f

Անկախ

Քաղաքացիների «տոտալ վերահսկողություն» ենթադրող նախագիծը տապալվեց, գոնե առայժմ


Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիներին տեղորոշելու օրինագիծը ԱԺ-ում տապալվեց: ՀՀ կառավարության նախաձեռնած փոփոխությունների օրինագիծը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ում: Այսօր օրինագիծը վերջնականապես չընդունվեց  իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորների բացակայությունների պատճառով. ընդդիմադիր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին, ինչի շնորհիվ քվորում չապահովվեց օրինագիծն ընդունելու համար:

ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանն ասում է, որ օրինագիծն ընդունվելու պարագայում դառնալու էր անձանց որոշակի խմբի նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնելու միջոց:  

«Եթե նոր իշխանություններն ուզում են տոտալ հսկողություն հաստատել իրենց քիմքին ոչ հաճելի մարդկանց հանդեպ, թող այդպես էլ ասեն, որովհետև այստեղ այլ բան չկա»,- ասում է Ալավերդյանը` հավելելով, որ բնականաբար ողջ ազգաբնակչության տեղորոշում իրականացնել հնարավոր չէ, հետևաբար ընտրվելու էին որոշակի խումբ մարդիկ, որոնց նկատմամբ էլ  վերահոսկողություն կիրականացվեր:

Լարիսա Ալավերդյան

Անդրադառնալով իշխանությունների հիմնավորմանը, թե օրենքի ընդունումը կանխելու էր նոր կորոնավիրուսի տարածումը` Ալավերդյանն ասում է. «Վիրուսի առումով դա անհեթեթ մեթոդ է: Եթե անգամ դա օգնելու է ինչ-ինչ տոկոս հաստատել, ապա դա բացարձակապես ո'չ համաչափ, ո'չ էլ իրավաչափ է»:

Այն, որ օրենսդրական փոփոխությամբ առաջարկվող կարգավորումները համաչափ չեն, արձանագրել էր նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը` իր եզրակացությունում նշելով, որ «նախագծերի փաթեթով կատարվող լրացումները չեն համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ևս կարծում է, որ օրինագծի ընդունումը չէր նպաստելու նոր կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը:  Նրա խոսքով`  այն երկրները, որոնք ամենաարդյունավետն են գործում կորոնավիրուսի տարածման դեմ, այլ եղանակներով են պայքար մղում: Նա մատնանշում է Գերմանիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի փորձը, որոնք վիրուսի դեմ պայքարում հաջողել են վարակի տարածման օջախները մեկուսացնելու, ուժեղ վերահսկողություն իրականացնելու և զանգվածային թեստավորումներ իրականացնելու միջոցով:

Իշխանյանը հիշեցնում է, որ ընդամենն ամիսներ առաջ   «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, ինչի շնորհիվ  Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացնելու  հնարավորություն ստացավ:

Ավետիք Իշխանյան

«Հիմա էլ, օգտվելով այս իրավիճակից, կարծես թե ուզում են ավելի ընդլայնել մարդկանց ներքին կյանքին խառնվելու, ինֆորմացիային տիրապետելու հնարավորությունները»,- ասում է նա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն օրինագծի տապալումից հետո իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է հղել Կառավարությանը: Նրա խոսքով` հարկավոր է օրինագիծը տարանջատել`առաջարկվող փոփոխություններից ո՞րն է հրատապ և ո՞րն է կառավարության ցանկությունը:  «Ապաանձնավորված վերահսկողությունը, հնարավոր է, և վատ բան չէ, եթե ապացուցվի, որ այն արվում է այն մեթոդներով, որոնցով, օրինակ, չեն հետևի լրագրողներին, իրավապաշտնապններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Բերեք ապացույցներ, որ կա կազմակերպություն, որ ունակ է անվտանգ այս տվյալները հավաքագրել և պահել»,- գրում է նա։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ ArmDaily պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ օրինագծում մի շարք հստակեցումների կարիք կա: Նրա խոսքով` կարիք կա օրենքի մակարդակով հստակեցնելու, թե որ մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։  

«Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շատ երկար ժամկետ է և չհիմնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3-օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։ Հաջորդ կարևոր քայլն է հստակեցնելը, թե անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։ Խնդիր է նաև այն, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները»,- ասել է նա` հավելելով, որ զանգերի քանակը, տևողությունը  վերահսկելը և այն ամենն, ինչ  անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ, ավելորդ տվյալներ են:

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով առաջարկվում էր, որ հեռահաղորդակցության օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց` այն է` տվյալներ մշակողներին  տրամադրեին իրենց հաճախորդների գտնվելու վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Անձնավորված տվյալներն, ըստ օրինագծի, ջնջվելու էին  արտակարգ դրության ավարտից հետո 1-ամսյա ժամկետում:

Թե քաղաքացու հեռախոսային խոսակցության տևողությունը կամ հեռախոսազանգի ժամը ինչպես էին օգնելու իշխանություններին վիրուսի տարածման դեմ պայքարում, ԱԺ լսումների ընթացքում այդպես էլ հիմնավորված բացատրություն չներկայացվեց. ինչպես հայտնի է, վիրուսը հեռախոսազանգերով չի փոխանցվում, իսկ դեմ առ դեմ  հանդիպումները կապ չունեն հեռախոսազանգերի տևողության հետ:

 

 

իրավունք նոր կորոնավիրուս ԱԺ արտակարգ դրություն տեղորոշում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին