Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Արտաշատի բժշկական կենտրոնը օրեր առաջ վերապրոֆիլավորվեց և այսուհետ սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:
Երեկ կենտրոն են այցելել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ծանոթանալու բժշկական ծառայության մատուցման ընթացքին:
Վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն բուժկենտրոնի՝ Արտաշատի ԲԿ-ն կարճ ժամանակամիջոցում անմիջապես ստեղծեց պացինետների բուժման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Վերջիններս գտնվում են տնօրինության և բուժանձնակազմի առանձնահատուկ ուշադրության կենտրնում, ովքեր սիրով ու սրտացավությամբ աջակցում են նրանց:
Նախարար Թորոսյանն այցի արդյունքում բարձր է գնահատել կենտրոնում հաստատված էպիդ ռեժիմը և բժշկական օգնության կազմակերպումը, ինչը լիովին համապատասխանում են ԱՀԿ պահանջներին:
Մատուցվող ծառայությունների մասին իր բարձր գնահատականն է տվել նաև մարզպետ Գ. Սարգսյանը:
Իր հերթին կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը աշխատանքների կազմակերպման արդյունավետության հարցում կարևորել է ԱՆ նախարարի և մարզպետի ամենօրյա և աչալուրջ հետևողականությունը:
Նշենք, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բուժպարագաներով, հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ:
♦️ Վերջում ուզում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր կենտրոնի՝ այս օրերին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատող բոլոր բուժաշխատողներին՝ ռեանիմոտոլոգներին, պոլիկլինիկայի, Ընդունարանի և Անհետաձգելի բուժօգնության, Շտապ օգնության և մյուս բաժանմունքների բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին և բոլոր նրանց, ովքեր վտանգելով իրենց առողջությունը, օր ու գիշեր աշխատում են:
Նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում Վեդու, Արարատի և Մասիսի բժշկական կենտրոններին՝ համագործակցության և փոխօգնության համար:Առողջություն բոլորին: