f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում մոտենում է 3 միլիոնին, մահերի թիվը գերազանցել է 200 հազարը: Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում իշխանություններն ընդլայնում են թեստավորումը: Մի շարք երկրներում սկսել են մեղմացնել կարանտինային սահմանափակումները:  

Կորոնավիրուսն աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ սկսում է նոր կորոնավիրուսի բուժման միջոցը գտնելու և ապագայում նման համավարակների ծագելուց պաշտպանվելու մեխանիզմների ստեղծման համաընդհանուր նախաձեռնություն: ԱՀԿ-ի խոսքով՝ համայն մարդկությանը սպառնացող վտանգը, ինչպիսին նման համավարակներն են, համընդհանուր մոտեցում են պահանջում: Սակայն Միացյալ Նահանգներն արդեն հրաժարվել է այդ նախաձեռնությանը միանալուց:  

Ջոն Հոպկինսի համալսարանի կիրակի օրվա տվյալներով՝ աշխարհում Civid-19-ից վարակված է 2 861 647 մարդ, մահացել են ավելի քան 202 668-ը, առողջացել է 822 115 վարակված:  

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 53 հազարից, երկրում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 937 հազար մարդ: Ամենամեծ թվով զոհերը, փաստորեն, Միացյալ Նահանգներում են, սակայն պետք է հաշվի առնել, որ նրա բնակչությունն էլ (330 մլն մարդ) ավելին է, քան Եվրոպայում առավել տուժած Իսպանիայի և Իտալիայի բնակչությունը:

Այսուհանդերձ մի քանի շաբաթվա կարանտինից հետո որոշ ամերիկյան նահանգներ սկսել են մեղմացնել սահմանափակումները:  

Միացյալ Նահանգների Նյու Յորքի նահանգում, որին բաժին է ընկել կորոնավիրուսից մահերի գրեթե մեկ երրորդը, կորոնավիրուսի թեստերը սկսելու են վաճառել դեղատներում: Նահանգապետ Էնդրու Կուոմոն հույս ունի օրական հասնել 40 հազար թեստավորման և թեստավորել առաջին հերթին այն աշխատողներին, որոնք անմիջական շփման մեջ են բնակչության հետ:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, որոշել է հրաժարվել ամենօրյա ճեպազրույցներից կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Երեկ՝ շաբաթ օրը, նա բաց թողեց ճեպազրույցը՝ հայտարարելով, որ ճեպազրույցները «չարժեն իր ժամանակին և ջանքերին», և դարձյալ մեղադրեց լրատվամիջոցներին թշնամության մեջ:

Բանն այն է, որ հինգշաբթի բժիշկների շրջանում խուճապ առաջացավ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Սպիտակ տանն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նա առաջարկեց նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին ախտահանող միջոցներ ներարկել, ինչպես նաև հզոր սարքերի միջոցով ուլտրամանիշակագույն ճառագայթման ենթարկել, քանի որ իմացել էր, որ սովորական քլորը կարող է սպանել վիրուսը 5 րոպեի ընթացքում:  Որքան էլ որ Սպիտակ տան ներկայացուցիչները համոզում էին, որ լրագրողները դիտավորյալ  կտրել են Թրամփի խոսքը համատեքստից, բժիշկները երկար-բարակ բացատրում էին, որ չի կարելի լսել Թրամփին, քանի որ դա կհանգեցնի մարդկանց մահվան:

Բրիտանական բանակը սկսում է օգնել բնակչության թեստավորման հարցում: 96 շարժական կետեր են լինելու երկրում, որոնցում հատուկ պատրաստված զինվորականները քսուք են վերցնելու առանցքային աշխատողների բերանի խոռոչից: Խոսքը բուժաշխատողների, ծերանոցների աշխատակիցների, ոստիկանների, հրշեջների, քրեակատարողական հաստատությունների, զբաղվածության կենտրոնների աշխատողների և այլ մասնագետների մասին է, որոնք շփում են ունենում բնակչության հետ:

Շարժական կետերը կարելի է խփել 20 րոպեում, հավաքված քսուքները ուղարկվելու են խոշոր լաբորատորիաները, և արդյունքները, ինչպես խոստանում են, հայտնի են դառնալու 48 ժամ անց:

Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի վերջին մտադիր են օրական 100 հազար թեստ անցկացնել, բայց առայժմ այդ թիվը 30 հազարի չի հասնում:

Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, որ ժամանակավոր փոխարինում է վարչապետին, խոստովանել է BBC-ին, որ երկրում շատ մեծ խնդիրներ կան՝ կապված  կորոնավիրուսով վարակված հիվանդներով զբաղվող բուժաշխատողների անհատական պաշտպանիչ միջոցների սղության հետ, նրանք ենթակա են վիրուսով վարակման մեծ վտանգի: Նա հայտնել է, որ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել են հիվանդանոցների 78 և ծերանոցների 16 աշխատող:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ հիվանդացել էր Covid-19-ից, վերջնականապես առողջացել է և  երկուշաբթի կանցնի աշխատանքի:

Իտալիայում կարծես արդեն անցել են գագաթնակետը: Այստեղ գրանցվել է վերջին ամսվա համար կորոնավիրուսից օրական մահացածների ռեկորդային ցածր թիվ: Թեպետ մահացածների ընդհանուր թիվը հասել է 26384-ի,  վերջին օրերին  մահացել է 420 մարդ, որ ամենացածր թիվն է մարտի 19-ից ի վեր: Ուրբաթ Իտալիայի լրատվամիջոցները տեղեկացրին, որ առաջիկա 4 շաբաթներին խիստ կարանտինային սահմանափակումներն աստիճանաբար կմեղմանան:

Իսպանիայում կորոնավիրուսից մահացության թիվն օրական իջել է մինչև 300-ի, և առողջապահության նախարարությունը սկսել է բնականոն կյանքին վերադառնալու ծրագիր մշակել: Այստեղ վեցշաբաթյա խիստ մեկուսացումից հետո առաջին անգամ երեխաները դուրս են եկել խաղալու: Վարչապետ Պեդրո Սանչեսը ականջալուր է եղել քննադատներին և մեղմացրել է սահմանափակումները 14 տարեկանից փոքր երեխաների համար: Հիմա նրանք կարող են օրական մի ժամ զբոսնել տնից մեկ կմ հեռավորության շառավղով:  

Ռուսաստանում վերջին օրերին բացահայտվել է 5849 նոր վարակված՝ 1000-ականով ավելի, քան նախորդ օրերին: Համաճարակը կլանել է ռուսական տասնյակ տարածաշրջաններ, սակայն ամենաբարդ իրավիճակը Մոսկվայում է: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 74588 մարդու, մահացել է 681 մարդ:

Իռլանդիայի իշխանություններն էլ ահազանգում են, որ կորոնավիրուսից մահացածների 50 տոկոսը ծերանոցների խնամարկյալներ են: Համաճարակի ենթացքում Իռլանդիայում կորոնավիրուսից մահացել է 794 մարդ, և նրանցից 361-ը հատուկ հաստատությունների խնամքի տակ են եղել: Իշխանությունները մտադիր են ստուգել, թե որքանով են այդ հաստատություններում պահպանվել մեկուսացման ու հիգիենայի անհրաժեշտ միջոցները, և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել 8 տրիլիոն եվրոյի ընդհանուր հիմնադրամ ստեղծել կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար, այդ գումարից 540 միլիարդը կսկսեն բաշխել արդեն հունիսի 1-ից, մնացածը նախատեսում են ծախսել  միության առավել տուժած երկրներում տնտեսության երկարաժամկետ ծրագրերով: Դրանց մանրամասները նախատեսված է քննարկել մայիսի 6-ին:

Ինչո՞ւ է Գերմանիայում հաջողվում  ավելի հեշտ հաղթահարել համաճարակը: Ռոբերտ Կոխի ինստիտուտի վերջին տվյալներով՝ Գերմանիայում վիրուսից մահացել է 5,5 հազար մարդ՝ մի քանի անգամ ավելի քիչ, քան Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Միացյալ Նահանգներում: Պարզվում է՝ գաղտնիքն այն է, որ այնտեղ ժամանակին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում «ավելորդ» մահճակալներ պահելու պատմական որոշում են կայացրել: «Դա իրոք մեր առողջապահության համակարգի ժառանգությունն է, դա փաստացի նրա հիմնական սկզբունքն է: <…> Շատ փորձագետներ քննադատում էին մեզ այդ ավելորդ մահճակալների և ավելորդ ծախսերի համար: Բայց հիմա Գերմանիայի բնակիչները կարող են ասել՝ նույնիսկ  շատ ուրախ են, որ անցած տարիներին ֆինանսավորվել են լրացուցիչ հիվանդանոցային տեղեր»,- ասել է երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեաս Միքայելիսը: Նրա խոսքով՝ Գերմանիայի վերակենդանացման բաժանմունքներում 40 հազար տեղ կա, որոնցից 30 հազարը կարող են աշխատել թոքերի արգեստական օդափոխման սարքերով:

Հետաքրքիր է այս համապատկերում նաև Լատվիայի օրինակը: 1,92 մլն բնակչություն ունեցող այս երկրում կորոնավիրուսից  վարակվածների թիվն առայժմ չի անցել 80-ից: Ներկայումս հիվանդանոցներում գտնվում է 40 հիվանդ, մահացել է 12 մարդ: Սրանք տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներն են: Հարևան Էստոնիայում, օրինակ, որի բնակչությունը 1,32 մլն է, վարակվել է ավելի քան 1500 մարդ:

Եվ հարց է ծագում՝ ինչու են մերձբալթյան երկրներից ամենից քիչ վարակվածները Լատվիայում: Այնտեղ ոմանք այս իրողությունը բացատրում են այն հանգամանքով, որ Լատվիայում ամենից շուտ ձեռնարկեցին կարանտինային միջոցները՝ անմիջապես համավարակ հայտարարվելուց հետո: Մարտի 13-ին այստեղ արտակարգ դրություն հայտարարեցին, փակվեցին դպրոցները, մանկական հրապարակները, թանգարանները, թատրոնները, խաղատները: Ընդ որում, սահմանափակումները խիստ են, բայց ոչ չափազանց, այստեղ հեռուն են նայել, ուստի մտածել են չանել այնպես, որ վնասվի մարդկանց հոգեկան առողջությունը: Մարդիկ կարող են ազատ զբոսնել և տեղաշարժվել: Երրորդ հանգամանքը, ենթադրում են, մշակութային ավանդույթներն են: Երբ հայտարարվել է, որ չի կարելի երկու մարդուց ավելի կուտակումը և պետք է պահպանել 2 մետր հեռավորությունը միմյանցից, այնտեղ շատերը հարցրել են՝ բայց ի՞նչ կարիք կա ավելի մոտենալու:

Առաջին անգամ մարտի կեսերից ի վեր Հարավային Կորեայում անցած օրերին չի գրանցվել մահվան դեպք կորոնավիրուսից: Նաև վերջին օրը բացահայտվել է ընդամենը 6 նոր դեպք: Ընդհանուր հաշվով համաճարակի ընթացքում այս երկրում հիվանդացել է կորոնավիրուսի վարակից 10 708 մարդ, մահացել է 240 հիվանդ:

Ուրբաթ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում թոքաբորբից մահացել է 4 մարդ: Այդ տեղեկությունը հաստատել է այն հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ նրանք բուժվել են: Չորսն էլ 60-ն անց տղամարդ են: Գլխավոր բժշկի խոսքով՝ նրանց կորոնավիրուսի թեստ են արել, սակայն արդյունքը եղել է բացասական: Սակայն տաջկական լրատվամիջոցների աղբյուրները հայտնում են, որ ներկայումս նույն հիվանդանոցում ավելի քան 100 հիվանդ կա թոքաբորբ ախտորոշմամբ, որոնցից երեքը ծայրահեղ վիճակում են:

Տաջիկստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում կորոնավիրուս չկա, իսկ շնչառական խնդիրներով հիվանդների մեծացող թիվը բացատրվում է վատ եղանակով:

Իսկ Ուհանի հիվանդանոցներում այլևս կորոնավիրուս չկա: Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ այնտեղ ուրբաթ օրը դուրս են գրել Covid-19-ով վարակված վերջին հիվանդին: Հուբեյ երկրամասի մայրաքաղաքը, որտեղ առաջինն է աշխարհում գրանցել կորոնավիրուսի վարակը, կարանտինի մեջ մնաց երեք ամիս:

Բացի կորոնավիրուսից

Ուրբաթ մահմեդական աշխարհում սկսվեց Ռամադանը՝ սուրբ ամիսը: Արաբական աշխարհի բոլոր երկրներում փաստորեն կարանտին է գործում կամ զանգվածային հավաքների սահմանափակումներ են դրված: Սակայն որոշ երկրներ, ինչպես, օրինակ՝ Եգիպտոսը, Սիրիան և Էմիրությունները, որոշել են թուլացնել սահմանափակումները:

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց ամերիկյան WTI ապրանքանիշի նավթի գնի աննախադեպ անկման: Երկուշաբթի դրա գինը հասավ մինուս 40 դոլարի բարելի համար: Դա պայմանավորված էր համաշխարհային պահանջարկի կտրուկ անկմամբ:

Բրիտանիայում Համայնքների պալատն առաջին անգամ իր յոթդարյա պատմության մեջ վիրտուալ նիստ անցկացրեց: Այստեղ չեղարկվեցին նաև թագուհու ծննդյան առթիվ ավանդական համազարկերը:

Իսրայելում կառավարության ձևավորման շուրջ երկար բանակցություններից հետո Բենիամին Նաթանյահուն և Բեննի Գանցը պայմանավորվեցին, որ «Լիքուդի» առաջնորդը վարչապետ կմնա ևս տարիուկես, դրանից հետո նրան նույն ժամկետով կփոխարինի Գանցը, որը մինչ այդ կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը: Այնուհետև տեղի կունենան նոր ընտրություններ:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի որոշում ընդունեց դադարեցնել ներգաղթը երկու ամսով: Դրանից հետո արգելքը կա՛մ կհանվի, կա՛մ կերկարաձգվի:

Երեքշաբթի ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն ներկայացրեց հերթական և արդեն չորրորդ զեկույցը՝ նվիրված 2016 թ. նախագահական ընտրություններում ենթադրյալ ռուսական միջամտության մասին: 158 էջանոց այդ փաստաթղթում, որ շուրջ 3 տարվա խորհրդարանական հետաքննության արդյունք է, կրկին հաստատվում է, որ այդ միջամտությունը եղել է «մասշտաբային և աննախադեպ»:  

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին