f

Անկախ

Հորս համար պատերազմում փրկությունը խորհրդանշում էր մեկ այլ օր՝ դեկտեմբերի 1֊ը.Վահան Իշխանյան


Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը հիշում էր մայիսի 9֊ը՝ հենց լսեցին որ պատերազմն ավարտվել է վիրավոր զինվորներից մեկը կախված թևը պոկեց ու օդի մեջ թափահարեց։ Բայց հորս համար պատերազմում փրկությունը խորհրդանշում էր մեկ այլ օր՝ դեկտեմբերի 1֊ը, որը նա որպես իր երկրորդ ծննդյան օր էր նշում, իրական ծնդյան օրը՝ մարտի 9-ը չէր նշում, իսկ այս մեկը նշում էր։ Հորս մահից հետո միայն մայրս է հիշում դեպտեմբերի 1֊ը, մեկ էլ ասում է էսօր հորդ ծննդյան օրն է։ Հաղթանակի 75 ամյակը առիթ է նրա այդ երկրորդ ծնունդը հիշելու։ Ինչո՞ւ դեկտեմբերի 1֊ը, Ռաֆայել Իշխանյանը գրել է այս պատմվածքում.

ԲԺԻՇԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

1941 թվականի նոյեմբերն էր: Ես գերմանական գերության մեջ էի: Շեպետովկայի գերիների ճամբարից բերել էին Բրեստ-Լիտովսկ: Ահավոր ճամբար էր: Դեկտեմբերին մոտ 8 հազար մարդ կար, փետրվարին՝ 400: Մնացածը մեռել էին՝ սովից, տիֆից, դիզենտերիայից:

Ճամբարը բաղկացած էր մի քանի փայտաշենքից (բարաքից): Կարգը պաշտպանում էին ոստիկանները, որոնք գերիներից էին. Նրանց գերմանացիները լավ սնունդ էին տալիս: Կարգ պաշտպանում էին հատուկ մտրակներով, աջ ու ձախ խփում էին: Կարգը հիմնականում պաշտպանվում էր ճաշ բաժանելիս: Սկզբում ոստիկանների պետը մի գերմանացի զինվոր էր: Հետո նա անհետացավ: Ասում էին, որ մտրակով գերիներին խփելիս ոջիլ է ընկել վրան, եւ վարակվել է բծավոր տիֆով:

Ճամբարն ուներ հիվանդանոց: Այնտեղ կարելի էր ընկնել միայն մի կերպ. երբ առավոտյան տաք ջուր էին բաժանում (կոչվում էր թեյ), պետք էր ճաշարան կոչվածի կողքին ընկնել: Մի ոստիկան կար ուկրաինացի՝ Շչերբակ, գալիս սկսում էր ընկածներին մտրակով ծեծել: Ով վեր էր կենում փախչում, նշանակում էր, որ հիվանդ չէ, իսկ ով դիմանում էր, մնում էր ընկած, համարվում էր հիվանդ, ոստիկանները ձեռքերից բռնում, քարշ էին տալիս հիվանդանոց:

Ընդհանուր ճամբարում մնալն այլեւս անհնար էր: Ոջլի մեջ թաղված էինք՝ գլուխ, հոնք, թարթիչներ, ամբողջ ոջիլ էր, հագուստներս ոջիլ, շինելս ոջիլ, խլվլում էին: Բռով աչքերիս խոռոչներից ոջիլները հանում, թափում էի: Ահավոր ցուրտ էր՝ դուրսն էլ, փայտաշենքի ներսում էլ, հագուստը հանելու, թափ տալու հնարավորություն չկար: Քաղցած էինք՝ ամեն օր, առավոտ, կեսօր, երեկո, զարհուրելի քաղց: Քնում էի, երազում լավ-լավ ուտելիքներ տեսնում (ասում են՝ սովի ժամանակ այդպես է լինում), սկսում էի ուտել, զարթնում էի եւ զգում, որ բերանս լիքը ոջիլ է, ծամում եմ:

Այսպես էին բոլորը: Ճամբարում մարդակերության դեպքեր եղան. պատռում էին մեռածի փորը, ինչ-որ ներքին մասեր հանում, ուտում: Բայց հայերի մեջ այդպիսի դեպք չեղավ:

Քնում էինք հարկատախտակների (նառերի) վրա: 5-6 հարկանի էին, մի կերպ խցկվում էինք արանքից ներս, իրար կիպ կպած քնում: Հաճախ առավոտյան զարթնում էի՝ կողքիս պառկածը կամ երկու պառկածները մեռած էին լինում: Առավոտյան շուտ հերթապահ ոստիկանը գալիս էր, պառկածների ոտքերը շարժում ու գոռում՝

– Ժիվո՞յ:

Եթե պառկածը ձայն էր հանում, նշանակում էր, որ կենդանի է, եւ ոստիկանը հաջորդի ոտքն էր շարժում եւ նույնը գոռում: Իսկ եթե պառկածը ձայն չէր հանում, նշանակում էր, որ մեռած է, ոստիկանը ոտքից քաշում էր ու շրխկալով գետին գցում: Հետո դրանց դարսում էին սայլակի մեջ ու կրում դեպի փորած հսկա փոսերը, թաղում: Պատահում էր, որ կենդանի, բայց լիովին հյուծված մարդկանց իբրեւ դիակ հարկատախտակից գցում էին, տանում թաղում:

Ես զգում էի, որ իմ հերթն է գալիս եւ որոշեցի մի կերպ դիմանալ Շչերբակի ծեծին ու ընկնել հիվանդանոց:

Եվ դիմացա: Ինձ քարշ տալով տարան, գցեցին հիվանդանոցի բակը:

Ճամբարը երկտակ փշալարով էր պատած, փշալարի երկու շարքերի միջեւ խճճած փշալար էր: Անկյուններում փոքր աշտարակներ էին, վրանները գերմանացի զինվորներ՝ գնդացիրով ու լուսարձակով: Ընդհանուր ճամբարը հիվանդանոց կոչվածից մի տակ փշալարով բաժանված էր: Իսկ հիվանդանոցի կողքին բժիշկների տունն էր, նույնպես փշալարով առանձնացված: Դրանք գերի բժիշկներ էին, բայց մեր համեմատ հրաշալի պայմաններում՝ ուտելիքն էլ առանձին էր:

Հիվանդանոցի բակ ընկնողն արդեն հիվանդանոցում էր, կարող էր մտնել հիվանդանոցային փայտաշենքը: Շատ շուտով պարզվեց, որ հիվանդանոցի եւ ընդհանուր ճամբարի միջեւ տարբերություն չկար՝ նույն սովը, նույն ոջիլը, նույն մահերը: Հիվանդանոցի փշալարի տակ ինչ-որ մարդիկ կարտոֆիլի կճեպ էին թափում: Դա լավ էր՝ ուտում էինք: Որոշ ժամանակ անց տարան նոր կառուցված բաղնիք, մեքենա տվեցին իրար գլուխ խուզեցինք, իսկ հագուստներս վերցրին ախտահանման: 4-5 ամիս շոր չէինք հանել եւ հանկարծ մերկանում ենք, որ լողանանք:

Բաղնիքը ջրով լի մի քանի փայտե դույլ էր, բայց ինձ զարմանք պատճառեց այն, որ մենք բոլորս ոչ թե մերկ մարդիկ էինք, այլ նմանվում էինք շարժվող կմախքների, անգամ հետույք չկար, կնճռոտված մաշկը ծածկված էր սեւ կետերով:

Լողացած, ոջլից վերջապես ազատված մեզ այլ փայտաշենք տարան: Սննդի տեսակետից ոչինչ չփոխվեց. մի կտոր հաց (երեւի 100 գրամ) ու սուտ թեյ, մի անգամ բալանդ (վռիկ): Այս նոր փայտաշենքում էլ ժողովուրդը կոտորվում էր, նույն ձեւով առավոտները մեռածներին ու կիսամեռածներին ջոկում, տանում էին:

Հիվանդանոց կոչվող այդ փայտաշենքում 7 թե 8 հայեր էինք՝ իրար գլխի հավաքված: Ամենից շատ ուտելիքից էինք խոսում: Այդտեղ առաջին անգամ նկատեցի, որ ահավոր ծանր պայմաններին հայերը մյուս ազգերի համեմատ ավելի լավ են դիմանում: Հիշում եմ որքան շատ էին մահանում ռուսները, վրացիները, Միջին Ասիայի մարդիկ: Մեր այդ փայտաշենքում մեկ թե երկու վրացի մնաց, այնինչ սկզբում հայերիս հավասար էին:

Բայց դե մենք՝ հայերս էլ հուսահատ էինք, որեւէ տեղից փրկություն չէինք սպասում, որեւէ լույսի հույս չկար: Նոյեմբերի վերջին ես զգացի, որ բոլորովին թուլացել եմ՝ հարկատախտակներից բռնած հազիվ քայլում էի, աչքերս գրեթե չէին տեսնում…

Մի օր էլ հայերով հարկատախտակի վրա նստած խոսում էինք: Մեկը թե՝ գիտեք, տղերք, բժիշկներից մեկը հայ ա՝ Այվազյան:

Սկսեցինք քննել, թե այդ բժիշկ Այվազյանն իրո՞ք հայ է, թե ոչ: Վերջը որոշեցինք հարցնել, երբ մեր փայտաշենքը գա: Նա գրեթե ամեն առավոտ գալիս էր՝ մի փայտ ձեռքին, նոր շինելը հագին:

Հաջորդ առավոտ երբ եկավ, իսկույն շրջապատվեց գերիներով, ամեն մեկը մի բան էր հարցնում: Ես մի կերպ մոտեցա ու հարցրի հայերեն.

– Ընկեր Այվազյան, դուք հա՞յ եք:

Այվազյանը ոչ մի բառ չասաց, բայց աչքերով նշան արեց, որ այո: Ուրախությանս սահման չկար: Եկա տղաներին ասացի: Նրանք թե՝ խնդրի, թող քեզ ընդունի սանհրահանգիչ (սանինստրուկտոր)՝ բարաքի ճաշը դու կբաժանես:

Իրոք, ճաշ բաժանողին ասում էին սանինստրուկտոր: Երեւի այն պատճառով, որ, այնուամենայնիվ, մեր փայտաշենքը համարվում էր հիվանդանոց, կար բժիշկ, պետք է լիներ նաեւ սանհրահանգիչ, ինչպես զինվորական հիվանդանոցներում էր: Բայց քանի որ դեղորայք եւ բժշկական այլ պարագաներ չկային, բուժում չկար, սանհրահանգիչը միայն ճաշ էր բաժանում: Իսկ դա նշանակում էր, որ ինքը ցանկացած չափով կարող էր իր համար բալանդ վերցնել, ծանոթներին էլ շատ լցնել:

Մեր փայտաշենքի սանհրահանգչին դարձրել էին հիվանդանոցի ավագ, ուրեմն տեղն ազատ էր: Տղաներն ինձ խրատ տվին՝ «Մեջներս գրագետը դու ես, մոտեցիր Այվազյանին ու ասա, որ սանինստրուկտոր ես, կընդունի»: Ես սանհրահանգիչ կամ նման բան երբեւէ չէի եղել, բայց համաձայնեցի ստել:

Հաջորդ առավոտ, երբ Այվազյանը եկավ, մոտեցա եւ ասացի.

– Էստեղ հայ տղաներ կան, բժիշկ, մեռնում են, մի բան արեք:

Այս անգամ երկուսով էինք, ու նա հայերեն ինչ-որ բան պատասխանեց, ափսոս, չեմ հիշում, թե ինչ: Հետո իմ մասին հարցրեց: Ի վերջո մեջ գցեցի ինձ հանձնարարված սուտը:

– Բանակում սանինստրուկտոր եմ եղել, հիմա բարաքում չկա սանինստրուկտոր…

Այվազյանը մի պահ մտածեց ու ասաց.

– Դիմում գրիր ճամբարի սանմասի պետ Լեռների անունով, վաղը կտաս ինձ:

Տղաները, չգիտեմ որտեղից, մի մատիտ գտան կես մատնաչափ, ու մի ճմռթված թղթի կտոր: Դիմում գրեցի Լեռների անունով:

Լեռները հրեա էր, դա երեւում էր թե նրա ազգանունից, թե դեմքից. սեւ խոշոր բեղեր, սեւ խոշոր աչքեր: Նա ներկայանում էր որպես ուկրաինացի եւ այդպես պահպանում էր կյանքը (թեեւ հետագայում լսեցի, որ գերմանացիներն իմացել են հրեա լինելը եւ սպանել):

Ինչեւէ: Հաջորդ առավոտյան դիմումս տվեցի Այվազյանին: Նա ինձ տարավ Լեռների մոտ, որ սա ստուգի, իրո՞ք սանհրահանգիչ եմ, թե խաբում եմ: Լեռներն ինձ մի քանի հարց տվեց: Նախ ասաց.

– Այս դեղորայքի մեջ գտիր ու բեր պիրամիդոն եւ ասպիրին: – Հեշտությամբ արեցի, իսկ նա թե՝

– Ա՜, ձեր այբուբենը լատինական է, կարդում ես ու գտնում: – Ես նրան բացատրեցի, որ մեր այբուբենը լատինական չէ, այլ 5-րդ դարում ստեղծված զուտ հայկական:

Դրանից հետո հարցրեց, թե մարդը քանի ող ունի. քանի կողոսկր ու նման բաներ: Բարեբախտաբար դպրոցից հիշում էի ու բոլոր հարցերին պատասխանեցի:

Լեռները գոհ մնաց:

Գնացի տղաներին պատմեցի: Բոլոր հայերս ուրախ էինք, լույսի նվազ ճառագայթ էր թափանցել մեր հայկական անկյունը: Այո, եթե ես ճաշ բաժանող դառնայի, հայ տղաներին ավել բաժին էի տալու, ինձ առավել եւս:

Բայց փորձանքի մեջ ընկա: Փայտաշենքում ահավոր ցուրտ էր: Ես նկատել էի, որ շատերը վզներին սրբիչ էին փաթաթել: Եվ երազում էի այդպիսի սրբիչ ունենալ վզիս փաթաթելու համար: Սովորաբար ճամբարում մարդիկ որեւէ բան ձեռք էին բերում մահացածից: Հանում էին մեռածի կոշիկները, եթե նոր էին, զինվորական բամբակե հաստ կիսավերարկուն եւ այլն: Եվ ահա ես նկատեցի մի հանգուցյալի, որ վզին սրբիչ կար, մոտեցա, արձակեցի ու իմ վզին փաթաթեցի: Այդ պահին մոտեցավ մի ռուս ու ձեռքը գցեց սրբիչին, թե՝ իմն է: Սկսվեց քաշքշոց, մարդիկ հավաքվեցին: Հանկարծ հայտնվեց Այվազյանը: Հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ռուսն ասաց, թե ես սրբիչը գողացել եմ իրենից: Այվազյանը անցավ գնաց փայտաշենքի խորքը: Սրբիչն ի վերջո ինձանից խլեցին:

Երբ Այվազյանը դուրս էր գալիս, ես մոտեցա ու հայերեն հարցրի.

– Բժիշկ, ի՞նչ եղավ դիմումս: – Նա ռուսերեն բարձր պատասխանեց, երեւի, որ շուրջը եղածները լսեն.

– Մեզ գողեր ու ավազակներ պետք չեն,- ու դուրս գնաց:

Զգացի, որ այլեւս ուժ չունեմ, ընկնում եմ: Մեծ ճիգեր թափելով հասա տղաների մոտ ու պատմեցի եղածը:

Նորից մռայլ հուսահատությունն իջավ բոլորիս վրա:

Հաջորդ առավոտ փայտաշենքի ավագը բարձր տվեց ազգանունս: Մտածեցի՝ երեւի սրբիչի պատմության հետ է կապված: Դուրս եկա կենտրոն: Ավագն ասաց, որ ես նշանակվել եմ մեր փայտաշենքի սանհրահանգիչ: Դա 1941 թվականի դեկտեմբերի 1-ն էր: Այդ օրվանից ճաշ էի բաժանում: Ուժերս սկսեցին վերականգնվել:

Այվազյանն ինձ ասաց.

– Ես բոլոր հայ տղաներին օգնել չեմ կարող, ինչ որ հնարավոր լինի քեզ կտամ, դու էլ տղաներին բաժին հանիր:

Այդպես էլ եղավ: Նախ մեր հայ տղաներին ավել ճաշ էի տալիս, հետո Այվազյանը իրենց բժիշկների ճաշից էր բերում, երբեմն հաց, եւ բաժին էի հանում տղաներին: Այդպես հասանք մինչեւ փետրվար, եւ մեզ տեղափոխեցին այլ ճամբար՝ Կոբրին:

Պարզ է, որ Սերգո Այվազյանի շնորհիվ իմ ու մի քանի ուրիշ հայերի կյանքը պահպանվեց:

Սերգո Այվազյանը գյումրեցի էր, Թիֆլիսում ապրած: Հասկանալի էր նրա խորամանկությունը՝ ռուսների մեջ ձեւանալ, որ հայ չէ, բայց հայերին գաղտնի օգնության ձեռք մեկնել:

Վահան Իշխանյան Ռաֆայել Իշխանյան Հայրենական պատերազմ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հրապարակել է այն երկրների և քաղաքների անունները, որոնք ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել
Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին․ Մտավորական
Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ
Միանում եմ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը. Դավիթ Շահնազարյան
Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ․ ՊՆ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 66.1 հա տարածքում բռնկված հրդեհները
Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Պատմությունը կհիշի, որ երբ Հայաստանը դարձել էր գերտերությունների կռվադաշտ և հայ ժողովրդի ապագան մազից էր կախված, այդ պահին Հայաստանը և հայերին ղեկավարում էր դեղին մամուլի թերթի խմբագիր
Երբ հայտարարում էր, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին, մեր կապիտուլյացիա՞ն նկատի ուներ
Պիտի կռվենք, եթե՝ ոչ, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է․ Արարատ Միրզոյան
ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը
«Հարավային Կովկասն ամենաուժեղ տարածաշրջանն է». Վրաստանի ԱԳ նախարարն առաջարկել է Թբիլիսին ԼՂ հարցով որպես հարթակ օգտագործել
Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է 39 խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ
Հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ. ՔԿ նախագահի տեղակալ
Պատասխանատվությունից խուսափելը և «չեռցող Հայաստանում» մեղավորներ փնտրելը բացահայտ ցուցիչ է, երբ փորձում ես չտեսնել քո իսկ ձեռքերով սեփական աչքերում մխրճած հաստաբուն գերանը․Ռուբեն Հակոբյան
Սերժանտը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորների․ պետական բարձր պարգևների են ներկայացվել մի շարք զինծառայողներ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց.
«Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի». Կարինե Խոդիկյան
ԱԱԾ. Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ
«Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին
ՊՆ խոսնակը հրապարակել է հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր
ՀՀ ՔԿ ներկայացուցիչը հերքել է «հայախոս ադրբեջանցու» տեսանյութի իսկությունը
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը
Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը
Ավելին
Ավելին