Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, հասնելով` 977-ի։ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը թվերին հետևում է օնլայն համակարգով: Այս ցուցանիշները, սակայն, կարտացոլվեն ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ ապրիլի 12-ին հրապարակվելիք վիճակագրության մեջ: Ապրիլի 11-ի առավոտյան հրապարակվել էր 966 թիվը:
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Հայաստանում արձանագրվել է մահվան 13 դեպք: Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած քաղաքացիների միջին տարիքը 76.2 է, իսկ հիվանդների միջին տարիքը` 42, ինչը հաստատում է այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը վտանգավոր է բարձր տարիքի քաղաքացիների համար։