Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն առաջարկում է բանակում միջադեպերի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել: Նա այս մասին հայտնեց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ 2019 թվականի գործունեության արդյունքների եւ մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի մասին ամենամյա զեկույցը ներկայացնելիս:
Նրա խոսքով՝ օմբուդսմենի աշխատակազմում վերլուծել են ինքնասպանությունների եւ միջադեպերի մի քանի դեպքեր, կան որոշակի առաջարկներ: Սակայն ավելի խոր ուսումնասիրություններ կատարելուց հետո կլինեն նոր առաջարկներ: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է ՊՆ-ին առնընթեր ստեղծել մշտական մասնագիտական հանձնաժողով, հնարավոր է՝ նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Որպեսզի նրանք ուսումնասիրեն եւ միջոցներ առաջարկեն: Առաջարկներից մեկը կարող է լինել զորակոչվելու պահից զինվորի բարոյահոգեբանական վիճակի եւ կերպարի գնահատումը, դա կօգնի ռիսկերը կանխատեսելի դարձնել»,- նշեց Բեգլարյանը:
Օմբուդսմենը դրական գնահատեց մարտական դիրքերը ջրով ապահովելու աշխատանքը եւ սնվելու նոր համակարգի ներդրումը: