Մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ից Գյումրու կենտրոնական հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել ՛՛Իմ Գյումրի՛՛ քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը: Քաղաքացին նշում է՝ իր քայլը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, սա քաղաքացիական պահանջ է:
- Մեր նպատակն է՝ տեր կանգնել հեղափոխությանը և կարողանանք սկիզբ դնել հեղափոխության ավարտին: Որովհետև վերջին ժամանակներս, ոնց հասկանում ենք, երկրի վիճակը պայթյունավտանգ է, - ասում է քաղաքացին:
Արտյոմ Թումանյանը նաև նշում է ՛՛Իմ Գյումրի՛՛քաղաքացիական նախաձեռնությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին և պահանջում է, որ վաչապետը գա Գյումրի ու տեր կանգնի հեղափոխության արժեքներին: Թե հատկապես ինչ վտանգներ է տեսնում, Թումանյանը ասում է.
- Օրինակ, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ, ուժային կառույցներն իրենց տեղում չեն: Փաստը վերջին ամիսներին կատարվող իրադարձություններն են, ամենաթարմ դեպքը՝ երեկ նորից սպանություն եղավ: Պարզապես չի կարելի հենց էնպես անցնել այս ամենի կողքից: Բայց այս պահին, բացի վարչապետից, ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում. նա ոստիկանության պետ է, ԱԱԾ պետ է, գլխավոր դատախազ է:
Արտյոմ Թումանյանն ասում է՝ իր հացադուլը շարունակվելու է այնքան մինչև Փաշինյանը Գյումրի կգա, քաղաքացիների կողմից մշակված 10 հարց կա, որոնք պետք է քննարկել նրա հետ, ստանալ պատասխանը:
- Իմ հացադուլի միակ պահանջն է, որ Փաշինյանը գա՝ մի հատ հասկանանք ինչ ենք անում, ի վերջո հեղափոխությունը այստեղից է սկսվել: Եթե չի գալիս՝ ուրեմն ես ավելի լավ է էսպես իմ քաղաքի մեջ անզգայանամ մինչև այն աստիճանի, որպեսզի հասկանա՝ իրականությունը սա է, - ասում է Արտյոմ Թումանյանը:
Քաղաքացին նաև հայտնեց, որ գիշերը նույնպես մնալու է հրապարակում: