Վերջին օրերին վարչապետից սկսած, ԱԺ պատգամավորներով ավարտած, իշխանական թեւը խոսում է իրենց հասցեին հնչող սպառնալիքների եւ հայհոյանքախառը մեկնաբանությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ որոշակի «անէության թմբիրից» հանել հարգելի իշխանավորներին ու եւս մեկ անգամ ընդգծել, որ յուրաքանչյուր օր ես՝ մենք, ենթարկվում ենք շատ ավելի մեծ հոգեբանական ճնշման, հնչում են շատ ավելի նողկալի հայհոյանքներ ու սպառնալիքներ հենց Ձեր իշխանության աջակիցների ու համակիրների կողմից, էլ չեմ խոսում այն ֆեյքերի համակարգված աշխատանքի մասին, որին ականատես եմ լինում յուրաքանչյուր անգամ, օրինակ, քաղաքային իշխանության թերությունն ընդգծելուց հետո։
Այդ հայհոյանքներն ու սպառնալիքները երկուստեք անընդունելի եւ դատապարտելի են։ Բայց գեթ մեկ անգամ, որեւէ մեկիդ շուրթերից չլսեցի, որ դատապարտեիք ընդդիմախոսի հասցեին հնչած որեւէ հայհոյանք, որոնք ամենօրյա բնույթով հնչում են, օրինակ, իմ եւ ընտանիքիս հասցեին։ Երբ սթափ կնայեք ու կվերագնահատեք՝ ու՞ր է հասել ատելության մթնոլորտն ու ամենաթողությունն այս զգայուն դաշտում, այն ժամանակ ես կհարգեմ Ձեր ցանկացած խոսք ու պայքարի միջոց՝ իրավիճակը շտկելու համար։
Արման Թաթոյանը բազմիցս վերջին շրջանում խոսել է ատելության խոսքի, լարված իրավիճակի եւ այս նողկալի եւ անթույլատրելի դրության մասին։ Իսկ ո՞վ է ասել, որ Մարդու Իրավունքների Պաշտպանը պետք է խոսի ու դատապարտի միայն իշխանության հանդեպ բռնությունը։ Ո՞վ է ասել, որ իշխանական թեւն ընտրյալ է եւ միայն նրանց իրավունքները պետք է ընդգծել, կամ իշխանական կանայք ավելի խոցելի են, քան ես»: