f

Անկախ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարին


Հարց․ Պարո՛ն Մնացականյան, Դուք ասացիք, որ Ձեր պապը, տատը Վանից և Բիթլիսից են, և Դուք, ինչ-որ առումով, նաև ցեղասպանություն վերապրածների ժառանգ եք: Ինչպիսի՞ն են Ձեր զգացմունքները։

Զոհրաբ Մնացականյան. Զգացմունքները բավական շատ են: Եվ ամենակարևոր զգացումն ինձ համար, առավել ևս երբ մոտենում էր Ցեղասպանության 100-ամյակը, ավելի շատ հաղթողի զգացում էր: Այո՛, և դա ինձ համար պատգամներից մեկն է այսօր: 

Իրականում, այս օրվա պատգամները շատ են: Առաջինը, որ 105 տարի անց արդեն ցեղասպանությունը վերապրածների չորրորդ-հինգերորդ սերունդներն են նույն վճռականությամբ պահանջում արդարություն: Մենք բոլորս՝ որպես մեկ միասնական ազգ, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ճանաչում: Սա արտահայտում է ցեղասպանության այդ ոճրի խորությունը, մի ամբողջ ժողովրդի հասցված վնասի խորությունը, որովհետև ժխտված արդարությունը շարունակում է մնալ բավական խորը վերք և վնաս մի ամբողջ ժողովրդի համար: 

Մյուս պատգամն այն է, որ 105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ: Այսօր ինքնավստահ, իր քաղաքակրթությունը, պատմությունը, իր ուժը, իր կարողությունն ի ցույց դնելով աշխարհին, վերապրել ենք մենք ցեղասպանությունը, վերապրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ մեր հայրենակիցներն ապրում են, և վերապրել ենք մեզ մոտ, այստեղ՝ մեր հայրենիքում՝ ևս ստեղծելով մեր պետականությունը, վերականգնելով մեր անկախությունը: 

Երրորդ կարևոր պատգամն այն է, որ պետականությունը չափազանց կարևոր գործիք է մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և պետությունը, պետության հզորությունն ամենակարևոր, հզոր զենքերից մեկն են մեր ձեռքում: 

Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, ի՞նչ ենք մենք անում ազգային և միջազգային մակարդակով կանխարգելելու համար. սա ամենակարևոր խնդիրն է, որ «realpolitik»-ի ռեժիմով դրված է մեր առջև: 

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, և դա միգուցե նույնպես օրվա պատգամներից մեկն է, թե իր դաժանությամբ որքան խորն է ցեղասպանության այդ ոճիրը, այդ հանցագործությունը. Դա գուցե հանցագործություն է, որը շատ հաճախ չի իրագործվում, բայց դրա հետևանքներն այնքան խորն են, որ դրա կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգի հարց է: Եվ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք այդ պարտավորությունը՝ առաջ տանելու այդ օրակարգը՝ որպես պետություն, որպես միջազգային համայնքի անդամ, որպես պետությունների ընտանիքի անդամ, ՄԱԿ-ի անդամ: Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ: Եվ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է, և հետևողական աշխատանքի առարկա է: 

Մենք արդեն քսաներկու տարի է, ինչ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ ենք տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման  օրակարգը: 1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային...

Պետրոս Ղազարյան. Ողջ աշխարհո՞ւմ.. 

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, բանաձև ընդունվեց, որը հիշատակում էր 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի հիսունամյակը. այդ պահից է սկսում Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում: Արդեն 2008թ. մենք բանաձևը վերադասավորում ենք այնպես, որ ուշադրությունը տրվում է կանխարգելման օրակարգին, սկսում ենք խորացնել այդ գաղափարախոսությունը և մեր ներդրումն ունենալ՝ ուժեղացնելու կարողությունները, միջազգային համագործակցության գործիքակազմը, իրավական, գործնական բոլոր այն հնարավոր գործիքակազմը, որն ուղղված է կոնկրետ ցեղասպանությունների կանխարգելմանը:

«Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը: 

Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, վաղ շրջանում տեսնել այն միտումները, որոնք եթե չկանխվեն, կարող են արդեն հանգեցնել ոճրագործության: Եվ այդ առումով է, որ մենք շարունակաբար աշխատում ենք միջազգային հանրության մեր բազմաթիվ գործընկերների հետ, լինեն դա պետություններ, փորձագիտական խմբեր, ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներ, տարբեր մարմիններ, ակադեմիական շրջանակներ. մենք բոլորս միասին համախմբում ենք այդ աշխատանքը՝ ուժեղացնելու կարողությունները: 

Կանխարգելումը սկսում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է այդ առումով: Մենք այս տարիների ընթացքում այստեղ՝ Հայաստանում, ստեղծել ենք միջազգային համագորրծակցության համար հարթակ, որը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և մենք նախատեսում ենք մեր նորոգված բանաձևը կրկին ընդունել Մարդու իրավունքների խորհրդում: Շատ շուտով այդ գործընթացը կավարտվի:    

Պետրոս Ղազարյան. Պարո՛ն Մնացականյան, ցեղասպանության ճանաչումը, որպես կանխարգելման մի մաս, մենք դիտարկում ենք բարոյակա՞ն հարթակում, պատմակա՞ն արդարության հարթակում, զոհերի հիշատակը հարգելու հարթակում, թե՞ նաև որպես անվտանգության երաշխիքի: Այսինքն` քանի չի ճանաչվել, այդ թուրն այնտեղ կախված է:

Զոհրաբ Մնացականյան. Այդ ամենը, միասին վերցրած, իմաստավորում է ճանաչման կարևորությունը, նշանակությունը: 2015թ. Մարդու իրավունքների խորհրդում, այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի կողմից նախաձեռնվեց և Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև, որը հռչակեց դեկտեմբերի 9-ը` Կոնվենցիայի ընդունման օրը, որպես Ցեղասպանությունների զոհերի արժանապատվության և հիշատակի միջազգային օր: Դա շատ կարևոր է, որպեսզի ստեղծվեր ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հարթակ՝ անդրադառնալու կանխարգելման օրակարգին: 

Զոհերի արժանապատվության և հիշատակի օրվա ամրագրումը շատ կարևոր է այն առումով, որովհետև սա վերաբերում է արդարությանը, որովհետև զոհերն արժանապատվություն ունեն, զոհերը մարդկանց հավաքական ինքնության այն հատվածն են, որը բնաջնջված է: Եթե մենք չենք հարգում զոհերին, եթե մենք ժխտում ենք արդարությունը, մենք ուժեղացնում ենք անպատժելիությունը: Անպատժելիությունը նշանակում է, որ նոր ցեղասպանությունը հնարավոր է: Հայոց ցեղասպանության չճանաչումը այդ առումով է, որ հանդիսանում է վտանգ մեզ համար, որովհետև անպատժելիությունը ներառում է ցեղասպանության կրկնման վտանգ: 

Պետրոս Ղազարյան․ Պարո՛ն նախարար, Դուք նոր մի հետաքրքիր միտք ասացիք, որ աշխարհում այսօր էլ այդ վտանգը կա։ Շատ կարևոր է այս պարագայում պատմական հիշողությունը դիվերսիֆիկացնել ռեալ քաղաքականությամբ։ Մենք տեսանք Բեռլինի կոնֆերանսը, տեսանք շատ միջազգային երաշխիքներ այն ժամանակ, խոստումներ։ Երբ եկավ X պահը, մենք տեսանք, որ մենակ ենք կանգնած այդ արհավիրքի առջև։ Բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը, այսօր էլ նրանք ունեն իրենց շահերը։ Այդ պատմական հիշողությունից մենք քաղաքական հետևություն, որպես էլի ռեալ քաղաքականության գործիք, արել ենք, թե՞ ոչ։ 

Զոհրաբ Մնացականյան․ Կարծում եմ, որ երբ Դուք անդրադարձաք երաշխիքներին նախանցյալ դարի՝ Բեռլինյան կոնֆերանսին, և երբ Դուք անդրադարձաք այդ երաշխիքներին, հիշենք, որ հայ ժողովուրդն այն ժամանակ պետականություն չուներ. այսօր մենք ունենք պետականություն։ Պետականությունն այսօր չափազանց հզոր գործիք է մեր ձեռքում՝ պաշտպանելու, ամրապնդելու մեր ինքնությունը՝ լինելով ինքնուրույն սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում։ 

Այդ հզոր գործիքակազմի օգտագործումը պաշտպանության կարևոր գործիք է։ Բայց նորից անդրադառնամ նրան, որ հզոր պետությունը, ուժեղ պետությունը, մեր ներքին հզորությունն էլ ավելի ամրապնդում է մեր կարողությունը՝ պաշտպան լինելու սուվերենությանը՝ որպես պաշտպանություն մեր ազգային ինքնության և մեր անվտանգության։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ, այո՛, միջազգային հարաբերություններում բավական տարբեր գործընթացներ են տեղի ունեցել, տեղի ունենում և տեղի ունենալու, և այդ առումով որպես միջազգային հանրության անդամ, որպես միջազգային պետությունների ընտանիքի անդամ, մեզ համար որպես պետություն, հաշվի առնելով մեր չափերը, համագործակցությունը չափազանց էական նշանակություն ունի։ Դիվանագիտությունը, միջազգային հարաբերություններում ներգրավումը, բազմակողմանիությունը, այս ամենը նույնպես չափազանց էական գործիքներ են մեզ համար՝ ապահովելու, համալրելու մեր անվտանգային կարողությունները։  

Պետրոս Ղազարյան․ Ես ճի՞շտ հասկացա, որ, պետություն ասելով, Դուք նկատի ունեք, որ մենք գիտենք, որ այդ պահերին մենք ենք մեզ փրկելու։ Հզոր պետություն, հզոր բանակ. դրանք են մեր միակ կարևոր երաշխիքները։

Զոհրան Մնացականյան. Միանշանակ, հզոր բանակ, հզոր պետություն, հզոր պետական ինստիտուտներ, հզոր քաղաքացիական հասարակություն, հզոր համազգային համախմբվածություն. այս ամենը պետության, մեր համազգային կարողություններն են։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ կարողություններ, բազմաթիվ այլ ազգային ինստիտուտներ՝ մեր պետության շրջանակներում: Չափազանց էական նշանակություն ունեն նաև մեր սփյուռքի կարողություններն ինստիտուցիոնալ առումով, որովհետև մեր սփյուռքը տարբերվում է հենց նրանով, որ դրանք ոչ միայն հավաքական գաղթօջախներ են, այլ ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող գաղթօջախներ են, որոնք է՛լ ավելի ամրապնդում են համախմբվածությունը։ Եվ այս ամենը արվում է մեր ներքին համազգային բանավեճի միջոցով, մեր ներուժը ներդնելու, մեր հավաքական կարողություններն ամրապնդելու միջոցով։ Կարծում եմ՝ սա բոլորիս համար համազգային օրակարգ է։  

Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, երբ նայում ենք երկար տարիներ Հայաստան-Թուրքիա չեղած փոխհարաբերություններին, մեր դիրքորոշումը միշտ եղել է այսպիսին, որ մենք մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց մոտավորապես, եթե ընդհանրացնենք ձևակերպումը, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Թուրքիան օր օրի ավելացնում է նախապայմանները. է՛լ Արցախ, է՛լ պատմաբանների խումբ, մի օր՝ տարածքներ։ Օր օրի նրանց ախորժակը, այսպես ասած, ռեգլամենտը շատանում է, Հայաստանը միշտ շարունակում է պնդել, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների։ Եթե նայում ենք շարունակական այս քաղաքականությունը, որևէ դրական ձևով դա չի ազդում Թուրքիայի վարքագծի վրա։ Գուցե, ժամանակն է՝ Հայաստանը նույնպես փոխի այս երկար տարիների քաղաքականությունը, քանի որ արդյունավետության տեսանկյունից եթե նայում ենք, թուրքերը միայն խստացնում են իրենց դիրքորոշումները և փորձում են նաև այլ տեղեր, այլ հարցերի մեջ ներգրավվել։ 

Զոհրաբ Մնացականյան. Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար։

Պետրոս Ղազարյան․ Այսօր Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, կրկնել է իրենց ողջ բառամթերքը, որ այսքան տարի կրկնում են, ինչպես նաև անդրադարձել է 2009թ․ արձանագրություններին։ Նա ասել է, որ Արցախի հարցի լուծման քաղաքական-տնտեսական կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն ուղղված սա մեր կողմից քայլ էր, որ  Հայաստանը մերժեց։ Իրենք փորձում էին դա անել, այդ քայլը, և Հայաստանը մերժեց այդ առաջարկը։

Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ։

Պետրոս Ղազարյան. Դուք ասացիք, որ Հայաստանն աշխարհում, ՄԱԿ-ում, տարբեր միջազգային կառույցներում աշխատում է։ Պարո՛ն նախարար, մենք ապրում ենք 21-րդ դարում. տեխնոլոգիաներ, մարդու իրավունքներ, մարդիկ գրագետ են, ավելի լուսավոր են, մենք ունենք տարբեր միջազգային կառույցներ, գլոբալիզացիա և այլն, բայց Դուք ասում եք, որ նույնիսկ հիմա հնարավոր է ցեղասպանություն: Ինչպե՞ս, պարո՛ն նախարար։ Մենք ապրում ենք մարդու իրավունքների դարում, մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում, եթե առաջ շատ հեշտ էր կոծկել, և անհատների հերոսություն էր պետք, ինչպես մենք տեսանք 20-րդ դարի սկզբին, որոնք մարդկանց ասացին այդ մասին, ընդ որում ոչ միանգամից դա ստացվեց։ Հիմա առաջին ինֆորմացիան ողջ աշխարհը մի րոպե հետո իմանում է: Ինչպե՞ս է դա հիմա հնարավոր։ 

Զոհրաբ Մնացականյան։ Իհարկե, ողջունում եմ Ձեր լավատեսությունը, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է բավական կարևոր հարց ազգային և միջազգային օրակարգերում։ Մենք, եթե փոքր-ինչ հիշենք, Բալկաններում ցեղասպանություն եղել է մեր օրոք, Ռուանդայում ցեղասպանությունը եղել է մեր օրոք, որ տարբեր ցեղասպան միտումներ ունեցող զարգացումներ տեղի են ունեցել վերջերս։ Այդ ռիսկերը, այդ վտանգները, երբ մարդու իրավունքները հիմնվում են խոցելի խմբերին թիրախավորելու վրա, ազգային, կրոնական հիմքերի վրա հիմնված խտրականությունը, ատելությունը. այդ ամենը տեղի են ունենում, և օրինակները քիչ չեն։ Եթե չկանխվեն, դրանք կարող են հանգեցնել բուն ցեղասպանության հանցագործության իրագործմանը։ Նորից եմ կրկնում, չմոռանանք, որ եղել են ցեղասպանություններ, որոնք տեղի են ունեցել մեր օրոք։ 

Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, գաղտնիք չէ, որ աշխարհը շարժում են շահերը, բոլորը՝ գերտերությունները և փոքր տերությունները, շարժվում են շահերով, և հենց այդ տրամաբանության մեջ է, որ ցեղասպանությունները հնարավոր են լինում. մեկը լռում է, մեկը գաղտնի աջակցում է, մեկը զբաղված է: Վերջիվերջո, սա արժեքային համակարգի խնդիր է, և աշխարհն այսօր փոխվել է թե՞ ոչ:

Զոհրաբ Մնացականյան. Առավել ևս հիմա, մենք վերապրում ենք մի շրջան, երբ մեկ համավարակ մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար և խարխլում է բավական հիմքեր, որոնց վրա մենք կառուցել ենք մեր միջազգային կյանքը, միջազգային համագործակցությունը: Այո՛, այդ առումով աշխարհն այսօր անցնում է բավական լուրջ փորձություն: Որքանով մենք կարող ենք աշխատել միասին համագործակցային ձևով այս համավարակի համատեքստում, ինչպես ենք մենք աշխատելու միասին համավարակից հետո, երբ իրավիճակը կվերադառնա քիչ թե շատ բնականոն պայմաններին: Մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր միջազգային օրակարգում հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը: Ոչ մի երկիր միայնակ չի կարող աշխատել բազմաթիվ այն մարտահրավերների դեմ, որոնք գլոբալ բնույթի են: Առավել ևս մեր նման երկրների համար համագործակցությունն առավել քան կարևոր գործիք է: Սա փորձություն է, մարտահրավեր: Եվ այո՛, ճիշտ եք ասում, որ շահերի վրա հիմնված աշխարհն ունի իր տրամաբանությունը, որտեղ համագործակցությունը կարող է ստանալ այդ մարտահրավերը, երբ խարխլված է համագործակցային ոգին, և նեղ շահն ի հայտ է բերում լրացուցիչ մարտահրավերներ: Սա խնդիր է: Եվ սրան պետք է առերեսվել: 

Պետրոս Ղազարյան. Շնորհակալություն, պարո՛ն նախարար:

Զոհրաբ Մնացականյան հարցազրույց Հայոց ցեղասպանության ճանաչում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Ավելին
Ավելին