Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է, որ Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա:
«Ոչ ոք չի կարող Հայաստանից ինչ-որ քայլեր սպասել, որոնք զիջումներ են ենթադրում և կարող են վնասել մեր ազգային անվտանգությունը»,- հայտարարել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ հիմնախնդրի լուծումը հիմնված է փոխադարձ զիջումների սկզբունքի վրա:
Անդրադառնալով ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Մնացականյանն ասել է, որ այդ հայտարարությանն արդեն մեկնաբանություն տրվել է և այլևս ավելացնելու և «ավելի շատ փորփրելու անհրաժեշտություն չկա»:
Նրա խոսքով՝ հայակական կողմը առաջնային է հայտարարել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իսկ Հայաստանի առաջնահերթ խնդիրն է էքզիստենցիալ անվտանգության ապահովումը:
«2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինի, չեն լինի 1991-1994 թվականներ: Դրա համար մեր վճռականությունը կբավարարի»,- ասել է Մնացականյանը։
Նա նաև նշել է, որ այս հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս, որը հայկական կողմի դիրքերը միայն ամրապնդում է: