Մարտի 13-ին ԱՄՆ-ի Մինիսոտա նահանգում կայացած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver վարկածով չեմպիոն Արամ Ավագյանը կարիերայի 10-րդ հաղթանակը տոնեց՝ մենամարտելով դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ (77:74, 76:74, 75:75):
Թեև 8-ռաունդանոց մենամարտի 1-ին և 2-րդ ռաունդներում նախաձեռնությունն Ագուերոյի կողմն էր, բայց Արամը կարողացավ դիմակայել. 3-րդ ռաունդից սկսած հայ մարզիկը կերպարանափոխվեց, սկսեց թելադրել իր կամքը և, ուժեղացնելով ճնշումը, հաղթեց մրցակցին՝ ընդհատելով Ագուերոյի անպարտելի հանդիպումների շարքը:
Անկախի հետ զրույցում Արամը կիսվում է մենամարտից ստացած տպավորություններով, խոսում դժվարությունների հաղթահարման, նպատակների իրագործման համար ոչնչից կանգ չառնելու, չնահանջելու և միշտ առաջ գնալու մասին:
-Շնորհավորում ենք անպարտելի մենամարտերի շարքը շարունակելու և տպավորիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: 10 ամիս ռինգ դուրս չէիք եկել: Այդ հանգամանքն անդրադարձա՞վ մենամարտի վրա:
-Շնորհակալ եմ շատ շնորհավորանքի համար: Իհարկե, մոտ մեկ տարի չմենամարտելը ինձ պես մարզիկի համար շատ լուրջ խնդիր էր, ինչն անհետևանք չմնաց. մենամարտի մեկնարկը վկայում է այդ մասին:
Մոտ 4,5 ամիս, նախքան Դետրոյթ մեկնելս, եղել եմ Լոս Անջելեսում և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ՝ ամեն օր սպասելով, որ ահա, ուր-որ է մենամարտ կանցկացնեմ:
Բայց հնարավոր չէ ուղղակի նման ծանրաբեռնվաությամբ աշխատել, օրը 2 պարապմունք անցկացնել և պատրաստ սպասել, թե երբ կմենամարտես, քանի որ մարզումները, սննդակարգը և շատ ու շատ նման բաներ, որոնք մարզիկի առօրյան են, չեն կարող հավերժ շարունակական լինել: Յուրաքանչյուր թոփ բռնցքամարտիկ հստակ գիտի իր մենամարտերի հաջորդականությունը, ուստի և լավ գիտի՝ երբ հանգստանալ, վերականգնվել և երբ նորից վերադառնալ սիրելի աշխատանքին:
Իմ պարագայում ամեն բան բարդ դասավորվեց, երկար ու ձիգ 4,5 ամիսներ, ծանրաբեռնված պարապմունքներ և արդյունքում ոչինչ: Հուսահատ վերադարձա հայրենիք և փորձեցի կապ հաստատել մարդկանց հետ և խնդրին լուծում տալ: Կապ հաստատելով Եվրոպայում բնակվող, ներկայիս մենեջեր Խաչատուր Խաչատրյանի հետ՝ պայմանագիր ստորագրեցի և 1 ամիս առաջ, նախքան մենամարտս, մեկնեցի Դետրոյթ: Հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել: Նախքան այդ էլ 4,5 ամիսների կուտակված արսենալս բավական հարուստ էր, ինչը և մեծ դեր խաղաց իմ մենամարտի 3-րդ ռաունդից սկսած:
-Դոմինիկացի մարզիկը բավական փորձառու էր, երբեք պարտություն չէր կրել ռինգում: Այդ հանգամանքը հոգեբանորեն կա՞րող է ճնշել: Հասցրե՞լ էիք ծանոթանալ Ագուերոյի գործելաոճին:
-Ագուերոյի մի քանի մենամարտ նայելով՝ գիտեի արդեն՝ ինչ պետք է անեմ ռինգում, բայց, նախքան մենամարտը, շատ խնդիրներ ունեցա, թե՛ անձնական, թե՛ գործնական: Թեպետ փորձում էի ընդհանրապես չմտածել այդ ուղղությամբ, այնուամենայնիվ լրիվ անջատվել չհաջողվեց:
Իմ հակառակորդների անպարտելի լինելն ինձ չի կարող վախեցնել: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, լինել համար առաջինը, պետք է կռվես և հաղթես ուժեղներին, այլապես իմա՞ստը այս գործով զբաղվելու: Ես մարզիկ չեմ, որը ձգտում է գեղեցիկ ռեկորդ ունենալ: Ես մարզիկ եմ, որն ուզում է դառնալ համար մեկը և պատրաստ եմ յուրաքանչյուրի դեմ մենամարտել:
- Մենամարտի սկզբնամասի նոկդաուններից հետո, դրևորելով իսկական մարզիկին վայել մարտական ոգի, կամքի ուժ՝ բեկեցիք ընթացքն ու հաղթանակ տոնեցիք:
-Իհարկե շոկային է, երբ մենամարտի սկզբում նոկդաունի ես ենթարկվում: Սկզբնամասը շատ բարդ դասավորվեց ինձ համար: Ես ուղղակի փորձեցի չկորցնել ինձ, սառը դատել ու մտածել, որ ամեն բան դեռ առջևում է, և ես կարող եմ բեկել մենամարտի ընթացքը: 3-րդ ռաունդից սկսած հակառակորդիս սկսեցի պրեսինգի ենթարկել՝ փորձելով հասցնել մաքսիմալ շատ հարվածներ: Գիտե՞ք, թե ինչ էր իմ մտքում, երբ ես 2-րդ անգամ հայտնվեցի ռինգի հատակին: Ես մտածում էի, որ կռվում եմ հանուն որդուս և իրավունք չունեմ պարտվելու: Սկսելով 3-րդ ռաունդից ճնշել հակառակորդիս՝ ես արդեն իսկ կոտրեցի նրան և 7-րդ ռաունդում անգամ նոկդաունի ենթարկեցի, բայց ռինգի մրցավարը չարձագանքեց: Չնայած դրան՝ թե՛ մեկնաբանները, թե՛ կողային մրցավարները դա հաշվի էին առել:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ քայլ է դեպի նպատակ, դեպի չեմպիոնական գոտի: Որքան էլ դա հաճելի չլինի չեմպիոններին, ես արդեն քայլ առ քայլ մտնում եմ նրանց «քթի տակ», և վաղ թե ուշ նրանք ինձ պետք է մենամարտ տան: Առաջիկայում կվերադառնամ հայրենիք, կհանգստանամ մի 2 շաբաթ և կրկին կվերսկսեմ մարզումներս: Հաջորդ մենամարտս էլ հավանաբար կանցկացնեմ մայիսին: