Հաճախ եմ լսում (կարդում) արտահայտություն, թե՝ Նիկոլը մեզ փրկեց ստրկությունից։ Ուզում եմ այդ երևույթի մասին խոսել։ Նախ նշեմ, որ նման արտահայտություն անողները ոչ միայն ստրուկ են, այլև՝ անբարո։ Անբարո, քանզի խոսում են բոլորիս (փրկեց ՄԵԶ) անունից։ Ես, իմ տեսակը, ինձ հետ տասնյակ հազարավորներ, երբեք էլ ստրուկ չենք եղել։ Կռիվ ենք տվել անցյալում, կռիվ ենք տալիս հիմա։ Հետևաբար, բարի եղեք ձե՛ր ստրկության մասին խոսեք։
Իսկ հիմա՝ ստրկություն երևույթի մասին։ Այն երկու ձև ունի․ ստրկությունը որպես հոգեվիճակ և ստրկությունը որպես կարգավիճակ։
Եթե դուք հոգով ստրուկ եք (իսկ որ խոստովանում եք, ուրեմն այդպիսին եք), ձեզ Նիկոլ չէ՝ աստված էլ չի կարող փրկել։ Քանզի ստրկությունը ձեր էությունն է ու ձեր հոգեվիճակը։
Եթե կարգավիճակով եք ստրուկ՝ դարձյալ ձեզ ո՛չ Նիկոլը, ո՛չ աստված, չեն կարող փրկել, քանզի փրկություն եք աղերսում ու ակնկալում ուրիշից (դե, դուք եք նշում՝ Նիկոլը փրկեց, մինչդեռ՝ ստրուկն ի՛նքը պետք է խորտակի իր շղթաները)։
Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, ստրուկնե՛ր (դա հենց նրանք են, ովքեր շարունակ երգում են՝ Նիկոլը փրկեց ստրկությունից)։ Ոչի՛նչ։ Ոչի՛նչ գրեթե չի փոխվել։ Դուք նույն ստրուկն եք մնացել։ Ուղղակի՝ առաջ ձեզ ուղղակի գնում էին՝ ձեր երեսին շպրտելով ձեր արժեքը՝ 5-10 հազար դրամը, հիմա՝ դա էլ չեն վճարում։ Ձեր ուղեղներն այնչափ են լվացել, որ դուք ոչ միայն համակերպվել եք ստրուկի կարգավիճակին, այլև՝ մեր մեջ ասած՝ դա դուր է գալիս ձեզ։