Անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստին մասնակցելու համար ռուսական պատվիրակությանը թողնել, որ մուտք գործի Վրաստանի տարածք: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին անդամ Լևան Բոձաշվիլին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում:
Մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵԽԽՎ-ի նիստում հայտարարել էր, որ Վրաստանը «կշրջանցի» իր օրենսդրության նորմերը, որպեսզի հնարավոր լինի իր տարածք ռուսական պատվիրակության անարգել մուտքը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը:
Բոձաշվիլին հայտարարել է, որ դա անթույլատրելի է, քանի որ Ռուսաստանն «օկուպացրել» է Վրաստանի մի մասը:
«Դեռևս միջազգային հարաբերություններում չի եղել օրինակ, որ երկիրն օկուպանտին բարձր դասի իր օրենսդրությունից»,- ասել է Անվտագության խորհրդի նախկին անդամը:
Նա կարծում է, որ ռուսական պատվիրակության ժամանումը Վրաստան որևէ լավ բան չի բերի, այլ միայն բարդ դրության մեջ կդնի իշխանություններին:
REGNUM-ը հիշեցնում է, որ Վրաստանը դարձել է ԵԽԽՎ-ի նախագահը, և ըստ ընթացակարգի՝ մայիսին պարտավոր է ընդունել Եվրոպայի խորհրդի նախարարներին և անդամ պետությունների պատվիրակություններին:
Բացի այդ, Վրաստանում հաճախ Ռուսաստանին անվանում են «օկուպանտ», սակայն պաշտոնապես դա արձանագրված չէ: Ռուսաստանի քաղաքացիները հիմնականում ազատ մուտք են գործում Վրաստան որպես զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները կտրուկ վատացան 2008 թ. օգոստոսին, երբ Վրաստանի բանակը հարձակվեց օսերի և ռուսական խաղաղապահների վրա: Ի պատասխան Ռուսաստանը զորքեր մտցրեց տարածաշրջան: Դրանից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Թբիլիսին դա «օկուպացիա» որակեց: