեւանքով մահացածների իրավահաջորդներն ու գործով տուժածները։
«էս վրեժխնդրությունը ստեղծել է Սեդա Սաֆարյանը։ Սեդա Սաֆարյանն էն ժամանակ փորձ արեց փոխել հոդվածը։ Սեդա Սաֆարյանը բարձրակարգ իրավաբան է, բայց ումից ում է պաշտպանում»,- ասացին նրանք։
Մահացածներից մեկի իրավահաջորդն ասաց, որ առայժմ դատավարությունից որեւէ ակնկալիք չունի. «Նստած տեղը քմծիծաղ էր տալիս, իսկ նրա դատապաշտպանը մայր կոչվելու իրավունք չունի։ Անցած դատական նիստին էլ մարդասպանի կինն էր այստեղ ու ինչ հիստերիկություն էր անում, պատճառաբանում էր՝ մենք էլ մեր պատճառներն ենք ունեցել՝ ցավակցություն չհայտնելու։ 7 հոգու ողջ-ողջ դնես վառես, հետո փախչես, էսօր էլ գաս ասես՝ սուտ ես ասում, 70 արագությամբ չեմ գնացել»։
Նշենք, որ այսօրվա դատավարությանը հարցաքննվեցին գործով վկաները։
Ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։