f

Անկախ

Նորմալ բաներ աննորմալ ժամանակներում


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը գրող, սկսնակ ռեժիսոր Նաիրի Հախվերդին է։ Վերջին երկու ամիսների ընթացքում Նաիրիի ՖԲ էջի հետևորդներն ականատես էին լինում «Life during Covid-19․ view from my balcony» խորագրով նկարների, որոնք ամեն օր ներկայացնում էին մի նոր ու հետաքրքիր տեսարան զրուցակցիս պատշգամբից՝ բացահայտելով կորոնավիրուսյան մեր առօրյայի այս կամ այն կողմը։ Հիմնականում հենց այդ նկարների շուրջ էլ զրուցել ենք Նաիրիի հետ։  

Նա բավականին երկար տարիներ զբաղվել է գրական երկերի թարգմանությամբ, զուգահեռ նաև գրել է, բայց իր գործերը երբևէ չի հրապարակել։ Եվ քանի որ զրուցակիցս մշտապես սիրել է նաև կինոարվեստը, վերջին տարիներին սկսել է սցենարներ գրել կինոնկարների համար։ Անգամ ունի նկարահանած մեկ վավերագրական ֆիլմ՝ «Ավլելով Երևանը», որն այս տարի ուղարկել են տարբեր փառատոների։

 Նաիրին հայտնում է՝ այս շրջանում հենց աշխատում է նոր խաղարկային կինոյի սցենարի վրա (ռեժիսոր՝ Լիլիթ Մովսիսյան, ֆիլմարտադրող՝ Ինեսա Մկրտչյան), բայց ոչ վերջին շաբաթներին․ նախկին աշխարհի բացակայությունը կարծես խանգարում է պատկերել գործողությունների հաջորդականությունն այս նոր ժամանակներում։ Ինչպես նաև մտավախություն կար, որ արտակարգ դրության ավարտից հետո գուցե արդեն սցենարն էլ փոխելու կարիք լինի։

 «Առօրյաս հետաքրքացնելու համար սկսեցի փնտրել մեկ այլ զբաղմունք։ Առաջին օրերին, երբ նստած էի իմ պատշգամբում, որտեղ տարիներ շարունակ սուրճ եմ խմում՝ ինքս իմ աշխարհում պարփակված, հանկարծ տեսա, որ իմ շուրջը բաներ են կատարվում, որ նախկինում էլ են կատարվել, և ես հաստատ տեսել եմ, բայց ոչ մի ուշադրություն չեմ դարձրել, իսկ մեկուսացման այս օրերին դրանք կարծես թե աչք են ծակում։ Նորմալ երևույթները տարօրինակ էին դիտվում զուտ նրա համար, որ ժամանակներն էին տարօրինակ։ Ասենք, իրար հետ կանգնած մի խումբ ծխող և շինարարական աշխատանքից հանգստացող տղաների նախկինում ոչնչով աչքի չընկնող տեսարանն այժմ ծնում է մի շարք հարցեր, օրինակ՝ ինչու՞ են իրար այդքան մոտ կանգնած կամ ընդհանրապես ինչու՞ են արտակարգ դրության ժամանակ զբաղվում վերանորոգման աշխատանքներով։ Եվ ծնվեց նման տեսարաններն ամրագրելու ցանկություն։ 

Եվ եթե անկեղծ ասեմ՝ ամեն անգամ, երբ որևէ հետաքրքիր դեպքի եմ հանդիպել, ավելի շատ նկարահանել եմ, քան նկարել, որովհետև արտակարգ դրության ավարտից, աշխարհում կորոնավիրուսի վտանգի մեղմացումից հետո մտածում եմ  վավերագրական կինո ստեղծել իմ նկարահանած նյութերով։ Ինչ վերաբերում է ՖԲ էջումս տեղադրած նկարներին (դրանք իրականում շատ ավելին են), նկարել եմ ավելի շատ իմ տվյալ օրվա հետաքրքրության համար: 

Ի դեպ, ընկերներիցս մեկի հետ մեկուսացման առաջին օրերին զրուցում էինք, որ կարող ենք անգամ ամեն մեկս մեր պատշգամբից նկարահանումներ անել ու արտակարգ դրության ավարտից հետո միացնել իրար և դարձնել մեկ ամբողջական ֆիլմ։ Այդ մտքից էլ ոգեշնչված՝ նկարել եմ իմ առաջին նկարը։ Եվ այդպես շարունակ։ Ու ծնվեց շարքս՝ «Կյանքը կովիդ-19-ի ընթացքում․ տեսարան իմ պատշգամբից»։ 

Առանց բացառության նկարել եմ ամեն օր։ Դա կարծես ինքս ինձ վրա դրված ամենօրյա հանձնարարություն լիներ, ինչ-որ առումով մարտահրավեր, որ պիտի անպայման հաղթահարեի և  իմ հետևորդներին ցույց տայի հենց այդ օրվա ընթացքում նկարած նկարս։ Չգիտեմ՝ ՀՀ կառավարությունը արտակարգ դրությունը շարունակելու հետ կապված ինչ վերջնական որոշում կընդունի, բայց այս պահին արդեն նկարել և տեղադրել եմ վերջին նկարը, զուտ այն պատճառով, որ կյանքը կարծես թե ընթանում է իր նորմալ հունով։ Ընդամենը մի քանի օր առաջ ինձ հետաքրքիր էր նկարելը, որովհետև այդ նկարներն, այսպես ասած, նորմալ բաներ էին պատկերում աննորմալ ժամանակներում։ Հիմա դրանք արդեն վավերագրեր են»,-ասում է Նաիրին և շարունակում․ «Արտակարգ դրություն հայտարարելուց հետո կարծում էի, որ փողոցում շատ քչերին կտեսնեմ, բայց նկարահանումների ընթացքում հանդիպեցի մարդկանց երկու խմբի․ մի մասը լուրջ էին ընդունում համավարակը և հետևում էին մեկուսացման հետ կապված բոլոր հրահանգներին, իսկ մյուս մասն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում կանոններին և չէր վախենում ո՛չ իրենց, ո՛չ էլ ընտանիքի անդամների առողջության համար։ 

Ժամանակ առ ժամանակ փողոցում շատացող մարդիկ՝ առանց դիմակների ու առանց անհրաժեշտ հեռավորության պահպանման, ինձ մտածել էին տալիս՝ արդյոք, մեր հասարակությունը հասկանում է այս համավարակի լրջությունը, թե ոչ։ Բայց մյուս կողմից էլ գիտակցում էի՝ կան շատերը, որ ընտանիքի մեծաթիվ անդամներով ապրում են փոքրիկ բնակարաններում և անգամ պատշգամբ չունեն։  Եվ պարզ է, որ նրանք օրվա ընթացքում պիտի ցանկանային դուրս գալ։ Ինձ համար այս առումով անհամեմատ հեշտ է․ ես մենակ եմ ապրում, ուստի չեմ նեղվում ուրիշների ներկայությունից, և երբ ուզում եմ, կարող եմ պատշգամբ դուրս գալ և այլն։ Իրականում, ինձ համար այնքան էլ դժվար չեն անցել մեկուսացման այս շաբաթները, որովհետև, որպես թարգմանիչ ու սցենարիստ, հիմնականում իմ աշխատանքը տանից եմ կատարում, հետևաբար, սովոր եմ տանը մնալուն, տանից աշխատելուն։  Եվ եթե անգամ  չլինեին վերջին շաբաթներին պատշգամբից կատարվող իմ նկարահանումները, հաստատ կկարողանայի մեկ այլ բանով լցնել օրս»։ 

Նաիրին մանրամասնում է՝ հաճախ պատշգամբի փոքրության պատճառով շատ դժվար էր լինում տեսախցիկն այնպես հարմարեցնել, որ ստանար իրեն անհրաժեշտ գեղեցիկ կադրը, և որ տեսախցիկն էլ ցույց տար այն, ինչը տեսնում ես սեփական աչքերով։ Բայց այս սահմանափակումներն այնքանով էին հետաքրքիր, որ օգնում էին  հարցին ստեղծագործաբար մոտենալ։ Տեսախցիկի հնարավորություններով սահմանափակված աշխարհն ավելի հետաքրքիր էր լինում բացահայտել։  

Այս ընթացքում զրուցակիցս գրեթե ոչ մի գրառում չի կատարել ՖԲ-ում․ նկարները բավարար էին ներսում եղածի արտահայտման համար։ Նա ոգևոված է եղած արձագանքներից։ Մարդիկ ցանկանում էին տեսնել իրենց մեկուսացման առանձնահատկությունները կողքից, դիտել կյանքը տեսախցիկի աչքով։ «Նրանք գրում էին, որ ամեն հաջորդ օր սպասում են նոր նկարի, հատկապես այն ընկերներս, որոնք այս ընթացքում Հայաստանում չէին։ Դա նրանց հետաքրքիր էր ճիշտ այնպես, ինչպես որ ինձ իմ նկարելու և նկարահանելու ընթացքը։ Աստիճանաբար հասկացա նաև, որ ինքս էլ ցանկանում եմ ամեն օր այդ նկարներով կիսվել մարդկանց հետ։  

Հետաքրքիր էր նաև այն պահը, թե ինչու էին որոշ օրերի նկարներ արժանանում շատ հավանումների, որոշները՝ անտեսվում։ Մի դեպքում մարդկանց կարող է ձգել նկարի արտաքին տեսքը, մյուս դեպքում՝ բովանդակությունը։ Համոզվեցի շատ հայտնի ճշմարտության մեջ՝ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում երեխաների ու կենդանիների նկարներին։ Ի վերջո, հասկանալի է՝ դա ավելի գրավիչ է, քան, ասենք, շինարարություն անող տղամարդու լուսանկարը։ 

Միշտ գնացել եմ բովանդակության հետևից։ Եթե անգամ նկարն ինձ դուր չէր գալիս տեխնիկական առումով, միևնույն է, տեղադրում էի, որովհետև դա տվյալ օրվանից իմ ստացած բովանդակությունն էր։ Եվ ես չէի ուզի կեղծել՝ տեղադրելով մեկ այլ օրվա ընթացքում արված նկար»,-նշում է Նաիրին ու ևս մի անգամ շեշտում՝ նկարների առումով իրականում ոչինչ չունի ծրագրած, բայց նկարահանումները, քանի որ ցանկանում է դարձնել վավերագրական կինո, Սարյան փողոցի վրա գտնվող իր տան պատշգամբից դեռ կշարունակի այնքան, քանի դեռ աշխարհում ու մեր երկրում կորոնավիրուսը չի նահանջել։ Իհարկե, այսուհետ կնկարահանի ոչ ամեն օր, բայց հետաքրքիր պահերի հանդիպելու դեպքում ինչ-որ պարբերականությամբ եղած նյութին կավելանան նորերը։

Մեր զրույցը Նաիրին ավարտում է հետևյալ խոհերով․ «Ես հասկանում եմ, որ այս ամիսները շատերի համար ծանր ու փորձություններով լի ընթացք էին, թեկուզ հենց միայն ֆինանսական առումով, ուստի ինչ-որ տեղ ծիծաղելի է հնչում այն միտքը, որ այդ մարդկանց ասես՝ նստեք տանը, գիրք կարդացեք, հետաքրքիր ֆիլմեր դիտեք կամ մեկ այլ բան։ Ուստի չեմ ուզում մեր հասարակությանը որևէ խորհուրդ տալ, որովհետև ամեն մեկն իր ձևով է ապրում այս ընթացքը, վերլուծում ու ընդունում։ Անգամ ես, որ սովոր էի տանից աշխատելուն, պահ էր գալիս՝ կարոտում էի, ցանկանում անմիջական շփման մեջ լինել ընկերներիս հետ։ Եվ համացանցն ու հեռախոսն այլևս չէին բավարարում։ Բայց քանի որ հասկանում ես՝ ամբողջ աշխարհն է գտնվում նույն վիճակում, կարծես հոգեպես թեթևանում ես։ Եվ, ի վերջո, իմ պատշգամբ դուրս գալու հնարավորությունն ու այս նկարահանումները, որ ինքս ինձ համար դիտարկում էի որպես աշխատանք, ևս օգնեցին սրտապնդվել ու դիմանալ»։

 

                                                                                                                                        Արփի Խաչատրյան

Նաիրի Հախվերդի 2019-nCoV կորոնավիրուս

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին