Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։ Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին:
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը` ճանաչվելով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:
Ինչպես փոխանցում է novostink.ru կայքը, ջութակահարին պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում հունվարի 18-ին: Ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը:
Միաժամանակ Սերգեյ Խաչատրյանն արժանացել է նաև մրցանակի` շվեյցարական 75 հազար ֆրանկ գումարի չափով, ինչը երաժշտական բնագավառում «ամենաթանկ» մրցանակներից մեկն է: Մրցանակը նաև ենթադրում է, որ ջութակահարը կմասնակցի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգի:
Այն Գուստավո Դուդամելյայի ղեկավարությամբ կկայանա սեպտեմբերի 13-ին: Google+ համակարգում շվեյցարական բանկի վերջին հրապարակային գրվածքը վերաբերում է հայ երիտասարդ երաժշտին. նրան շնորհավորել են հաջողության ու կոչմանն արժանանալու համար:
Սերգեյ Խաչատրյանի վերջին համեգը Երևանում կայացել է 2013 թ. սեպտեմբերի 15-ին, երբ նա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740 թ. Ջ.Գվարներիի ստեղծած «Իզայի» ջութակով, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական Nippon երաժշտական հիմնադրամը: Համերգի նախօրեին հրավիրված ասուլիսում Խաչատրյանը խոստովանել էր, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ զգացողություն է, որն այլ բեմերում հնարավոր չէ ապրել։
Ծնվել է 1985թ. ապրիլի 5-ին, Երևանում: Դաշնակահար Լուսինե Խաչատրյանի եղբայրն է: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկան հասակից: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում: 1993թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ուսումը շարունակել է Վուրցբուրգ քաղաքում` պրոֆեսոր Գ.Ժիսլինի դասարանում: 9 տարեկանում առաջին անգամ որպես մենակատար հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ:
1996թ-ից սովորել է Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում՝ Յոզեֆ Րիսսինի ղեկավարությամբ: Վաղ տարիքից մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ որպես մենակատար հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 15 տարեկանում դարձել է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստացել «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը:
Մասնակցել է բազմաթիվ երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների` Ֆ.Կրեյսլերի անվան մրցույթի 1-ին մրցանակ (2000թ.), Լ.Շպորի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (2000թ.), Պ.Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (), Ինդիանապոլիսի միջազգային երաժշտական մրցույթի 2-րդ մրցանակ (2002թ.) և այլն:
2005թ. Բելգիայի Եղիսաբեթի թագուհի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակին և 4 տարով ստացել է Ստրադիվարիուսի 1704թ. պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը: Ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմորի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիեթլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ:
Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ: 2013-14թթ սեզոնին կատարել է Բերգի կոնցերտը, Դավիդ Աֆքհամի հետ:
Պարբերաբար քրոջ հետ հանդես է եկել դուետով և միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր: Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում: Հանդես է եկել նաև տրիոյի կազմում՝ Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ: Ջութակահարի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները:
Այժմ նվագում է Գվարներիի 1740թ. պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային:
2015թ. քրոջ հետ թողարկել է հայ կոմպոզիտորների երկերի կատարումնեով՝ «Իմ Հայաստան» ձայնասկավառակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: 2014թ. ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: