f

Անկախ

«Ամեն մի նոր ներկայացում՝ դա մի նոր քննություն է». Ռուբեն Բաբայան


Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ սիրված դերասանները հանդես եկան  չեխ դրանատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Պաշտոնական առաջնախաղը տեղի ունեցավ  մարտի 3-ին և 4-ին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

Անկախը  զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, Մշակույթի նախարարությունը միավորվեց Սպորտի և կրթության և գիտության նախարարությունների հետ. միավորումից հետո նոր նախարարության գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում:  Հոգածություն  ցուցաբերվու՞մ է  մշակույթի նկատմամբ ։

Ես այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս, թե դա առանձին նախարարություն է, թե միասնական։ Կարծում եմ, նախարարության հիմնական սկզբունքն է`  մշակել ստրատեգիական ծրագրեր, որոշել, թե որոնք են Հայաստանում մշակույթի զարգացման առաջնահերթությունները։ Նաև պատրաստել օրենսդրական դաշտ, որպեսզի մշակույթը կարողանա ինքնուրույն զարգանալ, այլ ոչ թե ամբողջովին կախված լինի պետական ապարատից։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ շահում են այն երկրները, որտեղ լավ մշակված է օրենսդրական դաշտը, և մշակութային օջախները կարող են ինքնուրույն, ինքնակառավարմամբ  գոյատևել։ Եթե ընդհանուր սկզբունք են ընդունում մշակութային բոլոր օջախների հանդեպ, դա նշանակում է, որ թատրոնից ոչինչ  չեն հասկանում։ Նույնիսկ թատերական ասպարեզում, թատրոնները`  կախված իրենց ժանրային առանձնահատկություններից, շատ տարբեր են, և յուրաքանչյուրին պետք է լինի անհատական մոտեցում։ Այնպես որ նախարարությունների միավորման մեջ մեծ խնդիր չեմ տեսնում։ Կասեմ, որ հիմա ավելի արդյունավետ է աշխատում, քան առաջ, քանի որ մեզ հաջողվեց փոխել որոշակի օրենքներ, բարելավել գնումների մասին  ենթաօրենսդրական ակտը, որը հենց կառավարության լիազորությունների մեջ էր մտնում։ Մեզ հաջողվեց նախարարության միջոցով ապացուցել, որ մշակութային, գեղարվեստական, բեմադրական ծախսերը տարբերվում են շինարարական ծախսերից, և չեն կարող նույն տեղում դասվել։ Կարծում եմ ժամանակը  ցույց կտա միասնական նախարարության արդյունավետությունը։ Այս մեխանիզմը շատ բարդ է աշխատում, և այստեղ կա մի պարզ ճշմարտություն, որ բոլորն են հասկացել. Պետությունը`  ինքը, վատ մենեջեր է։ Եվ ոչ թե այն պատճառով, որ այնտեղ վատ մարդիկ են աշխատում, պարզապես պետությունը վատ կառավարիչ է։ Սա հասկացել են բոլոր երկրներում։ Եվ որքան քիչ կառավարչական ֆունկցիաներ ունենա պետությունը, այնքան ավելի լավ կզարգանա մշակութային ոլորտը։

-Այսօր հնարավոր չէ պատկերացնել արվեստի զարգացումը առանց մեկենասների եւ հովանավորների մասնակցությամբ,  որոնք արվեստին հնարավորություն են տալիս զարգանալու, լինելու ավելի ազատ պետական միջոցներից, ճնշումից: Ի՞նչ կասեք այս մասին:

Խոսքը այստեղ չի վերաբերում միայն ֆինանսավորման։ Խոսքը վերաբերում է նրան, որ հասարակության, մշակույթի, արվեստի ու բիզնեսի կապերը պետք է լինեն ավելի սերտ, նրանք պետք է շահագրգռված լինեն այդ հարաբերությունների մեջ։ Դա տալիս է արվեստին ավելի անկախ զարգանալու հնարավորություն, դա տալիս է երկրին ավելի քաղաքակիրթ լինելու հնարավորություն։ Որովհետև մենք հաճախակի բողոքում ենք, որ մեր հասարակության մեջ, մեր բիզնեսի մեջ կա որոշակի անհանդուրժողականություն ։ Մենք ավելի հումանիստական կուզեիք տեսնել այդ ամենը։ Դա չի կատարվում միայն օրենքների խստությամբ, չնայած որ դա էլ պակաս անհրաժեշտ չէ։ Դա առաջին հերթին կատարվում է, երբ մշակույթը դառնում է անհրաժեշտություն հասարակության համար։ Եվ  սրա գիտակցումը, մշակույթի տարածումը զուտ կիրառական իմաստով, ոչ թե ժամանցի, անհրաժեշտ է ամբողջ հանրությանը։ Սրան հնարավոր է հասնել միայն ու միայն ունենալով այս օրենքները։ Զարգացած աշխարհը, որի օրինակները մենք անընդհատ բերում ենք, վաղուց է ապրում ու զարգացնում իր մշակույթը այս օրենքների շնորհիվ։ Այստեղ խնդիրը կարող է լինել միայն մեխանիզմները, թե ինչպես դա պետք է կիրառվի, օգտագործվի, որպեսզի իրականում ֆինանսավորվի և հովանավորվի իրական մշակույթը։ Այս հարցերը ես հաճախակի եմ բարձրացնում։ Որպես հակափաստարկ բերում են, թե ֆինանսների նախարարությունը դեմ է սրան։ Ֆինանսների նախարարությունը բոլոր երկրներում էլ դեմ է, և դա բնական է։ Այս օրենքները պետք է լինեն մեր երկրում, իսկ մնացածը  թող պատկան մարմինները մտածեն, թե ինչպես այն ձևակերպեն, ուսումնասիրել ով տարբեր երկրների լավագույն օրինակները՝ համապատասխանեցնելով դա մեր երկրին, մեր մենթալիտետին։ Առանց դրա հնարավոր չէ։ Ուշ, թե շուտ դա լինելու է, պարզապես մենք սովորություն ունենք ամեն ինչ ուշացնելու։ Եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքակիրթ հասարակություն, առանց այս օրենքների հնարավոր չէ դա իրականացնել։

Դա հենց  մեկենասության մասին օրենքն է, որի  մասին  խոսեցինք։  Իսկ մնացած բոլոր հարցերը արդեն կարծես ավելի երկրորդական են։ Պետք է լուծել հիմնական հարցը. ազատականացնել մեր մշակույթը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատու  դարձնել իր մշակույթի հանդեպ։ Սա շատ կարևոր է։  Օրինակ, Մատենադարանը, Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը  ոչ թե մշակույթի նախարարությանն է, այլ մեր ազգայինն է, ժողովրդինն է։ Եվ մեր պարտավորությունն է, որ այս մշակութային կոթողները լինեն լավ վիճակում։ Այս հոգեբանությունը, այս մտածողությունը պետք է դառնա մեր բոլոր գործողությունների հիմքը։ Եթե մենք սկսում ենք մեր մշակութային ժառանգությունը բաժանել գերատեսչությունների միջոցով, դա նշանակում է, որ մենք կամովին հրաժարվում ենք պատասխանատվությունից այդ մշակութային օջախների հանդեպ։

-Գիտենք, որ ժամանակակից թատրոնը տարբեր նորարարությունների, տեխնիկական զարգացման պահանջներ է ներկայացնում, ինչ  խնդիրներ ունի այսօր Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը:

Լրիվ համաձայն եմ ձևակերպման հետ։ Թատրոնը շատ ժամանակակից արվեստ է և փոխվում է ժամանակի հետ միասին։ Ամեն ժամանակաշրջան ներկայացնում է իր պահանջները թատրոնի հանդեպ։ Թատրոնը կարիք ունի բազմաթիվ թատերական մասնագիտությունների. ոչ միայն դերասանների, այլ նաև ռեժիսորների, նկարիչների, հնչյունային ռեժիսորների, լուսային օպերատորների, բեմի մոնտաժողների, գրիմյորների, դիմահարդարների, զգեստի նկարիչների, դեկորատորների։ Սրանք այն թատերական մասնագիտություններն են, որոնք անհրաժեշտ են ժամանակակից թատրոններին։ Իսկ ժամանակակից թատրոնի պահանջվող լուսային, ձայնային և համակարգչային տեխնիկան շատ արագ հնանում է  և շատ արագ պետք է փոխվի, որովհետև աշխարհում արագորեն զարգանում են այդ ուղղությունները։ Այդ ամենի կարիքը ունի նաև Տիկնիկային թատրոնը։ Առավել ևս, որ մեր թատրոնը փորձում է լինել մշակութային կենտրոն։ Այստեղ ոչ միայն տիկնիկային ներկայացումներ են բեմադրվում, ոչ միայն ներկայացնումներ երեխաների համար, այլ նաև դրամատիկ ներկայացնումներ, բալետային ներկայացումներ, մնջախաղային ներկայացնումներ, հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզվով ներկայացումներ։ Այստեղ կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ։ Մենք փորձում ենք մեր ամբողջ տարածքը օգտագործել։ Փորձում ենք ամեն մի քառակուսի մետր օգտագործել որպես թատերական տարածք. ետնաբեմը, փորձասենյակը, ճաշարանի մասը, նախասրահը։ Եվ այդ ամենը մենք հիմնականում կատարում ենք երիտասարդների ուժերով։ Եվ բոլոր այս նորարարությունները, որոնք իրականացնում է թատրոնը, փորձում է համապատասխանել 21- րդ դարի թատրոնի պահանջներին։ Սա արվում է ոչ թե ի շնորհիվ այն թատերական համակարգի, որը գործում է, այլ ի հեճուկս դրան։ Թատերական գործի կազմակերպման պետական ընդունված ձևաչափը մենք ժառանգել ենք սովետական տարիներից։ Այն չի փոխվել այս երեսուն տարվա ընթացքում։ Եվ դա սարսափելի է, որովհետև այն կարծրացած է, բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի փոփոխված տնտեսական, գաղափարական մոդելին։ Թատրոնը չի կարող դոփել տեղում, երբ ամբողջ երկիրը շարժվում է առաջ։

-  1998  թվականից աշխատում եք  Տիկնիկային  թատրոնում:  Ձեր գնահատմամբ` ի՞նչն է այս թատրոնի այցեքարտը, ինչո՞վ է այն գրավիչ հանդիսատեսին: Որո՞նք են այն ձեռքբերումները, որ գրանցվել  են  Ձեր  ղեկավարած շրջանում:  

Ամենակարևորը, որ ես ուզում եմ, դա այն է, որ այստեղ լինի ազատ։ Յուրաքանչյուր ոք պետք է թատրոնում կարողանա արտահայտվել։ Իմ ղեկավարած տարիների ընթացքում թատրոնում բեմադրվեցին բազմաթիվ ներկայացումներ մեծահասակների համար, բեմադրվեցին դրամատիկ ներկայացնումներ։ Այստեղ կիրառվում են տիկնիկային արվեստի բոլոր ձևերը։ Վերջին 29 տարվա ընթացքում ունեցել ենք մոտ հարյուր միջազգային փառատոններ ու հյուրախաղեր։ Տեղի է ունեցել սերնդափոխություն։ Ես չեմ  դիմել  «վիրաբուժական» մեթոդների, ամեն ինչ կատարվել է շատ օրգանական։ Թատրոնում այսօր մենք խաղում ենք ներկայացնումներ, որոնք 40-50 տարվա պատմություն ունեն, որոնց բեմադրիչները, նկարիչները, կոմպոզիտորները արդեն չկան, բայց իրենց ներկայացումները բեմում են։ Միջազգային փառատոնների և հյուրախաղերի մենք տարել ենք մոտ քսան անուն ներկայացնում, և դրանք բոլորը բեմադրել են տասը տարբեր ռեժիսորներ։ Այստեղ առաջին անգամ բեմ են բարձրացրել այնպիսի հեղինակներ, որոնք Հայաստանում երբևէ չեն բեմադրվել. ոչ միայն համաշխարհային ճանաչում գտած հայտնի դրամատուրգների գործեր, այլ նաև հայ դրամատուրգների։ Ես կարծում եմ սա ևս թատրոնի այցեքարտերից մեկն է։ Առաջին անգամ այստեղ բեմադրվել է Անուշ  Ասլիբեկյանի  «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը, Գևորգ  Կարապետյանի  «Աչքերի որսը»,  Ռաֆայել Հակոբջանյանի  «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»։ Մեր թատրոնը հավատարիմ է նաև իր անվանը և կոչմանը։ Թատրոնի խաղացանկում կա Թումանյանի վեց գործ՝  բեմադրված տարբեր ռեժիսորների կողմից, տարբեր տարիների, բայց դա մեր հարստությունն է։ Եվ ընդհանրապես, Թումանյանի անունը կրելը դա պարտավորեցնում է։ Պարտավորեցնում է բոլոր պարագաներում, ոչ միայն գրական, այլ նաև մտավորական, քաղաքացիական, որովհետև Թումանյանը այն եզակի մարդկանցից էր, ում մեջ այդ ամենը համախմբված էր։

-Լինելով   Տիկնիկային թատրոնի և´ գեղարվեստական ղեկավարը, և´ տնօրենը, ինչպե՞ս եք կարողանում զուգահեռել այդ երկու տարբեր պաշտոնները:

Ես այն կարծիքին եմ, որ թատրոնը իրականում պետք է ունենա մեկ ղեկավար, անկախ նրանից, թե ինչպես է դա կոչվում։ Ղեկավարը պետք է որոշի թատրոնի գեղագիտությունը, թատրոնի ուղղվածությունը, թատրոնի հետագա աշխատանքները, ստեղծագործական անձնակազմի հետ աշխատանքը, այլ թատրոնների հետ համագործակցությունը։ Վերջերս մենք իրականացրեցինք մի բեմականացում՝ «Ժամացույցի զարկերը», որտեղ աշխատում են վեց տարբեր թատրոնների դերասաններ։ Ըստ իս,  սա կարևորագույն խնդիր է. Բացել թատրոնի դռները, թատրոնի բեմահարթակը բոլորի առջև։ Տաղանդավոր մարդիկ պետք է կարողանան մասին դուրս գալ բեմ և չսահմանափակվեն միայն ինչ-որ պաշտոն զբաղեցնելով։

-Ձեր շնորհիվ թատրոնը դարձել է մշակութային  մի վայր , որտեղ նորարարություններ կարող են ներակայացնել  բոլոր անհատները,  ովքեր  ասելիք ունեն: Ինչո՞վ  եք առաջնորդվում նոր կադրեր ընտրելիս:  Դասավանդում եք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպիսի՞ կադրեր կան այնտեղ:

Նախ դերասաններին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց մտքերը, գաղափարները։ Տրվում է հնարավորություն փորձեր անցկացնել, ցույց տալ, թե ինչ է ստացվում։ Եվ եթե դա հետաքրքիր է, մենք գտնում ենք փոքր ֆինանսավորում՝  մեր հնարավորությունների սահմաններում, որպեսզի այն հնարավոր լինի իրականացնել։ Լինում են գործեր, որոնք, ճիշտ է, այստեղ բեմադրվում են, բայց խաղացանկում տեղ չեն գտնում։ Լինում են գործեր, որոնք չեն հաջողվում։ Դրանց համար սակայն չեմ ափսոսում, քանի  որ եթե ուզում ես գտնել  ինչ-որ արժանի բան, պետք է տալ  շատ հնարավորություններ։ Անհաջողությունը ունի շատ մեծ ուսումնական և դաստիարակչական նշանակություն, անհաջողությունների վրա են մարդիկ ավելի շատ սովորում։ Դերասանական առումով հիմնականում ռեժիսորներին եմ առաջարկում նայել նոր դերասաններին։ Կան երիտասարդ դերասաններ, որոնք մնում են, ամրանում են թատրոնում, կան դերասաններ, որոնք մեկ-երկու ներկայացնում խաղալուց հետո դուրս են մնում։ Ես կարծում եմ, որ թատրոնը այնքան կենդանի օրգանիզ է, որ պետք է հնարավորություն տալ հենց այսպես աշխատել՝  շատ ազատ։ Եվ  չափանիշը կարող է լինել միայն ստեղծագործական մղումը, տաղանդը, պրոֆեսիոնալիզմը և աշխատասիրությունը։ Այնտեղ ունենք շատ տաղանդավոր ուսանողներ։ Մեր գործն է առաջին հերթին փորձել իրենց մասնագիտություն սովորեցնել։ Մենք չենք կարող իրենց տաղանդավոր դարձնել, դա ի վերուստ է տրված, բայց սովորեցնել պարտավոր ենք։ Առավել  ևս 21-րդ դարում, երբ նրանք պետք է այնպես տիրապետեն իրենց մասնագիտությանը, որպեսզի պահանջված լինեն։ Ժամանակակից դերասանը շատ ունիվերսալ է, նա պետք է տիրապետի դերասանական բոլոր մասնագիտություններին, այն ամենը, ինչը ապագայում իրեն կտա հնարավորություն պահանջված լինել և հրավիրվել տարբեր թատրոններ։

-Այսօր  Հայաստանում տիկնիկային թատրոնը մասսայականություն է վայելում: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը: Ո՞րն է հանդիսատեսին թատրոն բերելու ամենամեծ գաղտնիքը:

Տիկնիկային թատրոն

Այն ժամանակ, երբ ես ընտրվում էի թատրոնի ղեկավար, հենց առաջին ժողովում ասացի, որ չգիտեմ, թե ինչպիսին պետք է լինի թատրոնը, բայց գիտեմ՝ թե ինչպիսին  այն չպետք է լինի։ Ես կարող եմ այսօր, 22 տարի անց կրկնել այդ նախադասությունը։ Գուցե հաջողությունը գալիս է նրանից, որ ես գիտեմ, թե թատրոնը ինչպիսին չպետք է լինի։ Թատրոնը չպետք է լինի մեռած, թատրոնը չպետք է լինի հանգիստ ննջող, թատրոնը չպետք է հիշի իր անցյալ ուղին և հաջողությունները, որովհետև դրանք միայն պարտավորեցնում են, և ոչ մի բան չեն ապահովում։ Ամեն մի նոր ներկայացում դա մի նոր քննություն է։ Թատրոնը պետք է շատ զգայուն լինի ժամանակների փոփոխությանը։ Թատրոնը պետք է կարողանա բավարարել շատ- շատ մարդկանց ճաշակները։ Թատրոնը պետք է լինի հետաքրքիր, պետք է լինի երիտասարդ, անկախ նրանից, թե ինչ տարիքի դերասաններ են խաղում ։ Վերջին ներկայացումը, որ մենք բեմադրեցինք, ծերանոցում ապրող տարեց մարդկանց մասին է, խաղում են տարեց դերասաններ, բայց այն շատ երիտասարդական է, և երիտասարդները այն հաճույքով դիտում են։ Հիմնական գաղափարը, որ դրված է այստեղ, այն է, որ մարդ ծերանում է միայն ֆիզիկապես, իսկ հոգեպես նա նույն երեխան է։ Ինձ հաճախ հարցնում են, թե այսքան քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, արդյոք դրանք մեր թատրոնում չենք փորձելու։ Ես պատասխանում եմ, որ թատրոնը դրա համար չէ։ Թատրոնը ուսումնասիրում է մարդուն, մարդու հոգին, մարդու էությունը։ Թատրոնը տալիս է հնարավորություն մարդուն՝  հասկանալ  ինքն իրեն, իսկ քաղաքական հարցերով զբաղվելու համար կա մամուլ  և հեռուստատեսություն։ Ես կարծում եմ, որ դա մեր թատրոնի ֆունկցիայի մեջ չէ։ Մենք պետք է անկեղծ խոսենք մարդու հետ՝  մարդու մասին։ Իսկ մարդն ավելի խորն է, քան քաղաքականությունը։

-Գիտենք, որ թատրոնի ամենակարևոր խնդիրից մեկը  ժամանակակից լինելն է: Սակայն ի՞նչ ավանդույթներ են եղել թատրոնում, որոնք կուզենայիք պահպանվեին:

Դա առաջին հերթին գործի հանդեպ վերաբերմունքն է։ Եթե խոսքը գնում է տիկնիկի մասին, ապա լավ տիկնիկավարությունը, տիկնիկի հանդեպ հոգատար վերաբերմունքը։ Անձամբ ես շատ եմ սիրում դերասանական թատրոնը, որովհետև առաջին պլանում դերասանն է։ Թատրոնի առանձնահատկությունը, եթե համեմատենք կինոյի հետ՝  հենց դա է։ Դա անմիջական, կենդանի շփումն է, որը իրականացվում է դերասանի միջոցով։ Կարելի է փայլուն ռեժիսորական հնարքներ գտնել, բայց եթե թատրոնը  չկարողացավ այդ երկխոսությունը հաստատել հանդիսականի հետ, այդ հրաշալի պիեսը, հրաշալի ռեժիսորական լուծումները կմնան չպահանջված։ Սա երևի այն կարևորագույն սկզբունքներն են, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար։

Մի լավ ավանդույթ կա մեր թատրոնում, որը ինձ դուր է գալիս և փորձում եմ պահպանել. դա սերունդների կապն է, և միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Մեր թատրոնը այդ տեսակետից ընտանիքի է նման, և այն լիակատար է երբ ներկայացված է բոլոր սերունդներով։ Թատրոնը ևս ունի բոլոր սերունդների անհրաժեշտությունը, յուրաքանչյուր սերունդ սնում է մյուս սերնդին՝ մեծ սերունդը իր փորձով, երիտասարդ սերունդը՝  իր ինտուզիազմով, ակտիվությամբ, որը ստիպում է նաև մեծահասակներին լինել ավելի ակտիվ, ավելի գործունյա, ավելի ժամանակակից։ Ես շատ կուզեի, որ թատրոններում լինի ոչ թե սերունդների պատերազմ, այլ  սերունդների համերաշխություն։ Մարդիկ կարող են լինել շատ տարբեր, բայց իրենց միավորում է սերը թատրոնի հանդեպ։ Եվ այս պարագայում դերասանները համագործակցում են իրար հետ՝  հանուն արվեստի։ Մենք պետք է հասկանանք նաև մի բան, որ մեր կենցաղային խնդիրները չպետք է բերվեն թատրոն, դրանք այստեղ  չեն լուծվելու և խանգարելու են լիակատար աշխատել։ Եվս մեկ ավանդույթ, որ կա արդեն 22 տարի մեր թատրոնում.  թատրոնում մշտապես գնում է ինչ-որ աշխատանք, նույնիսկ աշխատանքներ, որոնցից անգամ ես գաղափար չունեմ։ Լինում է, որ մտնում եմ դիմահարդարման սենյակ ու տեսնում, որ գիշերվա 11-ին կամ 12- ին  մարդիկ նստած պիես են կարդում։ Սա ինձ շատ է դուր գալիս, որովհետև թատրոնը չպետք է ունենա աշխատանքային ժամ, նա պետք է կարողանա աշխատել  24  ժամ։

- Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը  80 տարում  երբեք չի փակվել, նույնիսկ ամենադժվար տարիներին: Ինչով՞ է երևանյան տիկնիկային թատրոնը տարբերվում է աշխարհի բոլոր նմանատիպ  թատրոններից.  Ձեր թատրոնի ամենամեծ առանձնահատկությունը...

50- ական թվականներին թատրոնները անցան ինքնաֆինանսավորման և փակվեցին շատ թատրոններ։ Այդ ժամանակ թատրոնի դերասանները սխրանք կատարեցին. նրանք կազմեցին խմբեր և տարբեր ներկայացնումներով սկսեցին  շրջել ամբողջ Հայաստանով մեկ։ Նրանք թույլ չտվեցին, որ այդ ներկայացնումները մոռացվեն։ Եվ երբ մի քանի տարի հետո թատրոնը նորից վերաբացվեց, նա զրոյից չսկսեց։ Ինչն է մեզ թույլ տալիս ապրել։ Կարծում եմ  դա նվիրվածությունն է թատրոնին, թատրոնի մարդիկ հպարտ են, որ իրենք աշխատում են այս թատրոնում։ Բոլոր դեպքերում թատրոնը ոչ թե չորս պատն է, ոչ թե տեխնիկան, այլ այն մարդիկ, ովքեր աշխատում են թատրոնում։ Եվ այստեղ էական տարբերություն չկա ստեղծագործական և ոչ ստեղծագործական կազմի մեջ։ Միշտ ասել եմ, որ դերասանը չի կարող աշխատել թատրոնում, եթե թատրոն չի սիրում։ Թատրոնում կաշխատի այն հավաքարարը, ով սիրում է թատրոնը։ Սա է երևի այն գրավականը, որ այս թատրոնը բոլոր ժամանակներում կարողացել է գոյատևել։ Նույնը կատարվում էր պատերազմական տարիներին, երբ չկար լույս, երբ մենք փորձեր էինք կատարում փոքրիկ վառարանի շուրջ, երբ հին դեկորացիան էինք այրում, որպեսզի հնարավոր լիներ պիես ընթերցել։ Հենց այդ տարիներին մենք խաղում էինք Թումանյանի  «Քեֆ անողի քեֆը չի պակասի» ներկայացնումը,  որը  լավագույնս բնորոշում էր մեզ։ Նա, ով ուզում է քեֆ անի, մեր պարագայում ստեղծագործի, ապա բոլոր պայմաններում էլ կստեղծագործի։

-Ինչպե՞ս եք գնահատում հանդիսատես -թատրոն  կապը:

Այդ տեսակետից, կարծում եմ, մենք երջանիկ թատրոն ենք. յոթանասուն  հազար հանդիսական, տարեկան հինգ հարյուրից ավելի ներկայացնում, չնայած որ ես քանակի հետևից չեմ ընկնում։ Մենք ունենք ներկայացնումներ մեծահասակների համար, որոնք այդքան  մեծ հանդիսատես չեն հավաքում, բայց սրանք հետաքրքիր ներկայացնումներ են և խաղացանկում նման ներկայացնում ունենալը պատիվ է մեզ համար։ Ունենք ներկայացնումներ, որոնցով գնում ենք տարբեր միջազգային փառատոնների և վերադառնում ենք տարբեր մրցանակներով։ Ես կարծում եմ, որ արվեստում կա մի կարևոր սկզբունք, որը պետք է կիրառել. ամեն ինչ  չէ, որ որոշվում է քանակով։ Մեր երկրում ապրում են տարբեր մարդիկ և յուրաքանչյուրն իր մի կտոր արևի իրավունքն ունի։ Եվ եթե մենք բեմադրում ենք Գաբրիել Գարսիա Մարկեսի գործը և երեք հարյուր տեղանոց դահլիճում ներկայացնումը նայում են հիսուն հոգի, ովքեր ներկայացման ավարտին մոտենում են և շնորհակալություն են հայտնում, կարծում եմ այդ հիսուն հոգին իրավունք ունի իր ուզած ներկայացումը նայելու։

-Հաճախ եք նշում,   որ թատրոնը կենդանի օրագանիզմ է, իսկ ի՞նչ է պետք թատրոնը ժամանակի մեջ պահելու համար:

Երբեք պետք չէ չափազանց շատ ուրախանալ քո հաջողություններով։ Բեմադրեցիր ներկայացումը, խաղացիր, մոռացիր այդ հաջողության մասին։ Միշտ պետք է նայել առաջ, սա շատ կարևոր է։ Ես այդ սկզբունքը ժառանգել եմ իմ ուսուցչից՝ Երվանդ Մանարյանից, ով միշտ առաջ էր նայում։ Սա ժամանակակից լինելու  համար շատ կարևոր է։ Պետք չէ տառապել գավառական բարդույթներով, թե մեզ չեն հասկանում, թե մենք ոչ ոքի պետք չենք։ Մեզ լավ էլ հասկանում են, եթե լավ գործ ենք անում, մենք հավասարը հավասարի հետ կարող ենք մրցել աշխարհում։ Մենք շատ բան ունենք սովորելու և սովորեցնելու։ Մենք պետք է նույն լեզվով խոսենք աշխարհի հետ։ Արվեստը դա հաղորդակցվող անոթներ են։ Իզուր չէ, որ մենք Հայաստանում ունենք Թարգմանչաց տոն, երևի միակ ժողովուրդն ենք, որ այդքան բարձր է գնահատել այդ մասնագիտությունը։ Ինչու, որովհետև մենք միշտ բաց ենք եղել աշխարհին, և դա պետք է պահպանել։ Պետք չէ վախենալ անհաջողություններից, դա կարող է պատահել ցանկացած ստեղծագործողի հետ։ Պետք չէ վախենալ էքսպերեմենտներից, պետք չէ վախենալ կրկնել ինքդ քեզ։ Պետք է գտնել, փորձել, ստեղծել նաև ինչ-որ նոր բան, որը, իհարկե, վտանգավոր է, հաճախ չի ստացվում։ Բայց երբ այն ստացվում է՝  մեծ գեղագիտական հաճույք է պատճառում և՛  քեզ,  և՛  հանդիսականին:

- Տիկնիկային թատրոնը որքանո՞վ է  կարևոր  երեխայի համար:  

Տիկնիկային արվեստը ունի մոտ 2500 տարվա պատմություն, տիկնիկային թատրոնը երեխաների համար՝  մոտ 120 տարվա։ Տիկնիկային թատրոնը անչափ կարևոր է երեխաների համար՝ ազատ մտածելակերպ դրսևորելու տեսանկյունից։ Երեխաները ծնվում են ազատ մտածողությամբ, սակայն մենք ինքներս հետո փորձում ենք արհեստականորեն դնել որոշ սահմաններ։ Երեխայի մոտ որևէ զարմանք չի առաջացնում, օրինակ, կապույտ գույնի արևը։ Նա դա շատ հանգիստ ընդունում է, հասկանալով, որ օրվա այդ ժամին այն կարող է այդպիսին լինել։ Միայն ազատ մտածող մարդը կարող է արարել։ Երկիրը կարիք ունի ազատ մտածող, արարող քաղաքացիների։ Բայց թե որքանով դա կհաջողվի, կարևոր է, թե մենք ինչ ենք ցույց տալիս երեխաներին։ Երեխաների մոտ պետք է առաջացնել սեր դեպի գեղեցիկը, դեպի ազատությունը։ Ես կարծում եմ, որ այդ տեսակետից տիկնիկային թատրոնը շատ կարևոր է։ Այստեղ առավել կարևորում եմ ընտանեկան դիտումները։ Ընտանիքով գնալ որևէ մշակութային օջախ՝  սա էլ է մշակույթ։ Երբ տիկնիկային ներկայացման են գալիս խմբերով, դասարանով, իմ կարծիքով, դրան պետք է նախորդի փոքրիկ նախապատրաստական աշխատանք, որպեսզի երեխային պարզ դառնա, որ ներկայացումը դա պարզապես գրական գործի իլուստրացիան չէ, այլ մեկնաբանությունն է։ Եվ հեքիաթը առաջին հայացքից կարող է լինել մի բանի մասին, բայց ներկայացումը ունենա ուրիշ շեշտադրումներ։ Այստեղ կարևոր է, որ երեխաները թատրոն գան պատրաստ, որ լսելու, տեսնելու են ուրիշ բան, ոչ թե իրենց իմացածը։

- Թատրոնին կից գործում է հիմնադիր Պավլոս  Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկի թանգարանը, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում պատրասված, տարբեր երկրների թատրոնների նվիրած տիկնիկներ են  ցուցադրվում:    Ովքե՞ր են այդ թանգարանի այցելուները:

Այցելուները հիմնականում մեր հանդիսատեսն է։ Թանգարանը առաջ գտնվում էր մեր երկրորդ հարկում։ Մենք հատուկ իջեցրեցինք և տեղադրեցինք մեր սրահում, որպեսզի հանդիսատեսը, ով գնում է ներկայացում նայելու, ակամա շփվի այդ թանգարանի հետ։ Բայց թանգարանը ունի նաև իր գիտական մասը։ Հիմա ուրախ եմ, որ մեզ հաճախակի այցելում են նաև ուսանողները, որոնք ինչ-որ թեմա են ընտրել, որը կապված է տիկնիկային թատրոնի հետ։ Այս թանգարանում պահպանվել են բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, որոնցով կարողանում ենք օգնել այն երիտասարդներին, որոնք ընտրել են թեմա, որը այս կամ այն կերպ կապված է տիկնիկային թատրոնի հետ։

- Թատրոնի վերջին այս ավելի քան 20 տարիները լի էին ստեղծագործական անընդմեջ առաջընթացով, նորանոր ներկայացումներով,  իհարկե, նաև բազմաթիվ հյուրախաղերով, որոնք  էական նշանակություն ունեն թատրոնի միջազգային ճանաչման համար:  Արդյո՞ք այդ հյուրախաղերը նաև համագործակցության նոր ուղիներ ու հեռանկարներ են բացում:

Նախ մենք խոսեցինք արտասահմանյան հյուրախաղերի մասին, սակայն մեր թատրոնը ուղևորություններ է ունենում նաև Հայաստանով մեկ և Արցախում։ Ունեցել ենք բազմաթիվ ներկայացումներ  և՛ սահմանամերձ  գյուղերում, և՛  զորամասերում։ Սա ոչ պակաս կարևոր է մեզ համար, որքան արտասահմանյան հյուրախաղերը։ Որոշակի առաջարկություններ կան. դեռ անցյալ տարի Լեհաստանի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, և կարող է իրագործվի մի ընդհանուր ծրագիր՝  լեհ- հայ- ուկրաինացի դերասանների ու ռեժիսորների միջև։ Ցանկություն կա հրավիրվելու մի հրաշալի ռեժիսոր, հիմա բանակցություններ է գնում։ Նա  Եվգենի  Իբրահիմովն է, ով ապրում է Պրահայում, հինգ անգամ ստացել է ռուսական «Ոսկե դիմակ»  մրցանակը։ Այստեղ ամեն ինչ կախված է ֆինանսի հետ, հատկապես այն ամենը, ինչը կապված է միջազգային  կապերին։

-Պարոն Բաբայան, Դուք  վերջերս  նշեցիք, որ Հովհաննես  Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի  թատերախումբը  2020 թվականին հյուրախաղերով ելույթներ կունենա տարբեր երկրներում՝  ներկայացնելով մանուկների և մեծահասակների համար նախատեսված բեմադրություններ:  Կմանրամասնեք:

Ապրիլի 21-ին մենք մեկնելու ենք Կրակով՝  միջազգային փառատոնի, որտեղ ներկայացնելու ենք Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թևաբորը»  և Ռաֆայել Հակոբջանյանի  «Անառիկ Թոմի մեկնաբանությունները» ։  «Թևավորը»՝  դա դիմակներով ներկայացում է, իսկ Հակոբջանյանինը՝  դրամատիկ։ Մայիս ամսին հրավեր ունենք Կանադայից, ուր կտանենք մեր ստվերային ներկայացումը՝ «Մատնաչափիկը»։ Հունիս ամսին ևս կա նախնական պայմանավորվածություն. Մոսկվայում ցույց կտանք  «Քրիստոֆեր» ներկայացումը, որը բեմադրել ենք անցյալ տարի։ Կան ևս մի քանի հրավերներ,այդ թվում Զարուհի Անտոնյանի  «Ամպից պոկված հեքիաթը», մատներով ներկայացում է, որը հրավիրված է Կուրգան։ Կան բազմաթիվ հրավերներ, բայց նաև ֆինանսական խնդիրներ, որովհետև հրավիրող երկիրը՝ հոգալով բոլոր ծախսերը,  մեկնման հոգսը թողնում է մեզ վրա։

- Հանդիսատեսն  արդեն տեղյակ է , որ Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ  սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում։  Ձեր  ղեկավարած  թատրոնի նախաձեռնությամբ մարտի 3-ին և  այսօր  տեղի  կունենա ըստ  Օսվալդ  Զագրադնիկի  «Ժամացույցի զարկերը»  ներկայացման պրեմիերան: Մի  փոքր կպատմեք նախաձեռնության մասին:

Նախաձեռնության գաղափարը իմն էր։ Ես ուզում եմ, որ մեր թատերական կյանքը ազատականացվի, տաղանդավոր մարդիկ կարողանան բարձրանալ միևնույն բեմահարթակ։Այս ներկայացման մեջ ունենք երկու մեծահասակների կազմ, մեկ երիտասարդների։ Դերասանները ներկայացնում են վեց թատրոն։ Բացի նրանից, որ սա հետաքրքիր նախաձեռնություն է, մասնակիցները խոստովանեցին, որ իրենք մեծ հաճույքով մասնակցեցին, որ իրենց համար էլ հաճելի էր խաղալ ուրիշ դերասանների հետ մեկ բեմում։  Նաև սա մեծ դպրոց էր մեր երիտասարդների համար, ովքեր զբաղված էին այս ներկայացման մեջ։ Սա փորձ էր գնահատել մեր դերասաններին՝  իրենց կենդանության օրոք,  հասկանալ, թե ինչ մեծ գանձ է, ինչ մեծ հարստություն է ունենալ նման դերասաններ։ Դրա համար պետք է ստեղծել  բոլոր հնարավորությունները. խաղալ ուզած գործում, ուզած խաղընկերոջ հետ, իրենց ուզած թատրոնում։ Կարծում եմ, այս նախաձեռնությունը կունենան նաև շարունակություն։ Ուրախ եմ, որ նախաձեռնությանը ֆինանսավորել է ԿԳՄՍ նախարարությունը։ Ներկայացումից հետո արձագանքը բուռն էր։ Ներկայացումը ծերանոցում ապրող մարդկանց մասին է, բայց շատ լավ ընդունվեց երիտասարդների կողմից։ Այն նուրբ ներկայացում է, այն էմոցիոնալ է, այն անտարբեր չի թողնում ոչ մեկին։ Այն գուցե ստիպում է ուրիշ աչքերով նայել մեր շուրջը։ Մենք հաճախ փորձում ենք պիտակավորել մարդկանց, հաճախ մոռանալով, որ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, ով ունի իր կյանքի երջանիկ կամ ողբերգական պատմությունները և արժանի է ուշադրության և հոգատարության։ Եվ չնայած նրան, որ ներկայացումը ավարտվում է գլխավոր հերոսի մահով, բայց նա լուսավոր է։

- Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնն այսօր քանի՞ ներկայացում ունի, և նոր թատերաշրջանում ի՞նչ առաջնախաղեր կլինեն:                                                                                                                        Ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:

Այսօր թատրոնի խաղացանկում կա մոտ 45 ներկայացում, մի մասը մեծահասակների, մյուս մասը երեխաների համար։ Տարվա սկզբին մենք ունեցել ենք երկու առաջնախաղ։ Դա  Օրհան Փամուկի  «Իմ անունը Կարմիր է»  ներկայացումն է, որտեղ հիմնականում երիտասարդ դերասաններ են, նույնիսկ ուսանողներ։ Օսվալդ  Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը», ուզում ենք  «վերանորոգենք»  Պուշկինի «Ոսկե ձկնիկը», որը մեր թատրոնի ամենահին ներկայացումն է, բեմադրվել է 75թ.- ին։ Հետո մենք կբեմադրենք «Կարմիր գլխարկ»-ի  նոր տարբերակը,  «Վիննի թուխի» 3- րդ մասը,  Չեխովի  «Երեք քույրեր»-ի  վրա է աշխատանք տարվում։ Հնարավոր է նաև իմ ռեժիսորական բաժնի ավարտական կուրսի աշխատանքները հայտնվեն խաղացանկում։

- Ինչի՞ց  կարող  է  ոգեւորվել Ռուբեն  Բաբայանը:  Ո՞րն է  Ձեր  ներշնչանքի  աղբյուրը:

Ռուբեն Բաբայանը ոգևորվում է կյանքից։ Ամեն օր, երբ արթնանում եմ և հասկանում որ ողջ եմ, ապրում եմ, դա արդեն երջանկություն է։ Երջանկություն է, երբ քեզ նվիրվում են, երբ դու կարող ես մարդկանց ժպտալ և երբ քեզ են հանդիպում ժպտացող մարդիկ։ Երբ ինձ մոտենում են անծանոթ մարդիկ և շնորհակալություն են հայտնում, հասկանում եմ, որ մարդկանց պետք է միայն ու միայն քո խոսքը։

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

Ձեր ընթերցողներին կմաղթեմ, որ բաց աչքերով նայեն աշխարհին։ Փորձեն հաճույք ստանալ, հաճույք պատճառել դիմացինին, ժպտալ։ Երբեք կանգ  չառնել ինչ-որ բանի վրա, անընդհատ սովորել, չվախենալ  ոչ  մի  բանից։ Աշխարհը շատ մեծ է ու միաժամանակ   շատ փոքր, մենք բոլորս շաղկապված ենք իրար հետ ։ Այնպես որ փորձենք իրար բարություն տալ և ժպտալ։                                                                                                                  

 

Թամարա  Թորոսյան

 

 

 

Ռուբեն Բաբայան Թատրոնի միջազգային օր հարցազրույց

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին