РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 18-ից նախատեսվում է երկրում բացել խանութները, թանգարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները և վարսավիրանոցները: Գրում է Gazeta.ru-ն:
«Կարող եմ ձեզ հայտնել, որ մենք նախատեսում ենք մայիսի 18-ից վերսկսել մանրածախ խանութների, ռեստորանների, ցուցահանդեսների և թանգարանների, ինչպես նաև գեղեցկության սրահների և թիմերի մարզման աշխատանքները», - հայտարարել է Կոնտեն:
Վարչապետը հավելել է, որ միևնույն ժամանակ բոլոր նախազգուշական միջոցները և նորմերը կապահպանվեն։
Նշվում է, որ մայիսի 4-ից կվերսկսվի սննդի առաքումը, սակայն այդ սնունդը հնարավոր կլինի ուտել միայն տանը և աշխատավայրում:
Միևնույն ժամանակ, դպրոցները փակ կմնան մինչև ուսումնական տարվա ավարտը «այդ սեկտորում որոշակի տարիքի աշխատողների ռիսկի պատճառով»:
Հիշեցնենք, որ երկրում մի քանի օր է արդեն նվազում է կորոնավիրուսից նոր վարակումների և մահացությունների թիվը: Ընդհանուր առմամբ երևկրում վարակվել է 197 հազար մարդ, մահացել է 26 հազարը: Իտալիան ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: