Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակաշրջանում իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին եւ սննդամթերքի արտադրություններին բաժանվել են վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների եւ գործողությունների ուղեցույցներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նրա խոսքով, դրա մեջ մտնում է տարածքների ախտահանումը, բոլոր տարածքների օդափոխությունը, համապատասխան տեղերում վարակազերծիչ նյութերի տեղադրումը, կտորե սրբիչների փոխարինումը թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչներով, խանութներում ավելորդ հերթերի բացառումը եւ այլն:
Ավետիսյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ իրենց աշխատակիցները շրջայց են կատարել Մեյմանդարի շուկայում եւ ձեռնոցներ ու դիմակներ չունեցող թվով 15 անձանց չի թույլատրվել իրականացնել սննդամթերքի վաճառք:
Նա հավելեց, որ մարտի 27-28-ին մշտադիտարկում է իրականացվել Հայաստանի տարածքում գործող 18 գյուղատնտեսական շուկաներում. «Արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, իսկ գործող շուկաներում միայն մի քանի կետում է վաճառք կազմակերպվում: Այցելուների քանակն էլ նկատելիորեն պակասել է:
Մենք նաեւ համեմատական վերլոուծություն ենք կատարվել 2019-ին եւ 2020-ին մարտի 1-26-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ներմուծման եւ արտահանման վերաբերյալ: Որոշ սննդամթերքների ներկրումները նվազել են, որոշներինը՝ ավելացել: Ավելացել են նաեւ արտահանումները:
ՍԱՏՄ աշխատակիցները նախօրեին այցելել են Ծովագյուղի եւ Գնթունիքի ֆուդ-կորտերը եւ պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ: Հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, եւ այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»: