COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունն աճում է: Իրավիճակն առայժմ տանելի է, սակայն պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ չգա այն օրը, երբ քաղաքացին բուժօգնության կարիք կունենա, բայց այն ստանալ չի կարողանա: Այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա ասեց, որ այսօր Հայաստանում բուժսարքավորումների, դեղերի, բուժանձնակազմի կամ հիվանդանոցային մահճակալների պակաս չկա, բայց եթե մարդիկ իրենց անպատասխանատվորեն պահեն, կարող է գալ այնպիսի օր, երբ այս ամենը կսկսի չբավականացնել և եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 000 քաղաքացի եւ հազարավոր մահեր։
Արսեն Թորոսյանը նշեց,որ Հայաստանի հիվանդանոցներում մոտ 350 ազատ մահճակալներ կան կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների համար: Պացիենտների մի մասը «բուժվում» է հյուրանոցներում, որտեղ մեկուսացված են. խոսքն այն պացիենտների մասին է, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, եւ որոնք ներկայումս բուժման կարիք չունեն:
«Մենք շարունակելու ենք այդպես աշխատել, քանի դեռ այդպիսի հնարավորություն ունենք. ասիմպտոմատիկ պացիենտները եւ թեթեւ ախտանիշներով պացիենտները բուժծառայություններ են ստանալու հյուրանոցներում: Իսկ միջին ծանրության եւ ծանր դեպքերը՝ արդեն հիվանդանոցներում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտներին բուժում են Երեւանի եւ Արտաշատի 6 բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ Կապանի, Վանաձորի եւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցներում կամ ինֆեկցիոն բաժանմունքներում:
Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից՝ թեստավորում, հայտնաբերում, մեկուսացում և բուժում,առայժմ դեռ ռեսուրսները բավարարում են, Հայաստանում 4 քայլն էլ իրականացվելու է:
Սակայն երկրներ կան, որտեղ համաճարակաբանական հետազոտություններ այլեւս չեն անցկացնում՝ միայն հայտնաբերում են, մեկուսացնում եւ բուժում: Իսկ Հայաստանում առայժմ յուրաքանչյուր հայտնաբերված դեպքի համաճարակաբանական հետազոտություն է կատարվում՝ փորձում են պարզել, թե մարդը որտեղից եւ երբ է վարակվել, ում հետ է շփվել եւ այլն:
Նախարարի խոսքով՝ եթե երկրի քաղաքացիները սահմանափակումները հանելուն զուգահեռ՝ խիստ կերպով չհետեւեն անվտանգության բոլոր միջոցառումներին, բացառված չէ, որ ստիպված կլինեն մտցնել ավելի խիստ սահմանափակումներ, քան եղել են մինչեւ հիմա, չնայած դա, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում:
«Ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի երկրում դա չեն ցանկանում, բայց դա հնարավոր սցենար է, եթե մենք կանոններին չհետեւենք ամենուր՝ տանը, փողոցում, աշխատավայրում, խանութում»,- ասաց նախարարը: