f

Անկախ

Պատմությունը ենթադրական եղանակ չի ընդունում


«Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության 89 տոկոսը կլիներ վարակված»,- մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Առաջին հայացքից կարծես շատ անմեղ ու ազնիվ հայտարարություն է: Այո, եթե կառավարությունները ոչինչ չձեռնարկեն, կորոնավիրուսը  կկլանի բոլոր երկրները և ողջ մոլորակը: Բայց հարց է՝ երբ և ինչպես:  Ամեն մի մեծ թե փոքր վտանգին դիմադրելիս դա է վճռորոշը, դրանից է կախված հաղթելու կամ տապալվելու գինը:  

Յուրաքանչյուր ոք, որ Հայաստանում չի ապրում և մինչ օրս չի հետևել այստեղի անցուդարձին, գուցե տպավորվի ինքնամեծարման այս պոռթկումից և եզրակացնի, որ կառավարությունը հենց մարտի 1-ից  ճիգ ու ջանք չի խնայել երկրում կորոնավիրուսը սանձելու համար: Բայց ցավն այն է, որ մենք այստեղ ենք և ժամ առ ժամ, րոպե առ րոպե հետևել ենք այն իրադարձություններին, որոնք անմիջականորեն մեր կյանքին են վերաբերում: Իզուր չէ, որ մոլորակի գլխավոր այրերն այս համավարակը համաշխարհային պատերազմի հետ են համեմատում:

Նայենք հայաստանյան կյանքի քրոնիկոնը մարտի 1-ից և տեսնենք, թե կառավարությունն ի՛նչ քայլեր է ձեռնարկել:

Մարտի 1-ին հայտնի էր արդեն Հայաստանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Երբ հանրությունը սկսեց քննարկել դպրոցները փակելու հնարավորությունը (մի կողմ դնենք վարչապետի հայտնի գեղարվեստական զեղումները, դրանք նշանավոր գրիչից հետո դադարել են լուրջ խոսակցության առարկա լինելուց), երկրի առողջապահության նախարարը հանդես եկավ ոչ թե  գործնական քայլերի ծրագրով, այլ հանրության տագնապը ցրելու «բարի» մղումներով: Բերենք մի փոքր ծաղկաքաղ նրա խոսքից. «Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց, որովհետև չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր», «Ես ինքս եմ ուղիղ մեկ շաբաթ առաջ եկել Հարավային Կորեայից, որտեղ կա 3500 դեպք, և ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ», «Եթե որևէ մեկի մոտ չկա որևէ սիմպտոմ, և մենք դնում ենք կորոնավիրուսի թեստ, դրա էֆեկտիվությունը մոտ է 0-ի», «Միլան-Երևան չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա», «Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա», «Երբ որ վիրուսն արդեն շրջանառվում է գրեթե բոլոր երկրներում, այդ ժամանակ ընդհանրապես է վերանում սահմաններ փակելու անհրաժեշտությունը» և այլն:  

Եվ ապոթեոզը. «Մենք հիմա ավելի շատ ենք անում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից շատ հարուստ և զարգացած երկրներ»: Ի՞նչը նկատի ուներ նախարարը: Որ հրաժարվել են չինացի տուրիստների՞ց և սրտի ցավով գուցե Նովրուզի ժամանակ հրաժարվեն նաև իրանցիների՞ց, որ Իրանից ժամանող ինքնաթիռի ուղևորներին մասնագետը «զննե՞լ» է, որից երկու օր հետո ուղևորներից մեկը շտապօգնություն է կանչել, որ ակնհայտորեն թեստերի պաշար չե՞ն կուտակել, ինչի հետևանքով խիստ խնայողություն են անում, թե՞ այն, որ կարանտինի համար վարակակրի հետ օդանավում եղած ուղևորներին տեղափոխեցին Ծաղկաձորի  հինգաստղանի հյուրանոց, ինչը ցույց էր տալիս, որ որևէ բուժհաստատություն մինչ այդ պահը նախապատրաստված չէր: Ընդհակառակը, հիվանդանոցների փակման շարժում էր սկսվել:

Մարտի 2-10-ը՝ մի ամբողջ շաբաթ, Հայաստանն ապրում էր բնականոն կյանքով, ավելի ճիշտ՝ իշխանությունների, իսկ նրանք, ովքեր ահազանգում էին վերահաս վտանգի մասին, որպես «սևեր» կամ խուճապարարներ, մերժվում ու անտեսվում էին:  Վարչապետը եռանդուն կայանալիք հանրաքվեի բուկլետներ էր բաժանում Երևանում ու Ստեփանավանում, մանուշակներ՝ Մարտի 8-ի նախօրեին,  և պատրաստվում էր մեկ օրով Բրյուսել մեկնել անհասկանալի օրակարգով, դրանից հետո՝ արձակուրդի գնալ ողջ հանրապետությունում հանրաքվեի քարոզարշավն իրականացնելու համար: Նրա տիկինը հերթական ճամփորդության էր մեկնում մինչև արևմտյան կիսագունդ, մարտի 9-ից վերականգնվում էին մի շաբաթ արձակուրդ վայելած դպրոցականների դասերը, քանի որ, կրթության նախարարի խոսքով, «ամեն ինչ հանգիստ է, որևէ լարվածություն չկա հիվանդությունների, կորոնավիրուսի հետ կապված»:  

Մարտի 10-ին Սյունիքի մարզից սկսվեց վարչապետի քարոզարշավը: Նա մարդկանց, գլուխ գլխի հավաքած, սկսած դպրոցականներից, հավատացնում էր, որ մեզ հաջողվում է  խուսափել վարակի տարածումից, և Հայաստանի քաղաքացիների օրախնդիր հարցը Սահմանադրական դատարանի դատավորներին  հեռացնելն է:

Մարտի 11-ին՝  բառացիորեն հաջորդ օրվա երեկոյան, վարչապետը ստիպված էր հայտարարել, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել, երեքն էլ՝ Իտալիայից ժամանած։ Իտալիայի հետ օդային սահմանը փակելու մասին կոչերին վարչապետը պատասխանում էր, որ  նույն տրամաբանությամբ պետք էր փակել նաև եվրոպական մյուս ուղղությունները, և շարունակում էր իր քարոզարշավը: Անարձագանք էին մնում նաև այս վտանգավոր օրերին մարդկանց կուտակումներից խուսափելու և հետևաբար քարոզարշավն ընդհատելու կոչերը:

Մարտի 12-ին նույն կայտառությամբ քարոզարշավը շարունակվեց նաև Վայոց ձորի մարզում, ուր վարչապետը հայտարարեց, որ եթե «2-3 տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցում, հիմա՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն»: Եվ միայն երեկոյան, երբ վարակվածների թիվը հասավ 6-ի և հարկ էր եղել մեկուսացնել 88 հոգու, վարչապետը հայտարարեց, որ ընդհատում է արձակուրդը և վերադառնում է Երևան: Դպրոցները նորից փակվեցին: Հանրաքվեն հետաձգվեց:

Մարտի 13-ին բացահայտված վարակակիրների թիվը հասավ 13-ի, մեկուսացվածների թիվը՝ 100-ի, վարակի օջախներից մեկը Էջմիածինն էր, մյուսը՝ մի երևանյան արտադրամաս, որի անունը համառորեն չէր նշվում և որի աշխատակիցներին վարակել էր Իտալիայից ժամանած մասնագետը: Պարզվեց, որ Էջմիածնի զրոյական վարակակիրը Հայաստան էր ժամանել Իտալիայից փետրվարի 29-ին, իսկ մարտի 8-ին մասնակցել էր որդու նշանդրեքին՝ այդպիսով շփվելով ոչ միայն հարազատների, այլև մեծ թվով հյուրերի հետ: Վարչապետ Փաշինյանը, կեղծ տեղեկություններ հայտնելով, փորձեց ողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդել առանց այդ էլ տուժած կնոջ վրա: Նա ասաց, որ կնոջը պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը. «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը»։  

Մի քանի օր անց առաջին աղբյուրից հայտնի դարձավ, որ այդ կնոջով ոչ ոք չի հետաքրքրվել, ավելին, նա նշանդրեքի օրը բնավ չի ենթադրել, որ հիվանդ է, վատ է զգացել միայն հաջորդ օրը, բժիշկ է կանչել, զգուշացրել, որ նոր է եկել Իտալիայից, բայց բժիշկն ընդամենը հանգստացրել է հիվանդին, թե չարժի անհանգստանալ, դեղեր է նշանակել: Տեսնելով, որ դեղերը չեն օգնում, կինն իր նախաձեռնությամբ գնացել է ռենտգեն հետազոտության, ուրիշ բժիկների է դիմել, և միայն նրանցից մեկն է խորհուրդ տվել անպայման թեստ հանձնել: Իսկ թե ինչպես է իտալացին ջերմության մեջ մի շաբաթ շփվել արտադրամասի աշխատակիցների հետ, որևէ տեղեկություն չի տրվել: Փաստորեն հանրապետության բուժաշխատողները նույնիսկ մարտի 1-ից հետո հանձնարարականներ չեն ստացել:

Այդ օրը վարչապետն իր ընտանիքով մեկուսացավ Սևանի թերակղզում և ընտանյոք հանդերձ թեստ հանձնեց, քանի որ կինը Բրազիլիայում գրկախառնվել էր կասկածյալ վարակակիր նախագահի կնոջ հետ:

Մարտի 14-ին, երբ վարակի 20 դեպք էր արձանագրվել, մեկուսացվել էր 200 անձ և ակնհայտ էր, որ հիվանդացությունը պրոգրեսիայով է աճում, նոր միայն որոշում կայացվեց Եվրոպայի ռիսկային երկրներից ժամանող բոլոր քաղաքացիներին մեկուսացնել, որպեսզի կանխվի հավելյալ վտանգը: Փակվեցին բոլոր հանրային վայրերը (թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, գրադարաններ ևն):

Մարտի 15-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ շուտով առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ  թեստեր, որոնք կարճ ժամկետում՝ 15 րոպեի ընթացքում, կորոնավիրուսի առկայությունը ստուգելու հնարավորություն են տալու և կիրառվելու են անցակետերում:  

Մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:

Ուրեմն մարտի 1-ից հետո ձեռնարկված ի՞նչ քայլերի մասին է խոսում Տիգրան Ավինյանը, որ հիվանդներին տարել են հիվանդանո՞ց կամ նրանց հետ շփվածներին մեկուսացրե՞լ են: Դա՞ էլ չանեին: Մեզ շնո՞րհ են արել: Այդ դեպքում ինչպե՞ս պնդես, որ այս երկրում գոյություն ունի առողջապահության համակարգ և առհասարակ պետություն: Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա, եթե պետությունն իր ամենաառաջնային գործառույթները լիարժեք չի կատարում և իր սխալների համար պատասխանատվություն չի ստանձնում:

Մենք կորցրինք չափազանց վճռորոշ կես ամիս, երբ կորոնավիրուսն արդեն ներկա էր, արդեն սողեսող տարածվում էր, և հիմա ստիպված ենք ընդամենը հևիհև վազել նրա հետևանքների հետևից:

Եվ այսքանից հետո խոսել մարտի 1-ից հետո պետության ձեռնարկած քայլերի մասի՞ն, այսպես նենգափոխել  նույնիսկ ոչ թե վաղ անցյալի, այլ հենց այսօր տեղի ունեցող փաստե՞րը: Սա, մեղմ ասած, անամոթություն է: Հետևաբար հարկ է, որ պարոն Ավինյանն ինքն իր ձեռքով խմբագրի իր իսկ հայտարարությունն այսպես. «Եթե կառավարությունը մարտի 14-ից հետո էլ որևէ քայլ չձեռնարկեր…. »:

Եվ մենք էլ Ավինյանի նույն ենթադրական եղանակով արձանագրենք. եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կանխարգելող միջոցներ ձեռնարկեր, ապա մենք էլ այսօր կունենայինք մոտավորապես նույն ցուցանիշները, ինչ Վրաստանում և ստիպված չէինք լինի երկար ժամանակով կաթվածահար անել երկրի բնականոն գործունեությունը՝ դրանից բխող աղետալի հետևանքներով:

Ավաղ, պատմությունը քերականության ենթադրական եղանակ չի ընդունում և սիրում է միայն այն ժողովուրդներին, որոնք խոսում են նույնիսկ ոչ թե ներկա անկատարով, այլ անցյալ կատարյալով՝ արեցի, արեցինք: Բայց մենք յուրաքանչյուր աղետից հետո դարձյալ ու դարձյալ խոսում ենք նույն եղանակով՝ ենթադրականի անցյալ ապառնիով՝ եթե անեինք… Պատմությո՞ւնը մեզ չի սիրում,  թե՞ մենք պատմություն չենք սիրում:

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին