ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պարզվել է նաեւ, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա՝ հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց եւ հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախնական համաձայնության գալու եւ դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց եւ գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: