Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ԵՄ երկրների արտգործնախարարներին կոչ է արել արտակարգ նիստ գումարել Իդլիբի թեմայով:
Բորելը հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Իդլիբում տեղի ունեցող զարգացումների հետևանքով հնարավոր հումանիտար ճգնաժամը կանխելու համար: ԵՄ պաշտոնյան կարևորել է Իդլիբում հրադադարի հաստատումը:
Հայտարարության մեջ Բորելը անդրադարձել է նաև Հունաստանի սահմանին կուտակվող սիրիացի փախստականների վիճակին:
«Մենք ուշադիր հետևում ենք մեր արտաքին սահմանների միգրացիոն վիճակին: Պետք է իրականացնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի պահանջները: Մենք աջակցում ենք Հունաստանին ու Բուլղարիային»,- ասել է Բորելը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 23 թուրք զինվորականի սպանությունից հետո Անկարան հայտարարեց, որ այլևս ի վիճակի չի պահել Սիրիայից Թուրքիա շարժվող փախստականներին:
Հայտարարությունից հետո Թուրքիան բացել է Եվրոպայի հետ (թուրք-հունական ու թուրք-բուլղարական) սահմանը՝ թույլ տալով, որ փախստականները կարողանան անցնել Եվրոպա:
Վերջին օրերին Թուրքիայի տարբեր շրջաններից դեպի Եվրոպա են շարժվում տասնյակ հազարավոր փախստականներ և կուտակվում հիմնականում թուրք-հունական սահմանին: Հունաստանը սահմանը փակել է ու ամեն կերպ փորձում է թույլ չտալ փախստականների մուտքը երկիր:
Փախստականների զգալի մասն էլ Էգեյան ծովով նավերով շարժվում են հունական կղզիներ: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախար Սուլեյման Սոյլուի՝ այս պահին արդեն Թուրքիայի տարածքը լքել են ավելի քան 100.000 փախստական: