f

Անկախ

Վերջին հայը. ինչպէս է ցեղասպանութիւն վերապրածն ապրել մէկ դար՝ թաքցրելով իր ինքնութիւնը


ՆԱՐԲԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Մէկ դար առաջ Թուրքիայի հարաւ-արեւելքում գտնւող գիւղում 10.000 հայ էր ապրում, իսկ այսօր մնացել է միայն մէկը։

Ասիայի մայրն այն փոքրաթիւ հայերից էր, որ փրկւեց Առաջին Աշխարհամարտի տարիներին քիչ յայտնի կոտորածից՝ Չունքուշում իր տնից երկու ժամւայ հեռաւորութեան վրայ գտնւող Դուդանի կիրճում։

1915 թւականին, երբ Ասիան ընդամենը 10 տարեկան էր, նրա մօրն անդունդի եզրից փրկեց մի զինւոր, որին Ապրիլի 24-ին հրամայւած էր ոչնչացնել հայ ժողովրդին:

Ասյա

Գրեթէ 100-ամեայ Ասիան մինչեւ հիմա ապրում է իր մօր հայրենի գիւղում՝ մխիթարւելով իր ժառանգութիւնը կիսող ճանապարհորդների հետ հազւադէպ հանդիպումներով։

Ներկայումս հիմնականում քրդաբնակ գիւղում այդպիսի այցելուներից մէկը գրող, վիպասան Քրիս Բոհջալեանն էր, որի խմբին 2013 թւականին կանգնեցրել էր տեղի անհամբեր բնակիչներից մէկը՝ պնդելով, որ նրանք այցելեն այդ գիւղի տարեց կնոջը։ 

«Առաջին անգամ, երբ հանդիպեցի Ասիային եւ նրա ընտանիքին, ես եօթ ամերիկահայերից մէկն էի, մենք խիստ ընկճւած էինք. նոր էինք վերադառնում զանգւածային թաղման գերեզմանից»,- ասաց նա։

«Մենք բոլորս խիստ յուզւած էինք, բայց նա խոհուն էր ու խաղաղ։ Յուզւեցինք նրա արժանապատիւ կեցւածքից ու հանգստութիւնից։ Նա շատ աւելի ուժեղ էր, քան մենք»։

Քիչ բան է յայտնի Ասիայի անցեալի մասին: Պետական փաստաթղթերը վկայում են, որ նրա ծնունդը գրանցւել է 1936 թւականին, բայց մենք գիտենք, որ նա շատ աւելի վաղ է ծնւել։

11 տարեկանում նրան ամուսնացրել են տարիքով մեծ մի քրդի հետ, որից ունեցել է մէկ որդի եւ երկու դուստր:

Որպէս ցեղասպանութիւն վերապրածներ, նա եւ մայրն ստիպւած են եղել գաղտնի պահել իրենց իսկական ինքնութիւնը եւ յաջորդ տասնամեակների ընթացքում ապրել որպէս «թաքնւած հայեր»՝ իրենց սեփական անվտանգութեան համար։

Այդ պատճառով նա երբեք չի սովորել [հայոց] լեզուն եւ հազւադէպ է խօսել կոտորածների մասին:

Անդրադառնալով իր այցին ՝ Բոհջալեանը գրել է. «Ահա մէկը, որի մայրը եղել էր անդունդի եզրին, եւ որը դեռ ապրում էր... որտեղ բնաջնջել են իր նախնիների մշակոյթը»:

Երբ նրան հարցնում էինք, թէ մայրն ինչ է իրեն պատմել կոտորածների մասին, նա հայեացքը խոնարհում էր ու շշուկով ասում. «Այդ ժամանակ ես շատ փոքր էի։ Չե՛մ յիշում»,- պատմել է Բոհջալեանը։ 

«Երբեմն նա սկսում էր նախադասութիւնը. «Մայրս ասում էր…», բայց յետոյ ձայնը կտրւում էր»:

 ITV News-ին տեղեկացրել են, որ 100-ամեակի շեմին նրա խօսքը դարձել էր գրեթէ անհասկանալի։

Նրա փեսան՝ Ռեքայը, որը ժամանակին նկարահանել էր Ասիայի յիշողութիւնները, բանտում եղած ժամանակ սպանւել է ԻԼԻՀ-ի (ԴԱԷՇ) [ահաբեկչական խմբաւորում] մեքենայի պայթիւնից։ Կադրերի ճակատագիրն անյայտ է։

Ըստ նրա ընտանիքում կարճ ժամանակ հիւրընկալւած մարդկանց՝ երբեք չի մարել այլ հայերի հետ հանդիպելու նրա փափագը։

Արցունքները յորդեցին նրա աչքերից, երբ մօտ 70 հայ երիտասարդներ Կալիֆորնիայից եւ Աւստրալիայից 2015 թւականին այցելեցին նրան, իրենց հնամեայ հայրենիք կատարած ճանապարհորդութեան ընթացքում։

Ջորջ Աղջայեանը, որն ուղեկցում էր Բոհջալեանին եւ այն ժամանակից ի վեր մի քանի անգամ վերադարձել է Չունքուշ, ասաց, որ Ասիան այժմ յայտնի է, որպէս միակ բացայայտ հայ բնակիչը:

«Մեր հանդիպման առաջին իսկ օրից եւ դրանից յետոյ, նա միշտ ուրախ էր մեզ տեսնելու համար»,- աւելացրեց նա:

«Յատկապէս, երբ մեզ հետ էին աւելի փոքրերը՝ իմ դուստրն ու նրա հասակակիցները»։

«Նա քիչ է խօսում, գերադասում է լսել եւ միշտ դէպի իրեն է ձգում թոռնիկին»։ 

Աղջայեանը, որը ԴՆԹ-ի միջոցով պատահաբար պարզել էր, որ նախկինում անյայտ զարմիկներ ունի Ասիայի հարեւանութեամբ, փորձում է գտնել նրա հարազատներին, քանի դեռ նա ողջ է։

«Նրանք հարցնում էին, թէ արդեօք մենք աւելին ենք իմացել ընտանիքի ծագման եւ հարազատների մասին, որոնց հնարաւոր է ես գտել եմ»,- ասաց նա։

«Մեզ յաջողւել է պարզել, որ առնւազն նրա արմատները Խարբերդի շրջանի Հողէ գիւղից են, քանի որ հէնց այդտեղ են նրա ԴՆԹ ամենամօտ համընկումները»։

Միեւնոյն ժամանակ, նա իր քիչ այցելուներին վերաբերւում է, որպէս իր ընտանիքի անդամների:

Բոհջալեանը վերադարձաւ 2014 թւականին, որպէսզի տեսնի Ասիային եւ իրենց երկրորդ հանդիպման մասին ասաց. «Մէկ տարի անց ես երկրորդ անգամ տեսայ նրան եւ իր ընտանիքին. դա նման էր ընտանիքի վերամիաւորման:

«Մենք նորից եօթն էինք. երեքս այնտեղ էինք առաջին այցից: Այս անգամ մեր հանդիպումը շատ հաճելի ու անկեղծօրէն ուրախ էր:

«Նրա ընտանիքը մեզ հիւրասիրեց ելակով, մեղրով եւ հաց ու թէյով»:

Եթէ ​​Օսմանեան կայսրութիւնը հասնէր իր ուզածին, Ասիան ոչ մի հնարաւորութիւն չէր ունենայ գտնել իր մօր կողմից որեւէ ազգականի:

1915-ի յուլիսին, որպէս հայ բնակչութեանը ոչնչացնելու թուրքական ջանքերի մի մաս, գիւղացիներին զինւորների ուղեկցութեամբ քշեցին դէպի հիւսիս-արեւելք՝ Դուդանի կիրճը:

Ըստ պատմաբան Ռայմոնդ Գէորգեանի՝ տղամարդկանց կապել էին տասից պակաս խմբերով, իսկ յետոյ դաժանօրէն սպանել սւիններով ու կացիններով՝ նախքան անդունդը նետելը։

Զինւորները մերկացրել էին կանանց եւ կտրել նրանց կոկորդները՝ մինչ փոսը նետելը։

Ոմանք իրենք էին նետւում անդունդը՝ իրենց հետ քաշելով իրենց երեխաներին՝ նախքան սպանւելը։ 

Գիւղից միայն 13 մարդ փրկւեց. մի քանի տղամարդ, որոնք պատսպարւեցին լեռներում եւ կանայք, որոնց առեւանգեցին կիրճում։

Թուրքիան ժխտում է, որ տարածաշրջանում այս կամ այն ​​ջարդը եղել է ցեղասպանութիւն՝ մահւան դէպքերը դնելով Առաջին Աշխարհամարտի զոհերի կողքին։

Մօտ հինգ տարի առաջ Չունքուշի յարակից գիւղում նախակրթարան կառուցւեց ձորակի ափին։

Դպրոցի խաղահրապարակը նայում է անդունդին:

Ոմանք մտավախութիւն ունեն, որ տեղանքը յատուկ է ընտրւած՝ իշխանութիւններին առիթ տալով ձորը ցեմենտով լցնելու համար, օգտագործելով անվտանգութեան պատրւակը՝ յաւերժ քողարկելու մի ամբողջ գիւղի կոտորածի ապացոյցները:

Ըստ Աղջայեանի՝ տեղի բնակիչները քաջատեղեակ են այն սարսափների մասին, որ տեղի են ունեցել կիրճում 1915 թւականին, իսկ դպրոցականները դա նկարագրում են որպէս՝ «այն վայրը, որտեղ ընկել են հայերը»։

«Նրանք մեզանից լաւ գիտեն, թէ ինչ տեղի է ունեցել, երբ է տեղի ունեցել եւ որտեղ», ասաց նա:

Չունքուշի հայերի կոտորածը մէկն էր ողջ արեւելեան Թուրքիայում տեղի ունեցած այն բազմաթիւ դաժան ու համակարգւած ջարդերից, որոնք սկսւել էին 1915 թւականի Ապրիլի 24-ին:

Նախապատերազմական Վանում հայ բնակչութիւնը կազմում էր 197.000 մարդ. 1922-ին մնաց միայն 500 մարդ:

Նոյն ժամանակահատւածում Էրզրումում 215.000-ը դարձաւ 1500:

1,5 միլիոն հայ սպանւեց ամբողջ Թուրքիայում, ընդորում նոյնիսկ գլխաւոր կազմակերպիչ Թալեաթ փաշան ասաց ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուին. «Մենք արդէն վերացրել ենք հայերի երեք քառորդը. նրանք այլեւս չկան ո՛չ Վանում, ո՛չ Էրզրումում»: 

Գեներալ Մուսթաֆան դէմ արտայայտւեց պատերազմի ղեկավարներին մի յուշագրում, որը պատերազմից անմիջապէս յետոյ հրապարակւեց Ստամբուլի երկու թերթերում: 

Նա գրեց. «Նրանք հաստատել են ամէն տեսակի բռնակալութիւններ, կազմակերպել  տեղահանութիւններ եւ կոտորածներ, այրել ծծկեր երեխաներին, բռնաբարել կանանց ու աղջիկներին իրենց վիրաւոր ծնողների աչքի առջեւ»:

Միջազգային արձագանգը նշանակալի էր. միայն 1915 թւականին «Նիւ Եօրք թայմզը» գրել է 145 յօդւած՝  կոտորածները որակելով, որպէս «համակարգւած» եւ «կառավարութեան կողմից կազմակերպւած»:

Այսօր 29 երկիր պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ներառեալ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները:

Հին եկեղեցու փլատակները Չունքուշում, որն այժմ օգտագործւում է, որպէս ամբար, շարունակում են մնալ, որպէս յիշեցում երբեմնի ծաղկուն հայ համայնքի մասին։

Ահա այն ամէնը, ինչ կը մնայ Ասիայից յետոյ...

 

 

Մուլտիմեդիա պրոդիւսեր՝ ՆԱՐԲԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

 

 

Հայոց Ցեղասպանություն Ասյա

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին