Այս գրառումը հրապարակում եմ 10 օր ուշացումով հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուստեք կրքերը բորբոքված էին և ամեն մի խոսք կարող էր ստեղծել անհիմն լարում: Գործով պաշտպանում եմ 3 անձի: 3 էլ ձերբակալված են ոստիկանության «հաստիքային» վկաների ցուցմունքների հիման վրա: Ընդ որում` ոստիկանները 2 պաշտպանյալներիս տեսել էն 120 կմ հեռավորությունից, քանի որ նրանք դեպքերի բուն ընթացքի ժամանակ եղել են Երևանում, իսկ մյուս պաշտպանյալիս շուրջ 300 անձանցից միայն 1 ոստիկան է տեսել զանգվածային «անկարգության» մասնակցելիս:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը ցանկանալով ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը, մոտավորապես, աչքաչափով, անձանց կալանավորում են: Սա նաև խոսում է այն մասին, որ ոստիկանությունում շարունակվում են «հաստիքային» վկաների կիրառությունը: 7 ոստիկան «տեսել» է զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին: Նրանք եղել են ճնշման տակ և ստիպված տվել են կեղծ ցուցմունքներ, իսկ իմ հարցին ի պատասխան ասել են, որ` 10 տարի համակարգում ես եղել, չգիտես ոնցա լինում: Իհարկե գիտեմ, բայց ցավում եմ, որ այդպիսի գործելաոճը տեղ է գտնում այսօր: Ինչևիցե ես հավաքագրել եմ բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, տեսանյութերը, հեռախոսային վերծանումները, վկաներին, ում միջոցով հիմնավորելու եմ պաշտպանյալներիս անմեղությունը և «հաստիքային» ոստիկանների (շարքայինից մինչև տարածքային ոստիկանապետ) կողմից ակնհայտ կեղծ ցուցմունք տալու հանգամանքը, որոնք ստիպված եմ ի շահ պաշտպանյալներիս փոխանցել իրավասու մարմին: Շա՜տ ափսոս պարոնայք սպաներ, շա՜տ ափսոս: