Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ դյուցազունները 2-ական ոսկե և 2-ական բրոնզե մեդալներ նվաճեցին:
60 կգ քաշային կարգում աշխարհամասի ուժեղագուն մարզիկի տիտղոսը նվաճեց 26-ամյա Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում հայ մարզիկը պատվաբեր հաղթանակ տոնեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալի հետ պայքարում՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Գևորգն այս կոչման արժանանալու համար դժավարություններով և փորձություններով, բայց և հաստատուն քայլերով ճանապարհ է անցել, ինչի մասին և պատմում է Անկախի հետ զրույցում:
-Շնորհավորում են աշխարհամասի կարևորագույն ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
Շնորհակալ եմ: Լավ նախապատրաստական շրջան էի անցել. մարզիչներիս հետ մարզումային գործընթացը ճիշտ կազմակերպելով՝ մարտական տրամադրված մոտենալով առաջնությանը: Եվ կարողացա հաջողության հասնել: Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի. կարողացա հաղթել՝ իմ ազգին ուրախություն պարգևելով: Մեծ արձագանք ստացա՝ եզրափակչում թուրք ըմբիշին հաղթելով: Դրա համար անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կողքին էին այն ժամանակ, երբ շատ լուրջ խնդիրներ ունեի,:
- Մեկը մեկից տպավորիչ հաղթանակներ տոնեցիք` պարտության մատնելով բուլղարացի, ադրբեջանցի, էստոնացի մարզիկներին. որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք:
-Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտին շատ լուրջ էի տրամադրվել. սկզբունքային էր ինձ համար այդ պայքարը: Ունեի նպատակ՝ ամեն գնով հաղթելու: Վերջինս ոչ սպորտային վարքագիծ դրսևորեց գորգի վրա. շատ էր հարվածում, ճիշտ չէր իրեն պահում: Կարողացա մաքուր հաղթանակի հասնել՝ 8:0 հաշվով: Դրանից հետո հասկացա, որ մոտ եմ չեմպիոնությանը, ոսկե մեդալին, որը կյանքիս երազանքներից է:
Կար լարվածություն ու պատասխանատվություն եզրափակիչ գոտեմարտից առաջ: Նույն նպատակն ունեի նաև թուրք մրցակցի հետ պայքարում. պետք է ամեն ինչ մի կողմ դնեի, ողջ ուժերս ներդնեի այդ հաղթանակին հասնելու համար: Համառ պայքար ստացվեց: Նշեմ, որ թուրք ըմբիշը բավական լավ մարզիկ է՝ տիտղոսակիր, փորձառու և պատրաստված:
-Կա՞ պատսխանատվություն, երբ մեր երկիրն ու հայոց եռագույնը ներկայացնում եք միջազգային հարթակում:
-Միանշանակ կա մեծ պատասխանատվություն. իմ մարզիչների, ընտանիքի, մարզական ընկերների, հայրենակիցների հույսերը պետք է արդարացնեի հատկապես այս ստուգատեսում:
Վնասվածքների և տարբեր խնդիրների պատճառով վերջին տարիներին չէր հաջողվում հաջողություն գրանցել: Այս անգամ ճիշտ մոտեցա, լավ տրամադրված իմ մարզիչների հետ: Պատասխանատվությոնը մեծ էր, որովհետև եկել էր, հասունացել էր պահն ու ժամանակը իմ խոսքն ասելու, այդ հաղթանակը կերտելու և մեդալ նվաճելու: Ես ավելի շուտ պետք է լուրջ հաղթանակների հասնեի: Կարևոր էր ինձ համար, որ ամեն բան ստցավեց: Սա դեռ սկիզբն է. մեծ նպատակներ ունեմ սպորտում:
-Օդնավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավերցնին. երկրպագուները և բազմաթիվ մարդիկ եկել էին շնորհավորելու և հաղթանակի բերկրանքը կիսելու:
-Զգացողություններն անբացատրելի են: Ժամանելով Երևան՝ զգացի, թե որքան ուրախ են ոչ միայն հարազատներս, ընկերներս, մտերիմներս, այլև ողջ հայությունը: Բոլորը երջանիկ և հպարտ էին և մեծ ոգևորությամբ եկել էին մեզ դիմավորելու: Դրանից հետո հասկացա, որ ավելին պետք է անեմ, նոր բարձունքներ նվաճեմ, որպեսզի կարողանամ միշտ ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ լուսաբանում են մեր ելույթները, ապրումները ներկայացնում են`էլ ավելի ոգևորելով: Ամեն ինչ անելու ենք հայոց եռագույնն ամենավերևում ծածանելու, մեր հայրենակիցներին նման պահերով ու հաղթանակներով ուրախացնելու համար:
-Կարևոր է նաև, որ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը: Մեկդ մյուսի ելույթներով ոգևորվու՞մ եք:
- Հավաքականի տղաներով գնացել էինք հաղթելու: Մեր թիմում, ջերմ, համերաշխ, ընտանեկան մթնոլորտ է: Միայն սպորտով չի սահմանափակվում մեր ընկերությունը: Մենք երկար տարիներ միասին ենք, մեկս մյուսի նկատմամբ սրտացավ: Մեծ ուրախություն էր, որ կարողացանք մեդալներ նվաճել: Մենք ունենք հզոր թիմ: Մեր հավաքականի բոլոր տղաներն արժանի են հաղթանակի և պատրաստ են մեդալներ նվաճել ու բարձր պահել երկրի պատիվը: Շնորհավորում եմ ընկերներիս՝ բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանին, Կարապետ Չալյանին և ոսկե մեդալակիր, անպարտելի Արթուր Ալեքսանյանին նվաճած մեդալների համար:
-Ձեր օրինակով ապցուցում եք, որ անհնարին ոչինչ չկա և դժվարություններ հաղթահարելով` կարելի է հասնել նպատակների իրագործմանը:
-Պետք է չհանձնվել և առաջ շարժվել: Եթե տեսնում ես քո երազանքը, ապա պետք է ոչնչի առաջ կանգ չառնել և համբերատար գնալ երազանքի հետևից ՝ուշադրություն չդարձնելով կողմնակի կարծիքներին: Շատ դժվարություններ կան այդ ճանապարհին, որոնք հարկավոր է հաղթահարել, զրկանքների միջով անցնել, շատ բաներից հետ ընկնել, բայց այդ ամենի դիմաց՝ հասնել երազանքին:
Ուսի 2 ծանր վիրահատություն եմ տարել, բժիշկն անգամ հույս չէր տալիս, որ կկարողանամ հետագայում մազրվել, թեև խոստացել էր ամեն ինչ անել, սակայն ոչինչ չերաշխավորելով: Անգամ առօրյայում չէի կարողնում ոչինչ անել, ուր մնաց թե մտածեի մարզվելու մասին. շարժումներս սահմանափակ էին: 4 տարի շարունակ ծանր ապրումներ եմ ունեցել`վիրահատություններ, վերականգնողական շրջան և չնահանջելով գնացել եմ մինչև վերջ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
Այս հաղթանակն ինձ տվեց մեծ հույս, որ պետք է առաջ շարժվեմ, չբավարարվեմ ձեռք բերվածով: Սա սկիզբը պետք է լինի հետագա հաջողությունների: Ամեն բան անելու եմ, որ օլիմպիական ուղեգիր ձեռք բերեմ: Այժմ օլիմպավանում մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների`առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարում հանդես գալու նպատակով: