Չինաստանում Առոռղապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գոդեն Գալեան հայտարարել է, որ երկրի իշխանությունները կազմակերպությանը չեն հրավիրել մասնակցելու COVID-19 կորոնավիրուսի ծագման հետաքննությանը: Այդ մասին նա հայտարարել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն;
Նրա խոսքերով՝ Չինաստանում այժմ արդեն ազգային հետաքննություն է ընթանում:
«Սակայն այս փուլում մեզ չեն հրավիրվել հետաքննությանը մասնակցելու», - ասել է Գալեան:
Մասնագետը հայտնել է, որ ԱՀԿ-ն շարունակում է հարցումներ ուղարկել «Չինաստանի առողջապահական մարմիններին և իշխանություններին» ՝ կազմակերպությանը հետաքննությանը ներգրավելու խնդրանքով:
Գալեան նաև հավելել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին չեն տրամադրել Ուհան քաղաքի երկու լաբորատորիաների փաստաթղթերի հասանելիության իրավունքը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: