ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ 200 հայտնի մշակութային գործիչներ, գիտնականներ և մարզիկներ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին և քաղաքացիներին փոխել իրենց կենսակերպը, որպեսզի կանխեն բնապահպանական աղետը: Նամակը հրապարակել է ֆրանսիական Le Monde թերթը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշվել է փաստաթղթում, կորոնավիրուսային պանդեմիան ստիպեց մարդկանց գիտակցել մարդկության գոյության ողջ սպառնալիքը, ուստի «սովորությունների պարզ շտկումը բավարար չի լինի»:
Հեղինակները կոչ են արել մարդկությանը «հրաժարվել անընդունակ տրամաբանությունից և աշխատել՝ տնտեսական զարգացման նպատակները, արժեքներն ու սկզբունքները փոխելու համար», քանի որ սպառողական փիլիսոփայությունը մարդկանց կանգնեցրել է «հենց կյանքը ժխտելու փաստի առաջ»:
«Բոլոր մակարդակներում անհրաժեշտ է արմատական վերափոխում, ինչը խիզախություն և քաջություն է պահանջում», - ընդգծել են նամակի հեղինակները:
Նամակը ստորագրել են Ռոբերտ Դե Նիրոն, Ջուլիետ Բինոշը, Միխայիլ Բարիշնիկովը, Պենելոպե Կրուզը, Բարբարա Սթրեյզանդը, Մոնիկա Բելուչին, Սթինգը, Մադոննան, քիմիայի, ֆիզիկայի և բժշկության ոլորտներում Նոբելյան դափնեկիրներ, ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի դերասաններ, երաժիշտներ, գիտնականներ և մարզիկներ: