Իսկապես 6–րդ գումարման խորհրդարանի գործունեությունն ընթացել է շատ յուրահատուկ պայմաններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք էին Արցախի 6–րդ գումար խորհրդարանի մարտահրավերները եւ արդյոք խորհրդարանը կարողացա՞վ այդ մարտահրավերներին համահունչ աշխատել։
«Եթե 2015 թվականից հետեւենք՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, այս ընթացքում խորհրդարանի կողմից արտահերթ նիստ հրավիրելու հանգամանքը, հատուկ հայտարարություն ընդունելը, որից հետո՝ 2018 թվականին կապված մեր երկրում նոր սահմանադրության ընդունման հետ խորհրդարանի գործառույթների ընդլայնումը եւ առաջին անգամ խորհրդարանում հանրապետության նախագահի ընտրությունը, որը կարծում եմ նույնպես խորհրդարանը քաղաքական իմաստով պատվով է անցել հաշվի առնելով, որ դա տեղի է ունեցել առանց ցնցումների, առանց քաղաքան ացասական հետեւանքների, որից հետո ՀՀ–ում ունեցել ենք նոր զարգացումներ եւ դրա հետ կապված՝ ՀՀ 7–րդ գումարման Ազգային ժողովը, նոր գումարման ԱԺ–ի հետ հարաբերությունների վերսկսումը։ Մեզ հաջողվել է քաղաքական բոլոր ուժերի հետ սերտ կապեր ստեղծել եւ այս ընթացքում արդյունավետ քայլեր ձեռնարկել»,– ասաց նա։
Ղուլյանի խոսքով՝ վերջին մարտահրավերը կորոնավիրուսի հետ կապված նոր իրավիճակն է. «Սա նոր մարտահրավեր է եւ ինձ թվում է նոր գումարման խորհրդարանին վիճակված է լինելու որոշակի օրենսդրական հարցերի անդրադառնալ կապված մեր երկրում իրավիճակի հետ կապված։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր խորհրդարանի քաղաքական պահվածքից»։