Սիրելի՛ ապագայի հայ.
Կներես ինձ, որ կորցրեցի ողջախոհությունս ու ոտնատակ արեցի սահմանադրությունը, քանզի տրվել էի մեկ հոգու քմահաճ սադրանքին: Անվերապահորեն հավատում էի նրան ու չէի էլ փորձում քննության առնել նրա քայլերն ու խոսքերը: Ինձ թվում էր, որ ես պայքարում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի, որում հաշտ ու խաղաղ ապրելու ես դու: Այնինչ` պարզվեց, որ այն ընդամենը մեկ քաղաքական թայֆայի հորինած «անցյալ» կոչվող ուրվականի դեմ կռիվ էր, ու որում ես ընդամենը մի քայլող «քվե» էի:
Ես չէի գիտակցում, որ ինձ գցել են մի անվերջանալի շրջապտույտի մեջ, որտեղից ելք չկա. պայքար սրա դեմ, պայքար նրա դեմ և այդպես շարունակ: Չէի հասկանում, որ իմ ու մեկ այլ հայի միջև սեպ խրողի նպատակներն ազնիվ չեն կարող լինել, իսկ այդ մշտական «պայքարներն» ընդամենը սեփական իշխանությունն ու հաստատված համակարգն անսասան պահելու միջոց են: Ինչ միամիտ էի ես, երբ կարծում էի, թե ահա, սրանցից էլ ազատվենք և վերջ, ամեն ինչ լավ կլինի, արդյունքում ընդամենը օրվա իշխանությունները դառնում էին ավելի սանձարձակ և մեծամիտ:
Ինձ մասնակից դարձրեցին այդ ավանտյուրային և ստիպեցին ատել բարեկամիս, հարազատիս, ընկերոջս ու հարևանիս ընդամենն այն բանի համար, որ նրանք համակարծիք չէին այդ մեկ հոգու ու նրա թայֆայի հետ: Ինձ հաճույք էին պատճառում քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու ու հրապարակավ ստորացնելու տեսարանները: Անհամբեր սպասում էի թաթիկներ կտրելու ու պատերին ծեփելու խոստումների իրականացմանը և տխրում, երբ ուշանում էր:
Այո, կռահեցիր, ինքս էլ շատ հաճախ հրապարակավ հայհոյել և անիծել եմ այդ այլախոհներին և դեմ չէի լինի, եթե նրանց հետ մի վատ բան պատահեր: Հակահայը հաղթել էր ինձ:
Ես այս ամենն ուշ հասկացա ու հուսով եմ, որ այն ինչ տեղի է ունեցել մեր ժամանակներում քեզ համար կդառնա պատմության լավ սերտած դաս:
Վերջում ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում քեզնից այս կորսված հնարավորության ու վատնած ժամանակի համար, ես կարող էի քեզ ավելի լավ Հայաստան թողնել:
Հ.Գ. Ամեն դեպքում ես հասցրեցի ուշքի գալ, և մենք Արցախը պահեցինք…