Իտալացի գիտնականները պնդում են, որ մշակել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է սպանել կորոնավիրուսը: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ նրանք պլանավորում են շուտով սկսել այն մարդկանց վրա փորձարկել։ Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այս պատվաստանյութն արդեն փորձարկվել է կրծողների վրա: Գիտնականները մկներին շիճուկ են ներարկել, այնուհետև նրանցից հակամարմիններ են վերցրել: Լաբորատոր հետազոտության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինները կարողացել են դադարեցնել մարդու բջիջների կորոնավիրուսով վարակումը:
Պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերության ղեկավարը հայտարարել է, որ պատվաստանյութի լայնածավալ փորձարկումները նախատեսված են այս աշնանը:
«Որքանով տեղյակ ենք, մենք աշխարհում առաջինն ենք, որ ցույց տվեցինք պատվաստանյութով կորոնավիրուսի վնասազերծումը», - հավելել է նա:
Ներկայումս ամբողջ աշխարհում 3,8 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով: Վարակվելուց հետո ավելի քան 1,2 միլիոն հիվանդ ապաքինվել, իսկ 263.889-ը՝ մահացել: