ՕԼՆԵԹ ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում։
Ucom ընկերության հիմնադիր, 5.94%-ի բաժնետեր Հայկ Եսայանը եղբոր` Ալեքսանդր Եսայանի հետ նոր ընկերություն են հիմնել։
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,–Twitter–ի իր էջում գրել է նա։
Շնորհակալ եմ @azatutyunradio-ին և պարոն Թամրազյանին հարցազրույցի համար։ Խոսել եմ երկրի և բաժանորդների համար իրական արժեքի ստեղծման, ծառայությունների արտահանման, «երկարամյա զարգացման ծրագրեր vs կարճաժամկետ ֆինանսական օգուտ» իմ մոտեցման մասին։ #Ucom https://t.co/RbS4uIDRrP
— Հայկ Եսայան (@hayk_yesayan_) April 21, 2020
Ավելի վաղ Եսայանը հայտնել էր` թիմը, որը ստեղծվել էր, մի հատ էլ Ucom կստեղծի՝ է՛լ ավելի լավն ու ավելի մեծը։
Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:
Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:
Իսկ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել է տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է: