Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը վերջերս է վերադարձել Միացյալ Նահանագներից: Նարեկը ԱՄՆ էր մեկնել 15-րդ մենամարտն անցկացնելու և համաշխարհային ճանաչում ունեցող պրոմոութերական ընկերության հետ պայմանագիր ստորագրելու: Կորոնավիրուսի տարածման պատճառով հայ մարզիկը ժամանակից շուտ վերադարձավ հայրենիք:
Անկախի հետ զրույցում Նարեկը պատմում է ԱՄՆ-ում անցած մարզումային ցիկլի, հայաստանյան պարապմունքների մասին, միևնույն ժամանակ հորդորում բոլորին, անկախ ստեղծված իրավիճակից, լինել լավատես:
-Նարեկ, Top Rank-ի հետ պայմանագիր կնքելուց բացի, մարզումներով հագեցած շրջան եք անցել ԱՄՆ-ում: Կկիսվե՞ք տպավորություններով:
-Մեկնել էի ԱՄՆ՝ մենամարտ անցկացնելու: Գնալուց առաջ արդեն տեղյակ էինք, որ ստորագրելու ենք պայմանագիր աշխարհի լավագույն պրոմոութերական ընկերություններից մեկի՝ Top Rank-ի հետ:
Շուրջ 2 ամիս հավաքաների ենք մասնակցել աշխարհահռչակ ու փորձառու մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ, որն էլ ներկայումս իմ մարզիչն է պրոֆեսիոնալ ռինգում: Անցկացրած ժամանակաշրջանն ԱՄՆ-ում ինձ տվեց բավական մեծ փորձ, քանի որ մարզվում էինք աշխարհի չեմպիոնների, ճանաչված ու անվանի մարզիկների հետ՝ միաժամանակ սպարինգ մենամարտեր անցկացնելով:
Մինչ համաճարակի լուրերն ու այնուհետև տարածումը, արդեն որոշված էր, որ Լաս Վեգասում ապիլի 11-ին մեծ շոու երեկոյի ընթացքում պետք է մենամարտեի ամերիկացի բռնցքամարտիկ Լորենս Նյուտոնի հետ: Կարծում եմ, որ այս ամենի ավարտից անմիջապես հետո մենամարտը տեղի կունենա: Նշեմ նաև, որ ամերիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 14 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել:
-Սահմանված խիստ կարանտինի պայմաններում ինչպե՞ս եք մարզվում:
-Քանի որ մենամարտը հետաձգվել է անորոշ ժամանակով, ես կողմ եմ տան պայմաններում մարզվելուն: Այս պահին մարզադահլիճներն էլ չեն գործում, մեզ մնում է ամեն օր ուղղակի վազել և ֆիզիկական վարժություններ կատարել, որոնց միջոցով էլ կպահենք մեր մարզավիճակը:
-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք. տարվա կարևոր սպորտային իրադարձություններն էլ հետաձգվեցին:
-Այս դեպքում անիմաստ է ասել, որ սպորտը նահանջ է ապրելու, քանի որ ամբողջ աշխարհում գրեթե բոլոր բնագավառներում շատ վատ է իրավիճակը: Կարծում եմ, որ սպորտն էլ իր հերթին կորուստներ կունենա սկսած Տոկիո-2020-ից:
Համաճարակը վերջանալուց հետո մարդիկ կսկսեն իրենց ժամանակն ավելի ճիշտ օգտագործել: Կարծում եմ, որ բոլոր մարզիկները, ինչպես նաև բոլոր մարդիկ հոգեբանորեն կվերականգնվեն և ավելի ոգևորվածությամբ կսկսեն նոր թափով մարզվել և շարունակել իրենց կիսատ թողած գործերը:
-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել և դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Ես ունեմ հոբիներ, որոնց միջոցով էլ լրացնում եմ ազատ ժամանակս. Դա լինում է հիմնականում ֆիլմերի դիտման, խոհարարական վարպետությունների դրսևորման միջոցով: Եվ, իհարկե, հիմնական ժամանակս նվիրել եմ տղայիս: Խորհուրդ կտամ բոլորին, անկախ ամեն ինչից, լինել պոզիտիվ և մնալ տանը: Բոլորին առողջություն եմ մաղթում: Հետևե՛ք մասնագետների խորհուրդներին և մնացե՛ք տանը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ կանանց և աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով գարնանային տաք ու ջերմ տրամադրություն և անսպառ ժպիտներ: